կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-24 17:56
Մշակույթ

Թբիլիսիի Ադամյանի անվան հայկական թատրոնի անձնակազմի` անօթևան մնալը չի ազդել թատրոնի ստեղծագործական որակի վրա

Թբիլիսիի Ադամյանի անվան հայկական թատրոնի անձնակազմի` անօթևան մնալը  չի ազդել թատրոնի ստեղծագործական որակի վրա

ՀԹԳՄ պատվիրակությունը 2015-ին պարբերաբար այցելել է Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան պետական հայկական թատրոն:

Ամփոփելով Հայաստանի թատերական գործիչների միության 2015-ը` ՀԹԳՄ նախագահ  Հակոբ Ղազանչյանը նշեց, որ նոյեմբերի 9-ին Թբիլիսիի Շ. Ռուսթավելու անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում կայացել է Թբիլիսիի Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի «Սովորական պատմություն» /ըստ Մ. Լարդոյի պիեսի/ ներկայացման առաջնախաղը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանի բեմադրությամբ: 

«Պետք է ասեմ, որ դալիճը լեփ-լեցուն էր, և ներկայացումն անցավ շատ մեծ հաջողությամբ: Հանդիսատեսը երկար ժամանակ բաց չէր թողնում ստեղծագործական խմբի անդամներին: Այս փաստը մեկ անգամ ևս ուրախացրեց մեզ, քանի որ մենք տեսանք արդեն մի քանի տարի դժվար պայմաններում աշխատող թատրոնի կոլեկտիվի ստեղծագործական կենսունակությունն ու նվիրումը: Շատ ուրախալի է, որ այս թատրոնում աշխատում են տաղանդավոր մարդիկ, և նրանց` անօթևան մնալը բացարձակապես չի ազդել թատրոնի ստեղծագործական որակի վրա»,- ասաց Ղազանչյանը` շնորհակալություն հայտնելով թատրոնի ստեղծագործական կազմին, որը դժվարին պայմաններում, այնուամենայնիվ, կարողացավ պահել-պահպանել թատրոնը և աշխատել:

Խոսելով թատրոնի շենքի ներկայիս վիճակի մասին`  նա նշեց, որ, իրեն հասած տեղեկությունների համաձայն, թատրոնի վերանորոգման աշխատանքները կավարտվեն մյուս տարվա ամռանը, և թատրոնը կվերաբացի իր դռները հանդիսատեսի առաջ: