կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-29 13:34
Քաղաքական

Մենք Իրանին փորձում ենք տալ ավելի մեծ երաշխիքներ, քան Ադրբեջանը. Մանվել Բադեյան

Մենք Իրանին փորձում ենք տալ ավելի մեծ երաշխիքներ, քան Ադրբեջանը. Մանվել Բադեյան

Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցության բոլոր փորձերը տապալվել են, որովհետև արմատական անհամատեղություն կա` կրոնական, արժեքների, էթնիկական կազմ և այլն. այսօր լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը: Նրա խոսքով`անհամատեղելիության այս տիրույթները բերում են բախումների ինտենսիվության:

«Փորձեր են արվել հեղափոխական մոտեցումներ ձևավորել, օրինակ`ռուս-թուրքական պայմանագիրը, որով զոհաբերվեցին հայկական շահերը: Մենք թիկունքից հարված ստացանք Ռուսաստանից, Եվրոպայից, բայց պետք է նշենք նաև, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև հակամարտության վերացման գործընթացն անարդյունավետ է: Նույնը վերաբերում է Թուրքիա-Եվրոպա հարաբերություններին»,- ասաց պատգամավորը:

Նա նշեց նաև, որ շատ վատ է, որ մեր շուկան ողողված է թուրքական ապրանքներով: «Մեր շուկան հեղեղել են, և մեր տնտեսությունն աշխատում է թուրքական տնտեսության զարգացման համար: Մենք դրա դեմ վաղուց պետք է պայքարեինք կտրականապես: Թշնամի հայտարարած երկրի հետ առևտուր ենք անում, և դա նոնսենս է: Ես կողմնակից եմ թուրքական ապրանքների դեմ սանկցիա կիրառելուն: Փոխանակման համար պետք է զարգացնել սեփական արտադրությունը, այլ երկրներից կարող ենք բերել»,- ընդգծեց ՀՀԿ-ականը:

Նա անդրադարձավ նաև Հայաստանի տարածքով երկաթգիծ անցկացնելուն: Բադեյանի խոսքով`իրանական կողմը կնախընտրի երկաթգիծը Հայաստանով անցկացնել, բայց, ըստ պատգամավորի, չպետք է բացառել նաև այլընտրանքային տարբերակը` երկաթգիծն Ադրբեջանով անցկացնելու տարբերակը:

«Մենք փորձում են բանակցել երկու կողմերի հետ էլ, պարսկական կողմի հետ` առավել ևս, փորձում ենք տալ ավելի մեծ երաշխիքներ, քան Ադրբեջանը»,- ասաց Բադեյանը և հավելեց, որ Ադրբեջանը մշտապես կիրառում է տրոյական ձիու տակտիկան և փորձում է ներթափանցել տարբեր տիրույթներ:

«Ադրբեջանի ներգրավումը ԵՏՄ տարածք չի բացառվում: Նազարբաևի արտահայտությունը պատահական չէր: Բացի դրանից` զենքի վաճառք Ադրբեջանին և այլն: Դա միայն մեր պատկերացմամբ է, որ ռուսներն ու թուրքերը պետք է թշնամիներ լինեն»,- ասաց նա:

Բադեյանը խոսեց նաև Իրանից Հայաստան գազ բերելու հավանականության մասին և նշեց, որ որևէ պաշտոնյա պաշտոնապես չի հայտարարել, որ պատրաստ է Հայաստանին գազ մատակարարել ավելի էժան գնով, քան Ռուսաստանը: