կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-29 15:57
Քաղաքական

Միայն կոռուպցիայի բացակայությունից ներդրողները չեն գալու, նրանց հետ պետք է աշխատել, պայմաններ առաջարկել, «փողին» երաշխիքներ տալ. քաղտեխնոլոգ

Միայն կոռուպցիայի բացակայությունից ներդրողները չեն գալու, նրանց հետ պետք է աշխատել, պայմաններ առաջարկել, «փողին» երաշխիքներ տալ. քաղտեխնոլոգ

Սոցիալական առումով քաղաքացու կյանքում մեկ տարվա ընթացքում ոչինչ չի փոխվել. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ միաժամանակ հավելելով, թե չի կարծում, որ մեկ տարում դա պիտի լիներ, թեև գործող իշխանությունը ժամանակին Կարեն Կարապետյանից երեք ամիս հետո էր փոփոխություն պահանջում:

«Ես ռեալ մարդ եմ, և ոչ այն ժամանակ եմ կողմնակից եղել խեղդելու, թե` երեք ամիս է` աշխատում եք, ոչ էլ` հիմա»,- նշեց նա՝ ասելով, որ համակարգային հարցերում  փոփոխություններ եղել են այս ընթացքում, այլ հարց է, որ տնտեսական հարցերում իրավիճակը շատ լուրջ է:

«Ներդրումներ չկան, ինչի մասին արդեն 10 ամիս է` ասում եմ: Սիրեն Հրանտ Բագրատյանին, թե չսիրեն ներկայիս իշխանությունները, բայց այդ մարդը լուրջ տնտեսագետ է և կոչ է անում միանալ Չինաստանում կայացած մետաքսի ճանապարհի ֆորումին, որը շատ ճիշտ է, հակառակ պարագայում՝ մենք հերթական անգամ դուրս կմնանք տարածաշրջանային լուրջ պրոցեսներից՝ տնտեսական, լոգիստիկ: Իշխանության տնտեսական բլոկում ես խնդիրներ տեսնում եմ: Ներդրումներ մեկ տարում կարող են չլինել, բայց խնդիրն այն է, որ ես չեմ տեսնում ներդրումային պրոցեսները՝ որտեղի՞ց են գալու, ո՞վ է գալու և ինչո՞ւ պետք է գան, ո՞ր մեխանիզմներով: Կամ՝ ի՞նչ են առաջարկում այդ մարդկանց, որ նրանք գան, միայն ասել՝ չկա կոռուպցիա, 10 ամիս է` ասում են, դա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է: Միայն կոռուպցիայի բացակայությունից ներդրողները չեն գալու, նրանց հետ պետք է աշխատել, պայմաններ առաջարկել, այդ թվում՝ օրենսդրական, հարկային, խաղի կանոններ: Փողն ամենաշատ երաշխիք սիրող բանն է, նույնիսկ՝ մարդու կյանքից առավել, դաժան է, բայց այդպիսին է այսօրվա աշխարհը: Ըստ այդմ՝ փողը եթե չունեցավ շատ բարձր երաշխիք, Հայաստան չի գա, խոսքը ներդրումների մասին է: Եվ այսօրվա իշխանությունները պետք է լինեն այդ երաշխավորը, որ այդ փողը գա Հայաստան: Այս ուղղությամբ ես առայժմ աշխատանք չեմ տեսնում, այդ առումով քաղաքացու կյանքում բան չի փոխվել»,- նշեց Քոչարյանը:

Քաղտեխնոլոգն, ի դեպ, ո'չ նախկինում, ո'չ էլ այսօր վատ բան չի տեսնում տոների վրա մեծ գումարներ ծախսելու մեջ, այդ թվում՝ Քաղաքացու օրվա կազմակերպման, և չի հասկանում դրա շուրջ աղմուկը: «Պետությունը պիտի տոն էլ նշի, գումար էլ ծախսի»,- նշեց նա:

Yerkir.am-ի դիտարկմանը, որ խնդիրն այդ ծախսած գումարներին համարժեք միջոցառումների կազմակերպումն է, և երկրորդ՝ կրթված  քաղաքացի ունենալը, չի՞ կարծում, որ որևէ իշխանության ձեռնտու չէ դա, ուստի այս հարցում չկա շահագրգռվածություն,  քաղտեխնոլոգը համաձայնեց, որ չունենք  կրթված քաղաքացի:

«Ես 1988-ին ավարտել եմ բուհը և կարող եմ ասել, որ այն ժամանակ հասարակության կրթական ցենզը բավականին բարձր էր: Ինչու այս 30 տարվա մեջ այսքան ընկավ, տարբեր ձևերով կարող ենք բացատրել, բայց հիմա ժամանակը չէ, որ սկսենք փնտրել, թե ով է մեղավոր, այլ` թե ինչպես դուրս գանք այս վիճակից, ինչ անենք, որ մեր հասարակության յուրաքանչյուր անդամ կրթվի` ծննդատնից սկսած մինչև մահ: Դա անընդհատ պերմանենտ գործընթաց պիտի լինի, խոսքը նրա մասին չէ, որ իմանան Պյութագորասի թեորեմը կամ գոյականն ածականից ոնց տարբերեն, դա չէ միայն: Դա նա է, թե ինչպես իրենց պահեն հասարակության մեջ՝ սկսած էլեմենտար բաներից, այսինքն՝ գրված և չգրված օրենքներով հասարակությանը պետք է կրթել ամեն վայրկյան, ամեն տեղ, և յուրաքանչյուրն` իր տեղում, աշխատավայրում: Սա է լինելու մեր փրկությունը, այլապես մենք շանս չունենք: Մենք չենք կարող, փողոցում թքելով, աղբը թափելով, դառնալ պետություն, ազգ, չենք դառնալու, կործանվելու ենք: Եթե հիմա մենք արագ նման հարցերը չլուծենք, շանս չենք ունենալու: Սա է քաղաքացին, քաղաքացին նա չէ, ով դուրս եկավ, փողոցը փակեց կամ ինչ-որ բան ասաց, քաղաքացին նա է, ով ամեն անգամ հայելու մեջ նայի և իրեն տեսնի ոչ թե կենդանի, այլ՝ մարդ»,- ընդգծեց Քոչարյանը:

Մեր հակադարձմանը, որ իշխանություններին ձեռնտու է զուտ փողոց փակող քաղաքացին, ուստի այլ քաղաքացի ունենալու փորձեր չեն արվում, ինչպես նախկինում, քաղտեխնոլոգն արձագանքեց. «Ձեռնտու է, ռեալ իշխանությանը ձեռնտու է: Այ այդպես եք ասել, որ այդպես են արել, դրա համար էլ դրել են սերիալներով ու ռաբիսով սարքում են դեգեներատ: Հա խնդիր է, որ չեն արել, հիմա ասում եմ՝ եկեք ոչ մեկին չմեղադրենք և անենք ամեն ինչ, որպեսզի դառնանք դա, որովհետև մեղադրելով` երկիր չենք կառուցելու, մոռացեք դա: Մի փնտրեք մեղավորներ, մեղավոր ենք բոլորս, ոչ միայն իշխանությունները, ի՞նչ ենք արել մեր շրջապատում, որ քաղաքացի դաստիարակենք, ի՞նչ կապ ունի իշխանությունը: Եթե բոլորս անենք, իշխանությունը խելոք կընդունի, իշխանությունը չէր ուզում, չէ՞, որ փոխվի, իշխանափոխություն լինի, բայց հասարակությունը թելադրեց, և նա ստիպված գնաց: Եթե հասարակությունը թելադրի իշխանությանը, որ ինքն ուզում է հասարակությունը կրթված լինի, իշխանությունը խելոք, գլուխը կախ կընդունի: Դա պետք է լինի հասարակության պահանջը, հասարակության էլիտայի և առաջադեմ հատվածի պահանջը, որ հասարակությունը լինի կրթված»: