Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2022-04-04 16:25
Հասարակություն

Հանրահավաքով պետք է ցույց տալ, որ կա հասարակության մի մեծ սեգմենտ, որը դեմ է իշխանություններին․ քաղտեխնոլոգ

Հանրահավաքով պետք է ցույց տալ, որ կա հասարակության մի մեծ սեգմենտ, որը դեմ է իշխանություններին․ քաղտեխնոլոգ

«Արցախը չի՛ լինելու Ադրբեջանի կազմում»․ այս և այլ պաստառներով խորհրդարանական ընդդիմությունը պատրաստվում է վաղվա՝ ապրիլի 5-ի, հանրահավաքին։ Այն տեղի է ունենալու ժամը 18.30-ին՝ «Ազատության» հրապարակում։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց՝ ՀՀ իշխանություններին և Ռուսաստանին պետք է ցույց տալ, որ հայ հասարակության մի զգալի հատված դեմ է Արցախի հարցը Ռուսաստանի վերահսկողությունից Արևմուտքին փոխանցելուն և կարգավորման ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունից արևմտյան ֆորմատի փոխելուն։

«Առաջին հերթին ՀՀ իշխանություններին և Ռուսաստանին պետք է սա ցույց տալ, որովհետև Արևմուտքին ցույց տալն արդեն իմաստ չունի՝ նա դա հաշվի չի առնելու։ Նախ, պետք է ցույց տալ, որ այստեղ կա հասարակության մի մեծ սեգմենտ, որը դեմ է իշխանություններին և նրա վարած քաղաքականությանը։ Սա հետագայում կարելի է զարգացնել և թող ընդդիմությունը որոշի, թե ինչպես է զարգացնելու»,-ասաց Արմեն Բադալյանը։

Քաղտեխնոլոգը հանրահավաքի մարդաշատության մասին հարաբերական մոտեցում ունի․ ասում է՝ եթե այն ինչ-որ գործընթացի մեկնարկ է, ապա 5 հազար մարդն էլ բավարար կլինի, իսկ եթե ընդդիմության նպատակը ուժի ցուցադրությունն է, ուրեմն պետք է աննախադեպ մարդաշատ լինի, որովհետև հակառակ դեպքում աղետ կլինի։

«Մինչև չլինի իշխանափոխություն՝ որևէ հարց լուծել հնարավոր չէ։ Պետք է լինի իշխանափոխություն, որից հետո բավականին բարդ կրթական, դաստիարակչական, հոգևոր, տնտեսական և արժեքային համակարգի փոփոխություն պետք է լինի շատ կարճ ժամանակի ընթացքում․ մաքսիմում 2-3 տարում 30 տարվա կեղտը պիտի մաքրվի, բայց մինչև իշխանափոխություն չլինի՝ ոչինչ հնարավոր չէ անել։ Պետք է կատարել միջոցառումներ, որպեսզի մարդկանց ուղեղը հնարավոր լինի հետ բերել, նաև ներգաղթ կազմակերպել, բայց սա հնարավոր չի անել, մինչև իշխանափոխություն չլինի»,-ասաց քաղտեխնոլոգը։

Վաղը՝ ապրիլի 6-ին, Բրյուսելում հանդիպում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ համատեղ։ Արմեն Բադալյանն ասաց՝ բրյուսելյան հանդիպմանը Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացների համատեքստում պետք է նայել․ քանի դեռ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություններով՝ Արևմուտքի կողմից մեծ քայլեր են իրականցվում, որպեսզի Ղարաբաղի հարցի լուծման ընթացքում գերակշռությունը անցնի Արևմուտքին։

«Տեսնում ենք, որ փորձ է կատարվում հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը Մինսկի խմբի ֆորմատից դնել Արևմուտքի վերահսկողության տակ՝ այնտեղից դուրս հանելով ռուսական ազդեցությունը։ Մոտավորապես այս գործընթացն է տեղի ունենում, որովհետև Ադրբեջանի ղեկավարությունը և նրա խորհրդատուները շատ լավ հասկանում են, որ եթե ոչ այսօր, ապա վաղը Ուկրաինայի հարցերը լուծված են լինելու և դրանից հետո Ռուսաստանի դիրքերը շատ են ամրապնդվելու առաջին հերթին ԵԱՏՄ տարածքում, և նաև ծանրակշիռ Ղարաբաղյան կոնֆլիկտային շրջանում։ Իսկ Ռուսաստանը վճռորոշ խաղացող է և պայմաններ թելադրող։ Իսկ թե ինչ պայմաններ կթելադրի՝ հասկանում ենք, որ խաղաղապահների ներկայությունը 2 տարուց կհասցնի շատ ավելի մեծ ժամանակահատվածի՝ մոտավորապես 20-25 տարու, հնարավոր է նաև 49 տարու։ Սա նշանակում է դիրքերի կտրուկ ավելացում, թվաքանակի ավելացում։ Շատ հնարավոր է, որ նաև հարց դրվի հայ փախստականների վերադարձ նախկին ԼՂԻՄ-ի շրջաններ, Լաչինի կարգավիճակի հարցը հստակեցվի, Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված հստակեցումներ մտցվեն, որպեսզի հնարավորություն չտա ոչ մեկին այդ գործընթացի մեջ մտնելու առաջին հերթին Արևմուտքից։ Հասկանալի է, որ Ռուսաստանը հնարավոր է այս ուղղությամբ աշխատի Ուկրաինայում հաղթանակից հետո»,-ասաց Արմեն Բադալյանը։

Նրա համոզմամբ՝ սա կանխելու համար է Արևմուտքը, որը հսկում է ՀՀ իշխանություններին,  խորհուրդ տալիս Ադրբեջանին խաղաղության պայմանագրի կնքումը տեղափոխել Բրյուսելի հսկողության ներքո, որպեսզի Արևմուտքն «առաջին ջութակի» դերակատարությունն ունենա։

Եվ ընդդիմությունը հայ հասարկության բողոքի ձայնը բարձրացնում է նաև այս գործընթացի դեմ՝ ընդգծեց քաղտեխնոլոգը։ Ռուսական նախագծի աշխատելու դեպքում Հայաստանի հետ շահերը կհամընկնեն, իսկ եթե Արևմուտքը լինի հարցի լուծման «առաջին ջութակը», ապա խիստ կասկածելի է, որ նրա և Արցախում ապրող հայերի շահերը համընկնեն, քանի որ Արևմուտքին պետք է հակառուսական գործընթաց, իսկ Ռուսաստանին պետք է իր ներկայության ավելացում մեր տարածաշրջանում։

Աննա Բալյան