Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մարտահրավերների և սպառնալիքների նոր մակարդակի տարի՝ ըստ Yerkir.am-ի, այսպես բնութագրեց 2019 թվականը ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տարեվերջյան ամփոփիչ քննարկմանը։
Դաշնակցության Գերագույն մարմնում տարին գնահատվել է իբրև 7 ռիսկերի խորացման ժամանակհատված։
Ռիսկերից մեկը արտաքին քաղաքական դաշտում արձանագրված ձախողումներն են, հաջորդը՝ արտաքին անվտանգության երաշխավորի՝ հայոց բանակի նկատմամբ թիրախային հարվածները, ապա՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում արձանագրված պատերազմի սպառնալիքը, հաջորդը՝ իրավական պետությանը ոչ բնորոշ երևույթները, երբ ականատես ենք լինում անմեղության կանխավարկածի մասշտաբային ոտնահարումների, արհամարհանքի․ սկզբում նշանակվում է մեղավորը, ապա ֆեյքային գրոհի ենթարկվում և իրավական որևէ պաշտպանություն դառնում է անհնար։
Խորացած մյուս ռիսկը, Մինասյանի գնահատմամբ, պետական կառավարման համակարգի ձախողումն է։ Վարչապետի վերջին հարձակումը այդ համակարգի վրա վկայեց, որ այն ամբողջությամբ ձախողված է՝ կադրային խայտառակ քաղաքականություն, հանրային պատասխանատվության «զրո» գիտակցում, ապագայի նկատմամբ անպատասխանատու վերաբերմունք՝ նկատեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամը։
Սոցիալ տնտեսական կյանքում զարգացումները գնահատելով՝ Արծվիկ Մինասյանն արձանագրեց, որ անգամ փոքր հաջողութւյունները միջնաժամկետ և երկարաժամկետ առումով շարունակական դառնալու կենսական որևէ հիմք չունեն և կարող են վերջնական ձախողման տանել։
Ի վերջո, Միանսյանը մտահոգություն հայտնեց մեր երկրում ստեղծված հասարակական մթնոլորտի համար, որը ոչ միայն հանրային, բարոյական արժեքները ոչնչացնելու, այլև ազգային իղձերը ոտնատակ տալու նպատակ է հետապնդում։
«Մեր ազգային արժեքները երբևէ կասկածի տակ չեն դրվել․․․ բայց այսօրվա մասշտաբային հարձակումը այս հենասյուների վրա ենթադրել է տալիս, որ այս գործողությունները տանում են դեպի պետականության կորուստ։ Հենասյուներից մեկը հայրենիքի պաշտպանության կարևորության ընկալումն է, «հայրենասիրություն» հասկացության՝ ծաղրի առարկա դառնալը, ռազմադաշտում զոհվածին գնահատելը որպես անիմաստ զոհ։ Ոտնահարվում է այն արժեհակմակարգը, որ մեզ ձևավորել է իբրև քրիստոնյա։ Պատահական չէ վարչապետի հոխորտանքը եկեղեցու սպասավորին ծնկի բերելու մասին և եկեղեցու դեմ հարձակումը․ դա հայ եկեղեցին իբրև ինստիտուտ ոչնչացնելու մտադրություն է»,-ասաց Արծվիկ Մինասյանը։
Նա մտահոգություն հայտնեց, որ սկսած ավանդական արժեքներից մինչև «հարգանքի» ինստիտուտ մասշտաբային ոչնչացվում են։
«Անգամ ԱԺ պատգամավորները, առանց նայելու, որ չեն վաստակել այդ իրավունքը, պիտակավորում են մարդկանց, ովքեր երկրի զարգացման համար հիմքեր են ստեղծել և ազգային ազատագրական պայքարում դերակատարում ունեցել։ Սա գալիս է փաստելու, որ այսօր իշխանությունը չունի արժեքային համակարգ և պատահական չէ, որ չունի նաև գաղափարախոսություն»,-ասաց նա։
Իշխանությունը, որ չունի գաղափարախոսություն, ամենավտանգավորն է՝ փաստեց Արծվիկ Մինասյանը, որովհետև նրա առջև որևէ սահման չկա, թե որն է կարմիր գիծը․ «Այսօրվա քաղաքական թիմը ոչ մեկին չի կարողանում համապատասխանել, սա խորքային խնդիր է՝ հասարակության կազմակերպման հարցի է բերում»։
Նա արձանագրեց, որ իշխող քաղաքական ուժը կամ երկրի ղեկավարը առանցքային որևէ իրավիճակում քաղաքական ուժերին խորհրդակցության չհրավիրեց․ «Դրա փոխարեն մեղադրանքներ հնչեցրին սևազգեստ մարդկանցից մինչև դավադիր պատերազմ հրահրելու համար»։
Այս ամենից Մինասյանը եզրակացնում է, որ քաղաքական իշխանությունը պատրաստ չէ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության համար որակական մի նոր մակարդակի հանրային քաղաքական մշակույթ ձևավորելուն․ երկխոսության բացակայությունը, ազգային ավանդական արժեքների հանդեպ մասշտաբային հարձակումը ձևակերպում են խնդիր՝ ինչպես անել, որ իշխանությունը օր առաջ գիտակցի այդ պատասխանատվությունը և եթե ունակ է՝ վերադարձվի ճիշտ հիմքերի վրա, եթե ունակ չէ՝ հեռացվի։
Առավել մանրամասն՝ տեսանյութում․