Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագծով` բացառվում են կրկնվող երթուղային գծերը, չեն լինելու վատ կամ լավ գծեր, նախատեսվում է քաղաքում ունենալ 42 երթուղի ներկայումս գործող 115-ի փոխարեն: Այս մասին այսօր լրագրողներին ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ, հասարակական տրանսպորտի բարեփոխումների աշխատանքային խմբի ղեկավար Վահե Նիկոյանը։
Նրա խոսքով՝ Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցը կապահովի քաղաքի ամբողջական ծածկույթը: «Գործող ցանցը, ըստ էության, կրկնվող երթուղիների ամբողջություն է, իսկ նոր ցանցը գործելու է փոխլրացման սկզբունքով՝ ապահովելով ծախսերի էական տնտեսում, բեռնաթափելով Երևանի փողոցներն ու կանգառները: Նոր ցանցով երթուղիները ոչ թե կրկնելու են միմյանց, այլ շարունակելու: Բացի այդ՝ նոր ցանցը հաշվի է առել միկրոավտոբուսների բացառման հանրային պահանջը և դրանց շահագործման անարդյունավետությունը»,- ասաց Նիկոյանը:
Նա նշեց նաև, որ Երևանում այսուհետ կգործեն 939՝ մեծ և միջին տարողության ավտոբուսներ ներկայումս գործող 2040 տրանսպորտային միջոցների փոխարեն: Բացի այդ՝ նոր ցանցի մաս կկազմի ամբողջովին նորացված տրոլեյբուսների պարկը:
«Այս քանակը լիարժեքորեն բավարար է լինելու` ապահովելու համար տրանսպորտի սպասարկումը Երևան քաղաքում: Ինչ վերաբերում է մեծ ավտոբուսներին, ապա ես հիմնավոր չեմ համարում կարծիքները, թե դրանք կարող են խնդիրներ առաջացնել երթևեկության համար: Մենք ուսումնասիրել ենք միջազգային փորձ: Շատ եվրոպական քաղաքների ավելի նեղ փողոցներում շահագործվում են նման ավտոբուսներ, ու որևէ խնդիր չի առաջանում: Բացի այդ՝ որոշ փողոցներում ավտոբուսների համար երթևեկելի առանձին գոտի կլինի: Եթե պարզվի, որ որևէ փողոցում մեծ տեղատարողությամբ ավտոբուսը խոչընդոտ է առաջացնում, մենք կլուծենք այդ խնդիրը»,- ասաց Նիկոյանը՝ հավելելով, որ ուղևորափոխադրումն այսուհետ ավելի արագ է կատարվելու:
Ըստ նրա՝ հասարակական տրանսպորտը Երևանի փողոցներում պետք է ունենա գերակայություն:
«Չվացուցակի համար հասարակական կարծիքն ենք հաշվի առել, ըստ այդմ՝ հասարակական տրանսպորտը կսկսի իր գործունեությունն առավոտյան ժամը 6:45-ին՝ գործող ցանցի ժամը 7-ի փոխարեն, և կավարտվի կեսգիշերին՝ գործող ցանցի ժամը 11-ի փոխարեն: Կարևոր է նաև այն հանգամանքը, որ ծանրաբեռնված ժամանակահատվածում տրանսպորտը կաշխատի 5 րոպե հաճախությամբ»,- ասաց Նիկոյանը:
Մեկ ուղևորության համար, ըստ նրա, ուղևորը կվճարի մեկ անգամ՝ անկախ նրանից, թե այդ ընթացքում քանի տրանսպորտային միջոց կփոխի: