կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-16 13:25
Տարածաշրջան

Ջեմալ փաշայի թոռանը սպառնում է ազատազրկում

Ջեմալ փաշայի թոռանը սպառնում է ազատազրկում

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկի` Ջեմալ փաշայի թոռան` հայտնի թուրք լրագրող Հասան Ջեմալի գործը քննող դատախազը պահանջել է 1 տարի 10 ամսից մինչև 9 տարի 4 ամիս ազատազրկում: Ջեմալի նկատմամբ դատական գործ է հարուցվել 2015 թ. դեկտեմբերի 4-ին T24 կայքում հրապարակված` «Սիլվանից. մեզ այնքան են ընտելացրել ցավերին և մահվան, որ…» վերնագրով հոդվածի պատճառով: Ըստ դատարանի` հոդվածում Քրդական աշխատավորական կուսակցության քարոզն է արվում. հաղորդում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:

Դատական լսումները Ջեմալի փաստաբանի` գործին հանգամանալից ծանոթանալու ցանկություն հայտնելուց հետո հետաձգվել են:

Նշենք, որ հոդվածում Ջեմալն անդրադառնում էր Սիլվան քաղաքում (պատմ. Տիգրանակերտ մայրաքաղաք) տեղի ունեցող իրադարձություններին, քաղաքի բնակչությանը և  քրդերի ու թուրքերի միջև բախումներին: Նաև անդրադարձ կա հայերին: Մասնավորապես`  հարցազրույց տեղացի մի կնոջ հետ, որը նշում է. «Ինձ ամուսնացրել են 15 տարեկանում: Ամուսինս քուրդ է: Մայրս էլ, հայրս էլ հայեր են: Վախից ոչ ոք չի ասում, որ հայ է: 4-րդ դասարան էի, երբ իմացա, որ հայ եմ: Դպրոցում, թաղամասում վատ բան էր «հայ» բառը: Մորս հարցրեցի` ինչ է հայը: Ասաց, որ մենք ենք հայ: Բայց խստորեն զգուշացրեց` չխոսել դրա մասին: Սիլվանում շատ են իսլամացված հայերը»: