Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանի նախագահ Հասան Ռոհանին Մերձավոր Արեւելքում ներկայիս լարվածության պատճառ է համարում ԱՄՆ-ի տնտեսական պատերազմն Իրանի ժողովրդի դեմ: Նա այդ մասին հայտարարել է երեկ՝ հունիսի 12-ին, Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:
«Տարածաշրջանում ներկայիս լարվածության պատճառն ԱՄՆ-ի տնտեսական պատերազմն է Իրանի ժողովրդի դեմ: Եթե այս պատերազմը դադարեցվի, տարածաշրջանում եւ աշխարհում դրական փոփոխությունների ականատեսը կլինենք»,- ասել է նախագահը` հավելելով. «Իրանի Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանում պատերազմ չի սկսի, նույնիսկ` ԱՄՆ-ի հետ: Բայց եթե ցանկանում են պատերազմ սկսել Իրանի դեմ, ապա դրան վճռական պատասխան կտանք»:
Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ Ռոհանին նշել է, որ դրանք պատմական անցյալ ունեն, եւ այս տարի երկու երկրները նշում են դրանց ձեւավորման 90-ամյակը:
«Այն փաստը, որ Ճապոնիան հետաքրքրված է իրանական նավթի գնմամբ, երաշխավորում է երկկողմ հարաբերությունների զարգացումը»,- ընդգծել է Ռոհանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգության հարցեր: «Մենք շատ ուրախ ենք, որ Ճապոնիան շարունակում է աջակցել Միջուկային համապարփակ համաձայնագրին եւ գիտակցում է համաձայնագրի կարեւորությունը տարածաշրջանի եւ աշխարհի համար»,- ասել է Ռոհանին:
Նա ճապոնիայի վարչապետին կոչ է արել սկսել Իրանի եւ Ճապոնիայի միջեւ համագործակցությունը խաղաղ միջուկային տեխնոլոգիաների ոլորտում: