կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-10 19:06
Քաղաքական

Քաղաքապետարանը վստահեցնում է, որ լուծելու է վերելակների թարմացման խնդիրը

Քաղաքապետարանը վստահեցնում է, որ լուծելու է վերելակների թարմացման խնդիրը

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է վերելակների խնդրին.

«Նախ, ուզում եմ գլխանց շեշտել, որ քաղաքային իշխանությունը հանձնառու է թարմացնել վերելակների ֆոնդը, և վերելակները թարմացվելու են:

Մի քանի լրատվամիջոց քաղաքապետ Մարությանի այսօրվա ճեպազրույցից առանձնացրել է այն հատվածը, որտեղ ասվում է, որ վերելակների թարմացման համար վճարելու են բնակիչները՝ փորձելով դա ներկայացնել որպես «անակնկալ»:

Կարծում եմ, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ երկրի հանրային ոլորտում ցանկացած աշխատանք՝ սկսած միջպետական ճանապարհներ կառուցելուց, բանակի համար սպառազինություններ ձեռք բերելուց, մինչև մայթերի եզրաքարերի վերանորոգելն ու ցանկապատերը ներկելը, արվում է ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ՝ նրանց վճարած հարկերի եւ տուրքերի միջոցով:

Նույն կերպ, վերելակների թարմացումը տեղի է ունենալու բնակիչների անմիջական մասնակցությամբ: Քաղաքը մշակելու է այն մեխանիզմը եւ գտնելու է այն միջոցները, (վարկային, դրամաշնորհային և/կամ այլ), որոնց շնորհիվ վերելակների թարմացման գործընթացը քաղաքացիների համար առավելագույնս մատչելի եւ ընդունելի կլինի: Սա՛ է հանրային կառավարումը և այստեղ նոր բան պետք չէ փնտրել:

Ի դեպ, հիմա էլ են քաղաքացիները վճարում վերելակների սպասարկման համար, բայց վճարում են հին ու ոչ միշտ անվտանգ վերելակների համար, իսկ քաղաքապետարանի ներկայացրած մեխանիզմով վճարելու են միանգամայն նոր ու անվտանգ վերելակների համար:

Հիմա՝ կատարված և կատարվելիք աշխատանքի մասին. քաղաքապետարանը արդեն ավարտին է հասցնում վերելակների ամբողջական թարմացման ծրագիրը, այն հանրության դատին կներկայացվի մոտ օրերս: Վերելակների՝ տասնամյակներով ձգված հարցի լուծմանը քիչ է մնացել»: