կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-02 14:50
Քաղաքական

Համաձայնագրի` դոլարով կատարված գործարքը ճնշում է գործադրում Հայաստանի տնտեսության վրա. Արծվիկ Մինասյան

Համաձայնագրի` դոլարով կատարված գործարքը ճնշում է գործադրում Հայաստանի տնտեսության վրա. Արծվիկ Մինասյան

Այսօր ԱԺ` կառավարության նախաձեռնած արտահերթ նիստում քննարկվում է ՀՀ նախագահի ներկայացրած` ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև կնքված` ՀՀ կառավարությանը 200 միլիոն դոլարի չափով պետական արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագրի վավերացման հարցը:

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ելույթ ունեցավ` ասելով, որ պետք է անդրադառնա անվտանգության այլ բաղադրիչների: Նա մտահոգություն հայտնեց, որ փաստաթղթում բացակայում են ֆինասնական բաղադրիչի վերաբերյալ տեղեկանքները:

«Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ ապրանքի իրացման տարաժամկետ վճարման մեխանիզմ: Այդ տեսակետից, ելնելով ֆինանսական համակարգի անվտանգության խնդիրներից, մտահոգիչը դոլարով ներկայացվածությունն է, որը ճնշում է գործադրում թե\' ռուսական, թե\' հայկական ֆինանսական շուկաների վրա: Այսօր, ըստ էության, մենք Ռուսաստանի հետ միասին Արևմուտքին գործիք ենք տվել, որ մեզ վրա ճնշում գործադրվի: Եթե վաղը դոլարի տատանումների արդյունքում ռուսական տնտեսությունը վնասներ կրի, ապա դրանք մեխանիկորեն տարածվելու են նաև Հայաստանի վրա: Ես հասկանում եմ, որ ռուսական կողմի համար ձեռնտու է համաձայնագիրը կապակցել արտարժույթի հետ, բայց մեզ համար կարևոր է ունենալ կանխատեսելի ֆինանսական խողովակներ: Այդքան տրանսֆերտները, որոնք Ռուսաստանից Հայաստան են ուղղվում, եթե դրանք կապակցվում են ամերիկյան դոլարի հետ, դրա արդյունքում անկում է ապրում մեր քաղաքացիների գնողունակությունը, մեր պետության հնարավորություններն են կրճատվում»,- ասաց պատգամավորը՝ առաջարկելով ԿԲ-ին` նկատի ունենալ այդ մտահոգությունը և աշխատել ֆինանսական համակարգի կանխատեսելիության ուղղությամբ: