կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-17 19:42
Քաղաքական

Իշխանությունն ազգային տնտեսության հետ օրգանական կապ չունի. Արծվիկ Մինասյան

Իշխանությունն ազգային տնտեսության հետ օրգանական կապ չունի. Արծվիկ Մինասյան

Հետևելով երեկ ու դրան նախորդող օրերին Ազգային ժողովում երկու կարևոր թեմաների քննարկմանը` կառավարության  կառուցվածքին և ցեմենտի ներմուծման տուրքի սահմանմանը վերաբերող, ՀՅԴ-ն անհրաժեշտ համարեց նախաձեռնել այս հանդիպումն ու ներկայացնել այն հիմնարար խնդիրները, որոնք տեսնում է դրանց առնչությամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ մասնագիտական ոլորտային հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանը:

«Հայաստանը` որպես թե՛ Առևտրի համաշխարհային կազմակերպության, թե՛ ԵԱՏՄ  անդամ, որոշակի սահմանափակումներ ունի, որոնք վերաբերում են տեղական արտադրությանը: Մյուս կողմից` Հայաստանը ներքին օրենսդրությունը, օրինակ` ներքին շուկայի պաշպանության օրենքը, և ներքին արտադրությունը պաշտպանելու խնդիր ունի: Բայց, հետևելով խորհրդարանում ու դրանից դուրս քննարկումներին, տեսնում ենք, որ ցեմենտի արտադրության հարցն անձնավորվել է, և խնդիրը փորձում են խեղաթյուրել: Դա այն դեպքում, երբ ցեմենտը` որպես ռազմավարական նշանակության ապրանք, պաշտպանության կարիք ունի: Այնինչ` այն ներկայացվում է որպես մեկ կամ երկու գործարանների շահերի հետապնդում: Մենք ոչ միայն ցեմենտի, այլև մի շարք այլ ապրանքների մասով` ալյուր, շաքարավազ, պետք է աջակցենք տեղական արտադրությանը»,- ասաց նա:

Մինասյանը հիշեցրեց, որ դեռևս 2018-ին, արտադրողների և ներմուծողների ակտիվ մասնակցությամբ, քննարկումներ են հրավիրել` հասկանալու համար, թե ինչպես պետք է պաշտպանեն տեղական արտադրությունն ու տեղական սպառողներին: Դեռ այն ժամանակ եկել էին այն համոզման, որ էկոնոմիկայի  նախարարությունը պետք է ծրագիր ու ժամանակավոր սխեմա առաջադրի, որը կոնկրետ թիրախային նպատակ է ունենալու:

«Ցեմենտի պարագայում, օրինակ, ոչ միայն ներմուծման հումքը, այլ նաև պետական տուրքը հստակ սահմանափակում պետք է ունենա, որ տեղական արտադրանքը ոչ մի դեպքում չտուժի: Սպառողների շահերի սպառման տեսանկյունից` կարևոր է նաև տեխնիկական ստանդարտների մշակման, սերտիֆիկացման և լաբորատոր համակարգերի ներդրումը կամ արդիանակացումը: Ինչո՞ւ, քանի որ հաճախ ենք տեսնում` ցեմենտը, որ կիրառվում է շինարարության մեջ, չի համապատասխանում շինարարության համար պահանջվող  չափանիշներին: Երրորդ ուղղությունը վերաբերում էր ցեմենտի արտադրությամբ զբաղվող ընկերությունների համար էներգակիրների ինքնարժեքի իջեցմանը: Ցեմենտի արտադրության մեջ երկու տարբեր խոշոր ձեռնարկություններում կիրառվող  թե՛ գազի, թե՛ էլեկտրաէներգիայի սակագները ոչ թե արտադրողական, այլ սպառողական սակագներ են: Մենք ընդգծում էինք, որ սակագների վերանայման ուղղությամբ պետք է գործողություններ իրականացնել»,- ներկայացրեց Մինասյանը:

Ըստ նրա` չորրորդ բաղադրիչը ժամանակավոր այն ծրագիրն էր, ըստ որի` այդ ձեռնարկությունները պետք է տեխնիկական ու տեխնոլոգիական վերազինում իրականացնեին` միաժամանակ թե՛ արտադրանքի ինքնարժեքի նվազեցում ապահովելով, թե՛ շրջակա միջավայրի առավել որակյալ պահպանություն:

Մինասյանը նշեց նաև` կառավարությունը, որը պարտավոր էր տեղական արտադրության պաշտպանության առաջամարտիկը դառնալ, քաշվել է մի կողմ ու հարցը թողել Ազգային ժողովի մի քանի պատգամավորների վրա, որոնց մի մասը չի էլ պատկերացնում` ինչի մասին է խոսքը, բայց ոլորտի վերաբերյալ գնահատականներ է հնչեցնում: Բանախոսը վստահ է` այն, ինչ տեղի է ունեցել Ազգային ժողովի մասնագիտական հանձնաժողովում (տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նկատի ունի.- խմբ.), բացարձակապես կապ չունի տեղական արտադրության պաշտպանության հետ:

«Եթե կլինկերի համար, որը ցեմենտի արտադրության հիմքի գերակշիռ մասն է, չի սահմանվում պետական տուրք, անիմաստ է դառնում պատրաստի արտադրանքի համար տուրք սահմանելը: Տեսեք` զրոյական վճարով այդ նույն հումքը կմտնի երկիր, կստեղծվի կասկածելի որակի ցեմենտ, որովհետև հաճախ Իրանից ներմուծվող կլինկերի մասով չունենք անհրաժեշտ հավելումները, որոնք անհրաժեշտ են համապատասխան որակի ցեմենտ ստանալու համար: Չունենալով վերահսկողական պատշաճ համակարգ` մենք իրականում սպանում ենք տեղական արտադրությունը, այնինչ` հակառակը պետք է իրականացնենք: Բացի այդ` հսկայական թվով մարդկանց աշխատատեղերից ենք զրկում, ինչն, իրականում,  հարված է մեր տնտեսությանը: Հարց` այդ դեպքում ո՞րն  է շահագրգռվածությունը, որ ամեն գնով փորձում են ցեմենտի հումքն ազատել հարկից, այն դեպքում, երբ Հայաստանում դրա հումքը կա` կրաքարն ու կավը, որին ավելանում է նաև գիպսն, ու ստեղծվում է ցեմենտը»,- ընդգծեց էկոնոմիկայի նախկին նախարարը:

Նրա համար տարօրինակ է նաև հանգամանքը, որ կառավարությունը մշտապես խոսում է տեղական արտադրությունը զարգացնելու մասին, բայց ԱԺ մեծամասնությունն ու համապատասխան հանձնաժողովը ձախողում են վերոնշյալ ծրագրի իրականացումը: Մինասյանի խորին համոզմամբ` գործ ունենք մեր տնտեսությանը կազմակերպված ձևով հարվածելու գործընթացի հետ:

«Որևէ կապ չունի` ով է արտադրողը: Եթե դու ունես ազգային արտադրող, ապա տեղական հումքի վրա հիմնված արտադրությունը պետք է առավելագույնի հասցնես, որ երկրիդ արտադրությունը զարգանա, ընդլայնվի, ծաղկի, իսկ թողարկվող արտադրանքը մրցունակ դառնա: Իրանից ցեմենտի կամ կլինկերի ներմուծման գաղափարը պաշտպանողների փաստարկներից մեկն էլ այն է, որ ցեմենտի գինն էժանանալու է: Չկա այդպիսի բան, իրանական ծագման ցեմենտի գինը չնչին տարբերություն ունի տեղական ցեմենտի գնի նկատմամբ: Հարց է առաջանում` որտե՞ղ է այդ գերշահույթը, որի մասին ասում են ԱԺ մեծամասնության ներկայացուցիչները: Արդյո՞ք այդ ցեմենտը ենթարկվել է համապատասխան հարկման: Շուրջ 200 հազար տոննային համարժեք ներմուծում է տեղի ունեցել, որտե՞ղ է իրացվել ու ի՞նչ որակի է եղել այդ ցեմենտը: Կարծում եմ` պատգամավորների մի մասը չգիտի` ինչ շահեր է սպասարկում: Մի մասն էլ գուցե մոլորության մեջ է ու չգիտի` ում է օժանդակում: Մի որոշ մաս էլ, գուցե, գիտի ու կանխամտածված է դա անում: Եթե այս նախագիծն այն տեսքով, որ ներկայացվել է, ընդունվի, տեղական արտադրությանը որևէ օգուտ չի տալու: Ավելին` նպաստելու է, որ տեղական արտադրությունը, որ երկու խոշոր ձեռնարկություն են ապահովում` «Հրազդան ցեմենտն» ու «Արարատ ցեմենտը» փակվի, աշխատողներ էլ գործազուրկ դառնան»,- նշեց Մինասյանը:

Բանախոսը, կրկին դառնալով իր խոսքի սկզբում նշած ծրագրին, շեշտեց` այն հնարավորություն կտար  հասկանալու, թե պետությունն ինչ աջակցություն է իրականացնելու մասնավորի համար, ինչ լուծումներ է առաջարկելու, սոցիալ-տնտեսական ինչ հարցեր է լուծելու, որքան աշխատատեղ է ստեղծելու, բյուջետային ինչ ազդեցություն է ունենալու  շինարարության ոլորտում ու ինչ շղթայական դրական արդյունք է գրանցելու:

«Առաջարկվող նախագծի բացասական կողմերից մեկն էլ այն է, որ նախատեսվել է տուրքի կիրառումը ուժի մեջ դնել 2020 թ. ապրիլի 1-ից: Բայց դա աբսուրդ է, որովհետև եթե մենք ծրագրի մասին ենք խոսում, որը պետք է տեխնիկական, տեխնոլոգիական վերազինում ու անհրաժեշտ փոփոխություններ անցնելուց հետո կյանքի կոչվի, ապա, ըստ մեր միջպետական ու ներպետական օրենսդրության, առնվազն մինչև 4 տարվա համար պետք է սահմանված լիներ, բացի այդ` սահմանված ընթացակարգի համաձայն` 6 ամիսը մեկ կառավարության իրավասությունը վերապահվեր, որ գնահատվեր` արդյո՞ք դրված նպատակներին հասել են, թե՞ ոչ: Եթե հասել ենք, և տեղական արտադրությունը մրցունակ է, այդ ժամանակ նոր կարող ես հրաժարվել ժամանակավոր արտադրության սխեմայից: Մինչդեռ ներկայացվել ու խմբագրվել է մի նախագիծ, որը որևէ դրական ազդեցություն չի կարող թողնել տեղական արտադրության վրա: Նույնը կարող է ալյուրին վերաբերել, ու եթե թույլատրում ես էժան ալյուրի ներմուծումը`չկիրառելով քո արտադրության ժամանակավոր սխեման, ապա դուրս ես մղում բոլոր տեղական ալրաղացները: Բացի այդ` զուգահեռ հրաժարվում ես նաև ալյուրի թեփից, ալյուրի համար անհրաժեշտ պարկերից ու տարաներից, ու այսպես շարունակ: Կան ապրանքներ, որոնք իրենց թե՛ ռազմավարական նշանակությամբ, թե՛ համակարգային առումով էական ազդեցություն են ունենալու ազգային տնտեսության վրա: Կոչ եմ անում թե՛ կառավարությանը, թե՛ առանձին` էկոնոմիկայի նախարարությանը` ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու քաղաքականությունը չդարձնել առարկայական ու ամենօրյա գործողություն: Իսկ Ազգային ժողովի պատգամավորներին, որոնք,  չպատկերացնելով այս գործողությունների ամբողջ շղթան, փորձում են, իբրև թե, սպառողների շահերի պաշտպանության անվան տակ աջակցել ներմուծողներին, հետ կանգնել այդ գաղափարից: Հակառակը` մեխանիզմներ թող ներդնեն, որ տեղական արտադրությունը զարգանա, ուժեղանա, քանի որ ներմուծումը նվազեցնում է համախառն ներքին արդյունքը, դա տնտեսագիտական տարրական կանոն է»,- մանրամասնեց ՀՅԴ ներկայացուցիչը` նշելով, որ երբ պատգամավորների մի մասը, խնդրի մասին հպանցիկ պատկերացում ունենալով, փորձում է ամբոխահաճո հայտարարություններ անել, վնաս է թե՛ հասարակությանը, թե՛ պետությանը:

Լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, թե այս ամբողջ պատմության մեջ ո՞րն է իշխանության շահը, Մինասյանը նախ նշեց, թե չգիտի` ովքեր են նախագիծը օրակարգային դարձնելու կազմակերպիչները, բայց հստակ է` ներմուծմամբ փոխարինելու քաղաքականությունը տեղական արտադրությանն աջակցելու մասին նախապես հայտարարված մոտեցումների հակոտնյան է:

«Կարող են լինել անձինք, կազմակերպված խմբեր, որոնք հետապնդում են ապօրինի ճանապարհով գումարներ ստանալու հնարավորություններ, դրա համար էլ նախաձեռնել են այս ամենը: Հարց եմ ուզում բարձրացնել` որտե՞ղ է երևում 200 հազար տոննա իրանական ցեմենտից ստացված շահույթը, որտե՞ղ է այն կենտրոնացել: Եթե շուկայում հայկական ու իրանական ցեմենտի գների տարբերությունը 1000-2000 դրամի է, բայց խոսվում է 19 դոլարին համարժեք ՀՀ դրամի մուտքի մասին, այդ դեպքում որտե՞ղ է այդ գումարը: Եվ այս շղթայի մեջ հումքի ներմուծման աջակցության քաղաքականությամբ հարվածել տեղական արտադրությանը` նշանակում է հարված հասցնել պետական արտադրությանը: Նույնն է, որ օղու վրա հարկ դնենք, սպիրտի վրա` ոչ: Պարզ է, չէ՞, որ այդ դեպքում  ոչ թե օղին, այլ սպիրտը կներմուծվի, ինչից էլ օղի կարտադրվի: Բայց տեղական օղի արտադրողների համար ոչ մի արտոնություն չենք սահմանի, հակառակը: Հիմա ուզում ենք տեղական արատադրությո՞ւնը խարխուսել, ուզում ենք` մարդիկ աշխատա՞նք ունենան, թե՞ ուզում ենք մեր ամբողջ տնտեսությունը ներմուծման վրա կառուցել: Եթե կառավարությունն այդպիսի քաղաքականություն է տանում, ապա ես կարող եմ հրապարակային ասել` իշխանությունն ազգային տնտեսության հետ օրգանական կապ չունի: Նրա ցանկությունն ամեն գնով ուժեղ արտադրողներ չունենալն է: Իսկ եթե այդպես չէ, ապա իշխանությունը առնվազն պետք է փաստարկներով հանդես գա ու ասի, թե ինչպես է  տեղական արտադրությունը զարգացնելու: Մի փաստարկ էլ կա, չէ՞: Ասում են, թե ցեմենտի գնի իջեցումը կնպաստի շինարարության աճին, բաց շինարարության մեջ ցեմենտի տեսակարար կշիռը կազմում է 8-10 տոկոս: 2000 դրամի տարբերությունը, որ այսօր առկա է իրանական ու տեղական ցեմենտի գների միջև, կազմում է ընդհանուր շինարարության 0.5 տոկոսը: Եվ մարդիկ լրջորեն մտածում են, որ այդ 0.5 տոկոսը կարող է հազարավոր շինարարական աշխատատեղե՞ր ստեղծել: Եթե` այո, ուրեմն այդ մարդիկ թվաբանության հետ խնդիրներ ունեն»,- եզրափակեց Արծվիկ Մինասյանը: