կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-04 14:26
Մշակույթ

Պետության վրա բեռ դառնալ չենք ուզում. Համազգային թատրոնի տնօրեն

Պետության վրա բեռ դառնալ չենք ուզում. Համազգային թատրոնի տնօրեն

Սոս Սարգսյանի անվան  Համազգային թատրոնում ստեղծագործական կյանքը եռում է: Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանն ու նորընտիր տնօրեն Արման Նավասարդյանը հայտնեցին, որ առաջիկայում հանդիսատեսի դատին են հանձնելու «Լոռեցի Սաքոն»` նվիրված Հովհաննես Թումանյանի 150 և Սոս Սարգսյանի 90-ամյակներին: Ներկայացման բեմադրող ռեժիսոր Նարինե Գրիգորյան տեղեկացրեց, որ հիմնական ասելիքը հետևյալն` ինչ ենք ասում երեխային, ու վաղը, մյուս օրն ինչ կարող ենք ստանալ` մեր տվածին ի պատասխան` հաշվի առնելով թե՛ մուլտֆիլմերը, որ դիտում են, թե՛ համացանցից նրանց վերցրածը:

«Սաքոյին նանն այնպիսի բաներ պատմեց, ինչի հետևանքով Սաքոն խելագարության հասավ, ու դա ահազանգ է` ի՞նչ ենք փոխանցում երեխաներին այսօր: Ինչպես գիտեք` Թումանյանը «Լոռեցի Սաքո»-ի երեք տարբերակ է ունեցել, նա նկատողություններ էր ստանում նախկին տարբերակների մասով, վերջին տարբերակում շատ բան կրճատ էր ներկայացրել: Պիեսի մեջ հին տարբերակներից էլ ենք հատվածներ վերցրել: Նախնական տվյալներով` պրեմիերան տեղի կունենա հուլիսի 19-20-ը»,- հայտնեց Գրիգորյանը:

Նա տեղեկացրեց նաև, որ հուլիսի վերջին մեկ այլ նոր ձևաչափով են հանդես գալու. Գարի Քյոսայանի հետ համերգ-ներկայացում են պատրաստել` նվիրված աշխարհահռչալ Շառլ Ազնավուրին:

Yerkir.am-ի հարցին, թե օրերս Բեյրութից Հայաստան ժամանող` Համազգայինի «Գասպար Իփեկյան» թատերախմբի հետ համատեղ ներկայացում լինելո՞ւ է, թատրոնի տնօրենը դրական պատասխան տվեց: Փակագծեր բացելով` նշեց, որ թատերախումբը հունիսի 10-ին հանդես կգա Գյումրու Վարդան Աճեմյանի անվան թատրոնում, 12-ին` Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնում, 13-ին` Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում:

«Բեյրութում որոշվեց` պետք է  համագործակցությունը: Չեմ կարող ասել, թե ում կողմից եղավ առաջարկը, բայց որոշվեց այդպես: Ներկայացման մեջ ես էլ պետք է խաղամ, թեև նրանք այնտեղ մեկ-երկու անգամ արդեն խաղացել են: Ինձ տեսագրություններ են ուղարկում, որ հասկանամ` ինչ պետք է անեմ: Նշեմ, որ ես խաղալու եմ Կազանովայի դերը»,- ասաց Արման Նավասարդյանը:

Դառնալով թատրոնի նոր շենքի կառուցմանն ու պետությունից աջակցություն ստանալուն` նա նշեց, որ մշակույթի նախարարությունն աջակցել ու ֆինանսավորել է մի շարք հարցերում, ապա ընդգծեց` պետության վրա բեռ դառնալ չեն ուզում: «Ամեն անգամ պետք չէ ուզել պետությունից, պետք է աշխատելու ճիշտ ձևերը գտնել, հովանավորներ գտնել, որ սիրում են թատրոնը ու կարող են ֆինանսավորել: Ինչ վերաբերում է թատրոնի շենքին, ապա նոր շենքի շինարարությունն ինտենսիվ կերպով առաջ է գնում, ու մենք 2020-ին կունենանք նոր շենքը: Բայց մի կարևոր բան կաի մասին եմ ուզում բարձրաձայնել` կառուցապատողը հոգում է միայն շինարարական հարցերը, իսկ մասնագիտական կահավորումը` ձայնային ու լուսային համակարգի ներդրումը, բեմի հարդարանքը, մենք պետք է հոգանք»,- ասաց թատրոնի տնօրենը: