Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խորհրդարանում մեկնարկեց Ընտրական օրենսգրքի շուրջ ձևավորված ԱԺ աշխատանքային խմբի երկրորդ նիստը: Նշենք, որ հանձնաժողովը որոշել էր` նիստերը հերթով ղեկավարելու են ԱԺ 4 խմբակցությունների ներկայացուցիչները: Երեկ նիստը վարում էր ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը, այսօր հերթը «Ծառուկյան» դաշինքինն է. նիստը վարում է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք` երեկ իրենց առաջարկներն են ներկայացրել ԱԺ ՀՅԴ և ՀՀԿ խմբակցությունները: Այսօր, նախքան մյուս երկու խմբակցությունների առաջարկներին անցնելը, նիստը վարող Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ զրուցել է փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ, թե կառավարությունը ստեղծված ԸՕ բարեփոխումների շուրջ ստեղծված հանձնաժողովի հետ ինչպես են աշխատելու:
«Այսօր տեխնիկական խնդիրների պատճառով չեն կարողացել ներկա գտնվել: Նրանք պետք է հանդիպեին ԶԼՄ խմբագիրների հետ` հասկանալու ԶԼՄ-ներին վերաբերող դրույթները ԸՕ-ում որոշակի փոփոխելու հարցը»,- ասաց Զոհրաբյանը` հավելելով, որ հաջորդ նիստից կփորձեն համատեղել աշխատանքները:
«Արարատ Միրզոյանը խնդրեց փոխանցել` որքանով է նպատակահարմար, պարո'ն Հարությունյան, կա՞ անհրաժեշտություն երկու առանձին աշխատանքային խմբերի աշխատանքը միացնելու, ստեղծելու մեկ աշխատանքային խումբ»,- ասաց Զոհրաբյանը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանն ասաց, որ առաջին նիստի ժամանակ կարծես առաջարկվեց 3+3+3+3 ֆորմատը, նաև` որ ավելանան կառավարությունից 3-ը: «Մենք այդ ֆորմատը հենց սկզբից առաջարկել ենք, կարծում եմ, որ միակ հնարավոր տարբերակը, որ այս աշխատանքը չտուժի, դա է, որպեսզի մի խումբ չաշխատի ինչ-որ հարցերի վրա, հետո նորից հանդիպենք ու 0-ից սկսենք նույն հարցերի քննարկումները»,- ասաց նա:
Զոհրաբյանն ասաց, որ խնդիր կա արտախորհրդարանական ուժերի առաջարկների հետ կապված:
Միջամտեց ՀՀԿ ներկայացուցիչ Արփինե Հովհաննիսյանը և ասաց, որ երեկ քննարկվեց այդ հարցը, և ճիշտ կլինի ընդունել պատգամավոր Լենա Նազարյանի առաջարկը` արտախորհրդարանական ուժերը 15-օրյա ժամկետում ներկայացնեն իրենց առաջարկները, որոնք հանձնաժողովը կքննարկի:
Զոհրաբյանն էլ առաջարկեց, որ այսօր ձևակերպվի այդ հայտարարությունը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ ասաց, որ սկզբունքային հարցն է` դուրս ենք գալու այս քննարկումներից մե՞կ, թե՞ երկու նախագծով:
«Մեր կարծիքով` պետք է դուրս գալ մեկ նախագծով, ունենալ մեկ նախագիծ, որըկ ուղարկվի Վենետիկի հանձնաժողով: Ես այս ձևը չեմ կարող հասկանալ`, եթե կառավարությունն առանձին է ուզում գնալ, ունենալու ենք երկու տարբեր նախագծեր: Եթե այդ ճանապարհն եք որդեգրում, իմանանք` ինչ ենք անում: Մեր կարծիքով` այդ ճանապարհը ճիշտ չէ»,- շեշտեց պատգամավորը:
Զոհրաբյանը հայտնեց` փոխվարչապետի հետ քննարկումից հետևում է, որ խոսքը մեկ նախագծի մասին է:
Քննարկմանը ներկա է նաև «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» ՀԿ-ի ներկայացուցիչը: ՀՀԿ ներկայացուցիչ Վիգեն Սարգսյանին հետաքրքրում էր` ո՞վ է կայացրել որոշումը, որ «Թրանսփարենսի ինթերնեյշնլը» պետք է մասնակցի այսօրվա քննարկումներին:
Զոհրաբյանը պատասխանեց`, երևի պետք է մամուլի վարչությունը պատասխանի այդ հարցին, որովհետև իրեն ընդամենը տեղեկացրել են, որ ներկա է:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Կնյազ Սարոյանն ասաց, որ իրեն դիմել են, և ինքն ընդամենը ապահովել է մուտքը:
Վիգեն Սարգսյանն արձագանքեց. «Դուք շատ կարևոր գործառույթ ունեք կատարելու` այս հանձնաժողովի աշխատանքն ապահովելու, բայց ոչ` որոշումներ կայացնելու հանձնաժողովի փոխարեն: Ես դեմ չեմ, որ քննարկենք քաղաքացիական հասարակությանը ներգրավելու տարբեր ձևեր, բայց դա պետք է անի միայն այս հանձնաժողովը, այլ ոչ թե հանձնաժողովի քարտուղարությունը»,- ասաց նա, ապա դիմեց «Ելք» ներկայացուցիչ Լենա Նազարյանին. «Տիկի'ն Նազարյան, ավելի գործընկերային կլիներ խորհրդակցել գործըկերների հետ նախքան առանձին կառույցի հրավեր ընձեռելը»:
Վիգեն Սարգսյանը դիտարկում արեց նաև երկու ձևաչափով` կառավարություն-ԱԺ քննարկումների վերաբերյալ: «ԸՕ-ն քաղաքական փաստաթուղթ է, և նույնիսկ, երբ նախորդ օրենսգիրքը պատրաստելիս կար ամբողջական հնարավորություն ընդունելու այդ օրենսգիրքը խորհրդարանական մեծամասնությամբ` առանց մեկի հետ խորհրդակցելու, ՀՀ կառավարությունն այն ժամանակ որոշում կայացրեց և ձևավորեց ձևաչափ, որի շրջանակներում մենք հանգեցինք քաղաքական կոնսենսուսի»,- ասաց նա:
Սարգսյանը հիշեցրեց, որ այն օրենսգիրքը, որը հիմա գործում է, ընդունված է բոլոր քաղաքական ուժերի փոխհամաձայնությամբ և շատ երկար բանակցությունների արդյունքում: Նա ասաց, որ այդպիսի հանձնաժողովը պետք է պատրաստի նախագիծ` քաղաքական պատվերի հիման վրա, եթե ցանկանում է կոնսենսուսային նախագիծ:
«Եթե կառավարությունը համարում է, որ ինքն ունի բավականաչափ ռեսուրս, հնարավորություն իր նախագիծը բերելու ԱԺ, ընդունեք կամ թողեք սկզբունքով, կարծում եմ` դա այլ մոտեցում է, որը կարող է արդյունք տալ, բայց ոչ քաղաքական կոնսենսուսի արդյունք: Հետևաբար, ես կարծում եմ, որ չափազանց կարևոր է այս երկու ձևաչափերի միջև աշխատանքների բաշխումը, խնդիրների հստակեցումը, և չեն կարող խորհրդարանական չորս ֆրակցիաներ հենց այնպես, հաճույքի համար հանդիպել, այդ թվում` ոչ աշխատանքային օրերին»,- ասաց Սարգսյանը և ներկաներին շնորհավորեց Սահմանադրության օրվա առիթով:
Լենա Նազարյանն անդրադարձավ Սարգսյանի ասածին` նշելով, որ մամուլի վարչությունը մեղավոր չէ, ինքը որոշում միայնակ չի կայացրել:« Ես տեղյակ եմ եղել, որ «Թրանսփարենսի»-ից ցանկացել են մասնակցել այս միջոցառմանը, և իմանալով, որ տիկին Զոհրաբյանը նիստից առաջ կհայտնի մեզ նրանց ներկայության մասին և առաջարկ կանի` որոշելու, թե ինչպես ենք շարունակելու համագործակցությունը ՀԿ-ի հետ, ես մտածեցի կարող է ներեկա լինել: Հիմա կարող ենք որոշել և հայտնել»,- ասաց նա:
Զոհրաբյանն էլ ասաց, որ եթե արդեն ներկա է, մի քիչ դժվար է հիմա որոշում կայացնելը: «Եկեք այսպես պայմանավորվենք` ինչպես ենք աշխատելու երկու ֆորմատներով: Հաջորդ մեր նիստին ներկա կլինի փոխվարչապետ Արարատ Միրզոյանը և կներկայացնի իրենց տեսակետը` ինչպես են իրենք տեսնում: Մենք կներկայացնենք` մենք ինչպես ենք տեսնում, և քանի դեռ նրանք այսօր չկան, դժվար է որոշում կայացնել այսօր»,- ասաց նա:
Հարությունյանն էլ ասաց, որ այն, ինչ իրենք քննարկել են նախկինում` ֆորմատի հետ կապված, պետք է ուժի մեջ մնա: Ըստ նրա` ինչ վերաբերում է «Թրասնփարենսի»-ին, կիսում է մտահոգությունը: «Մենք պայմանավորվել էինք, որ կլինի միայն մամուլը, բայց երբ խոսքը վերաբերում է «Թրանսփարենսի»-ին, հավատացեք` վաղը կարող է, ենթադրենք, 10 այլ ՀԿ ևս ցանկություն հայտնել մասնակցելու այս քննարկումներին, նաև` արտախորհրդարանական ուժերը, այդ դեպքում հավատացեք` մեր այս աշխատանքները կդառնան անարդյունք»,- ասաց նա և առաջարկեց, որ այսօր եկածին քաղաքավարությունը թույլ չի տալիս ասել` ոչ, բայց այսուհետ պետք է միայն ԶԼՄ-ները ներկա լինեն, նաև` գնան առաջ 5 տարբեր ֆրակցիոն ֆորմատներով: