կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-18 09:54
Տարածաշրջան

Ստամբուլի նորընտիր քաղաքապետը վերջապես ստացավ մանդատը

Ստամբուլի նորընտիր քաղաքապետը վերջապես ստացավ մանդատը

Երեկ Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովը հանձնեց Ստամբուլի քաղաքապետի մանդատը քեմալական Հանրապետական-ժողովրդական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուին: Իմամօղլուն մարտի 31-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքներով առավելության էր հասել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածու, Թուրքիայի նախկին վարչապետ և ԹԱՄԺ նախագահ Բինալի Յըլդըրըմի նկատմամբ:

Սկզբնական արդյունքներով` Իմամօղլուն 12 մլն ընտրող ունեցող Ստամբուլ քաղաքում ստացել էր ընդամենը 29.000 քվեների առավելություն մրցակցի նկատմամբ: Սակայն ԱԶԿ-ի բողոքարկման արդյունքում անվավեր ճանաչված քվեների վերահաշվարկ տեղի ունեցավ, և ձայների առավելությունը նվազեց մինչև 13.000-ի:

ԱԶԿ-ն ապրիլի 16-ին պաշտոնապես դիմել էր ԲԸՀ` Ստամբուլի ընտրության արդյունքները չեղյալ հայտարարելու և կրկնընտրություն կազմակերպելու պահանջով: Նույնն արել էր նաև ԱԶԿ-ի հետ դաշինք կազմած «Ազգայնական շարժում» կուսակցությունը:

Չնայած ԱԶԿ-ի ջանքերին` 18 օր տևած վերահաշվարկներից ու քննարկումներից հետո ԲԸՀ-ն երեկ վերջապես հանձնեց մանդատը Իմամօղլուին: Նորընտիր քաղաքապետն արդեն շնորհավորանքներ է ստանում, ինչպես թուրքական կուսակցություններից (մասնավորապես` քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից), այնպես էլ արտասահմանից:

Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ կուսակցությունը շարունակելու է օրենքի շրջանակներում պահանջել ընտրության չեղարկում: Չեղարկման վերաբերյալ ԲԸՀ-ն դեռևս ոչ մի հայտարարություն չի արել: