կարևոր
904 դիտում, 3 ժամ առաջ - 2025-03-10 22:55
Հասարակություն

Տնօրեն առ տնօրեն նշանակվելու են՝ թքելով օրենսդրության, համակարգերի, երկրի վրա․ Անուշ Պողոսյան

Տնօրեն առ տնօրեն նշանակվելու են՝ թքելով օրենսդրության, համակարգերի, երկրի վրա․ Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը գրում է․

«2023 թվականին մեծ շուքով բացվեց Մարտունու բժշկական կենտրոնը, այնուհետ կարճ ժամանակ անց պարզվեց, որ շինարարությունը անորակ է, վարչապետի մասնակցությամբ բացված բժշկական կենտրոնը բացման ենթակա չէր։ Դրա հետևանքով նույնիսկ Առողջապահության նախարարության պաշտոնյաներ ազատվեցին աշխատանքից՝ փոխնախարարը և ԾԻԳ-ի պետը։ Մարտունու ԲԿ-ի տնօրեն Անդրանիկ Հարությունյանը ևս ազատվեց աշխատանքից, սակայն 1-2 ժամ հետո նշանակվեց ժամանակավոր պաշտոնակատար։ Եվ ահա մարտի 3-ին, 1 տավա մեջ 4-րդ անգամ կայացավ Մարտունու ԲԿ- ի մրցույթը։ Եվ այսպես, 2024 թվականի դեկտեմբերի 2-ին Անդրանիկ Հարությունյանին հանձնաժողովը քվեարկությամբ 7 կողմ ձայնով չթողեց մասնակցել մրցույթին, քանի որ չուներ 3 տարվա մասնագիտական ստաժ։

Սակայն դա չխանգարեց Գեղարքունիքի մարզպետին Անդրանիկ Հարությունյանին նշանակել ժամանակավոր պաշտոնակատար։ Ի դեպ ես դիմել էի ՊՎԾ, այդ նշանակման օրինականությունը պարզելու համար, սակայն առ այսօր պատասխան չկա։ Վերջի մրցույթի ժամանակ ՀՀ ԱՆ կողմից գործուղված հանձնաժողովի անդամները նորից փաստեցին, որ Անդրանիկ Հարությունյանը չունի մասնագիտական կամ հանրային ծառայողի ստաժ, սակայն մարզպետարանի կազմը անսասան էր, և 3 դեմ 4 կողմ ձայներով Անդրանիկը մասնակցեց մրցույթին և չհաղթահարեց այն։ Անդրանիկ Հարությունյանը, որը անգամ չգիտեր, թէ ինչ է բժշկական կենտրոնի զարգացման ծրագիրը և էլեկտրոէնցեֆալոգրաֆիան չէր համարում բժշկական ծառայություն, համարեց, որ ՀՀ ԱՆ պաշտոնյաները իրեն հանդեպ արդար չեն վերաբերվել և բողոքարկեց հանձնաժողովի որոշումը։ ԵՎ ահա այսօր Գեղարքունիքի մարզպետը Անդրանիկին նշանակեց տնօրեն՝ անտեսելով ՀՀ ԱՆ մասնագիտացված վարչությունների ղեկավարների կարծիքը, դիտորդների ներկայությունը, անհայտ ծագումնաբանությամբ թղթերի և տեղեկանքների առկայությունը։

Կարծում եմ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ, ՊՎԾ-ն, ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ, ՀՀ ԱՆ ԽԻՍՏ ԱՆԵԼԻՔ ՈՒՆԵՆ՝ ուսումնասիրելու Անդրանիկի ներկայացրած փաստաթղթերի իսկությունը, գոնե մարզպետին մի հարց տան՝ ինչու՞ է թքում պետական համակարգի վրա։

Հ․ Գ․ Ակամայից հիշեցի Հռոմեական կայսր Կալիգուլային, որն իր ձիուն վերաբերվում էր առանձնահատուկ շքեղությամբ. պատմիչները նշում են, որ նա Ինկիտատուսին պահում էր մարմարե ախոռում, տալիս էր ոսկե ամաններից ուտելիք, իսկ որոշ աղբյուրների համաձայն՝ նա նույնիսկ պլանավորում էր ձիուն սենատոր կարգել»։