Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն անդրադարձավ երեկ վարչապետի արած այն հայտարարությանը, թե Երևանը պոլիգոնի է վերածվել: Նշենք, որ վարչապետը նման հայտարարություն արել էր առաջին տպարանի շենքը պայթեցման եղանակով քանդելու կապակցությամբ: Արեյանը նշեց, որ վարչապետի պահանջը և հանձնարարականը եղել է, որ հարցը կանոնակարգվի թե՛ օրենսդրորեն, թե՛ կազմակերպական առումով:
Ըստ փոխքաղաքապետի՝ քաղաքապետարանը պայթեցման միջոցով քանդելու թույլտվություն չի տվել: «Քաղաքապետարանը տվել է պաշտոնական հաղորդում, ըստ որի` տվել է քանդման թույլտվություն, բայց քաղաքապետարանի հաղորդման մեջ թույլտվություն չի եղել` պայթեցման միջոցով իրականացնել շենքի քանդումը»,- ասաց նա:
Արեյանի խոսքով` ամբողջ պատասխանատվությունը ստանձնել է կառուցապատողը և հայտարարել, որ ինքն է դիմել համապատասխան լիցենզավորված կազմակերպությանը, իրավասու մարմիններին` պայթեցման եղանակով քանդումը կազմակերպելու համար: Նա նաև նշեց, որ քաղաքապետարանը դիմում չի ստացել քանդման թույլտվության մասին: «Այս ամբողջի պատասխանատվությունն էլ ստանձնել է կառուցապատողը: Քանդել է հենց պայթեցման եղականով` լիցենզավորված, պայթուցիկ ներկրելու իրավունք ունեցող կազմակերպության միջոցով»,- ասաց Արեյանը:
Հարցին` տպարանի շենքն իրենից արժեք ներկայացնո՞ւմ էր փոխքաղաքապետի համար, նա արձագանքեց. «Ինձ համար հիմք է մշակույթի նախարարի հայտարարությունը, որ շենքը չի եղել պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի շարքում, և ըստ այդմ էլ` դրա վերաբերյալ որոշակի սահմանափակումներ չեն եղել»:
Արեյանի կարծիքով` Երևանն անընդհատ արդիականացման և թարմացման կարիք ունի: «Երևանում այնքան կիսատ գործեր կան` կառուցապատման հետ կապված, այնքան թաղամասեր կան, որ պետք է վերակառուցվեն, դառնան արդիական, ժամանակակից մայրաքաղաքին վայել թաղամասեր, բայց ոչ այն շենքերի հաշվին, որոնք իրենցից պատմամշակութային արժեք են ներկայացնում: Դրանք չպետք է փչացնել, ավերել, վնասել»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է տպարանի շենքի՝ պատմամշակութային արժեք լինելուն, Արեյանը նշեց, որ այդպիսի շենքեր շատ են եղել քաղաքում, որոնք իրենց ֆիզիկական վիճակով, դիմանալու առումով սպառել են իրենց ժամանակը: