կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-26 14:07
Տարածաշրջան

Ստամբուլի նորընտիր քաղաքապետը պատմել է, որ հայ ճարտարապետի շնորհիվ է իր ծննդավայրը նորովի բացահայտել

Ստամբուլի նորընտիր քաղաքապետը պատմել է, որ հայ ճարտարապետի շնորհիվ է իր ծննդավայրը նորովի բացահայտել

Ստամբուլի նորընտիր քաղաքապետ, ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության (CHP-ՀԺԿ) առանցքային գործիչներից Էքրեմ Իմամօղլուն նախընտրական քարոզարշավի ժամանակ խոսել է իր համար նշանակալի դեր ունեցած հայ ճարտարապետի մասին. հաղորդում է ermenihaber.am կայքը:

Հեռուստաեթերից պատմելով այդ մասին՝ Իմամօղլուն մի դրվագ է ներկայացրել իր կյանքից։ Նշել է, որ 1990-ական թվականներին իր մերձավոր շրջապատում մի հայ ճարտարապետ կար, որը լիովին փոխել է քաղաքների ու շինությունների մասին իր պատկերացումները։ Խոսքը Թուրքիայում հայտնի հայազգի ճարտարապետ Զաքարիա Միլդանօղլուի մասին է։

Նորընտիր քաղաքապետը վերհիշել է, թե ինչպես է հայ ճարտարապետի հետ շրջել իր ծննդավայր Տրապիզոն քաղաքում։ Իմամօղլուն առաջարկել է գնալ քաղաքից դուրս և բնության գրկում զբոսնել, բայց հայ ճարտարապետը առարկել է՝ ասելով, որ Տրապիզոն քաղաքում դիտարժան շատ վայրեր կան։

Իմամօղլուն զարմացել է, թե Տրապիզոնում, բացի բետոնե շենքերից, ուրիշ ի՞նչ կա տեսնելու, բայց չի առարկել և, նրա խոսքով, Զաքարիա ճարտարապետի ուղեկցությամբ, նորովի է բացահայտել իր իսկ ծննդավայրը և դրանից հետո սկսել է բոլորովին այլ աչքով նայել Տրապիզոնին: