կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-22 14:15
Հասարակություն

Դիմորդների թիվն ավելացել է. Կարո Նասիբյան

Դիմորդների թիվն ավելացել է. Կարո Նասիբյան

Այս տարի ուրախալի նորություն ունենք` դիմորդների թիվը հանրապետությունում ավելացել է: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի աշխատակազմի Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը:

Ըստ նրա` նախորդ տարի դիմորդների թիվը, 2017 թվականի համեմատությամբ,  50 տոկոսով քիչ է եղել` կապված 12-ամյա կրթության վերաբերյալ առաջացած խնդրի հետ, իսկ այս տարի նրանց թվաքանակը գրեթե նույնն է, ինչ 2017 թվականին:

«Մենք անընդհատ հաղորդակցվում ենք առաջատար բուհերի պատասխանատու քարտուղարների հետ, և նրանց տեղեկություններով` 2017 թվականի այս ժամանակահատվածի համեմատ, օրինակ, ԵՊՀ, ԵՊԲՀ, ՀՊՃՇՀ և ՀՊՄՀ դիմողների թիվն ավելացել է»,- մանրամասնեց Նասիբյանը` հավելելով, որ շրջանավարտների թիվն այս տարի մոտ 22.000 է, իսկ, առհասարակ, դիմորդների թիվ` Արցախի դիմորդների հետ` 10.500, միայն Հայաստանում ` 9600:

Հարցին, թե ո՞ր մասնագիտությունն են ավելի շատ նախընտրում շրջանավարտները, ԳԹԿ փոխտնօրենը դժվարացավ պատասխանել: «Դեռ մի քանի օր կա մինչ հայտագրման ավարտը: Չեմ կարող ասել»,- նշեց նա:

Նասիբյանի խոսքով` 2017 թվականն անակնկալ էր ԳԹԿ-ի համար, քանի որ հենց այդ ուսումնական տարվա ընթացքում  «Մաթեմատիկա» առարկայից միասնական քննություն հանձնող դիմորդների թիվը գերազանցեց «Հայոց լեզու և գրականություն» առարկան հանձնող դիմորդների թիվը:

Բանախոսը տեղեկացրեց նաև, որ այս տարի «Անգլերեն» կամ «Օտար լեզու» հանձնող դիմորդների թիվն ավելին է, քան «Հայոց լեզու և գրականություն», ինչպես նաև «Մաթեմատիկա» առարկաներ հանձնող դիմորդների թիվը:

Նասիբյանը, սակայն, շեշտեց, որ տարիներ շարունակ «Համաշխարհային պատմություն» առարկան աստիճանաբար իր տեղը զիջել է օտար լեզվին` անգլերենին: «Երևանում համաշխարհային պատմության քննություն այս տարի հանձնելու է ընդամենը 1 հոգի, Արցախում`12, Շիրակի մարզում`13 դիմորդ: Ընդհանուր առմամբ, 45 դիմորդ է հանձնելու «Համաշխարհային պատմություն» առարկան`որպես միասնական քննություն»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է օտար լեզուներից միասնական քննությունների հանձմանը, ապա,  Նասիբյանի համոզմամբ, դրանք առաջատարն են: «Կան դիմորդներ, որոնք հանձնում են միասնական քննություններն այլ օտար լեզուներով, ինչպիսիք են պարսկերենը, իսպաներենն ու իտալերենը: Համապատասխանաբար, այս տարի վերոհիշյալ առարկաներից դիմորդների թիվը`1, 4 և 3 է»,- հայտնեց նա:

Անդրադառնալով արդեն միասնական քննությունների անցկացման ընթացակարգի փոփոխություններին` ԳԹԿ փոխտնօրենը վստահեցրեց, որ որևէ փոփոխություն չի լինելու:

Նասիբյանը հորդորեց նաև դիմորդների ծնողներին` իրենց երեխաներին արջի ծառայություն չմատուցել: «Լինում են դեպքեր, երբ  քննությունը վաղ ավարտած դիմորդները դուրս են գալիս քննասենյակից` իրենց պատճենահանած ձևաթղթերով, ու դրսում գտնվող դիմորդների ծնողները լուսանկարում են դրանք և ուղարկում քննական սենյակում գտնվող դիմորդի հեռախոսին: Մենք քննությունների ժամանակ նախապես հեռախոսների հանձնման համար հատկացված տեղ ունենք: Դիմորդներն իրենց հեռախոսներն այնտեղ են դնում, բայց կան այնպիսի մասնակիցներ, որոնց մոտ 2-3 հեռախոս կա: Մեկը բռնում ես, ու մտքովդ չի անցնի, որ էլի ունի»,- ասաց Նասիբյանը` միաժամանակ նշելով, որ քննական կենտրոններում տեղադրված խլացուցիչները բավականին հին են, հետևաբար` ոչ արդյունավետ: