Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանի տնտեսությունը ետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում և փետրվար ամսվա առաջին տասնհինգ օրերի տվյալներով հանրապետությունում ՀԴՄ կտրոններով և հաշվարկային փաստաթղթերով արձանագրվել է 604 հազար գործարքով ավելի, քան նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերին: Նա նաև ընդգծեց, որ դրամաշրջանառությունը նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերի համեմատ աճել է 12 տոկոսով կամ շուրջ 31.4 մլրդ դրամով:
ArmDaily.am-ի հետ զրույցում տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն, անդրադառնալով այս հայտարարություններին նշեց, որ հերթական բեմականացված շոուն է, այն պարզ իմաստով, որովհետև վերցրել են դրամաշրջանառության 15 օրվա ինչ որ տվյալներ. «Ախր էդ երբ էր, որ իրենք 10 կամ 15 օրվա տվյալ են համեմատում: Նախ թողնեն մի հատ ամիսն ավարտվի հասկանանք և ի վերջո պատճառները, թե ինչի արդյունքում է նման ցուցանիշ գրանցվել: Այստեղ իրականում հիմնական մասը վարչարարության խստացման արդյունք է: Ակնհայտ էր, որ դեկտեմբերի 31-ին, երբ վարչապետը ստորագրեց հարկային մուտքերի ավելացման ռազմավարական ծրագիրը, այդտեղ առաջնային նաև կարևորվում էր վարչարարության խստացումը: Հիմնականում այդ ՀԴՄ-ները տպվել են առևտրի ոլորտում, իրականում սա վարչարարության խստացման կամ փոքր ու միջին բիզնեսից հարկեր քերելու հերթական դրսևորումն է, քանի որ ակնհայտ է, որ տնտեսությունը չի աճում, հարկային եկամուտները կրճատվում են, իսկ իրենց անհասկանալի սոցիալական ծրագրերը առավելապես պոպուլիստական են և այդ 3-4 ամսով ծրագրերով փորձում են սիրաշահել որոշակի սոցիալական խմբերի և այս պարագայում, երբ արտաքին պարտքն էլ նոր են ավելացրել, հիմա հայացքը պտտել են դեպի հարկային վարչարարության խստացումով հարկեր քերելու գործողությանը»,- ասաց Ավետիսյանը:
Տնտեսագետը նաև ընդգծեց, որ սահմանափակումների մեղմացման գործոնը ևս որոշակի ազդեցություն ունեցել է. «Որոշակիորեն աշխուժացել է տնտեսությունը, այսինքն որոշակիորեն մարդիկ այդ սահմանափակումներից դուրս են եկել, օրինակ ուսանողները հաճախում են բուհեր, դպրոցները աշխատում են, մարդիկ ավելի շատ ծախսեր են օբյեկտիվորեն անում և այսպիսի իրավիճակում այո, կարող է դիտարկվել որոշակի աշխուժացում: Բայց ես նորից եմ ընդգծում, որ իրականության հետ որևէ կապ չունի այս պնդումը, այսինքն վերցրել են մի թիվ, ավել ա տպվել կտրոններ, և դրանով փորձում են ներկայացնել, որ վերջ հաղթահարեցինք տնտեսական ճգնաժամը, միշտ էդպես են արել և հենց այդպես են արել, հաջորդ քայլն ավելի խորացել է: Այսինքն սպասումներ առաջացնելու իրենց այս վարքագիծն այլևս չի էլ աշխատում, քանի որ մարդիկ արդեն տեսնում են, որ սրանք ինչ ասում են, ճիշտ հակառակն իրականում տեղի է ունենում: Սա հերթական բեմականացված շոուն էր, բայց իրականությունը շարունակում է նույնը մնալ, ոչինչ չի փոխվել, որ մենք ունենանք դրական արդյունք, նույն ապաշնորհ կառավարողներն են, նույն նեղ քաղաքական շահերով դրդված մոտեցումներն են, ներդրումներ չկան, փողը, կապիտալը դուրս է գալիս երկրից, ազգային արժույթի արժեզրկում, գնաճը շարունակվում է, մարդկանց իրական եկամուտները կրճատվում են և ընդհանուր անորոշ տրամադրություններ են»: