Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոդվածը ներկայացնում ենք հատվածաբար:
Երբ վարչապետ Թայիփ Էրդողանը մեկ բառով անգամ չի կիսում Բերքին Էլվանի ծնողների վիշտը…
Երբ հրապարակներում ժամերով ելույթ ունենալիս «Աստված հոգին լուսավորի» չի ասում…
Երբ Եգիպտոսում «Մուսուլման եղբայրներ»-ի ղեկավարներից մեկի` ցույցերի ժամանակ մահացած դստեր` 17-ամյա Էսամայի համար լաց է լինում, սակայն Բերքինի համար մեկ կաթիլ արցունք չի թափում…
Երբ Գազայում մահացող երեխաների համար է լալիս, բայց Բերքինի համար` ոչ…
Երբ հազարավոր մարդկանց մասնակցությամբ հուղարկավորության գիշերը նա հեռուստացույցով մեկուկես ժամ խոսում է, սակայն Բերքինի մասին իրեն ուղղված հարցին լրիվ այլ թեմայից պատասխան է տալիս…
Երբ այսքան կարծրասիրտ է կարողանում լինել…
Երբ անողնաշար լրագրողը, մեկ ժամ նրա դիմաց նստելով, վախից չի համարձակվում Բերքին Էլվանի մասին հարց ուղղել …
Երբ Բերքին Էլվանի մահվան բոթը լսած հազարավոր մարդիկ թաղման արարողության ժամանակ փողոցներն էին լցվել, դեկտեմբերի 17-ի գործով կոռուպցիոներների ցուցակում հայտնված և այդ իսկ պատճառով հրաժարական տված նախարարը` Էգեմեն Բաղըշը, կարողանում է «դիակ սիրողներ» գրառումն անել Twitter-ում…
Երբ մեկ այլ նախարար` Ահմեդ Դավութօղլուն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպումից հետո Բերքինի մահվան մասին կարողանում է ասել` «Թուրքիայի ներքին գործն է» …
Երբ ԱԳ նախարարը ՄԱԿ-ի մարդու իրավունքների հռչակագրի, ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների և Եվրոպայի Մարդու իրավունքների կոնվենցիայի տակ Թուրքիայի ստորագրության առկայության իմաստը դեռևս չի հասկացել…
Երբ ԱԳ նախարարը դեռևս չի հասկացել Թուրքիայի` ԵՄ անդամակցության հապավումի` AİHM, այսինքն` Եվրոպայի մարդու իրավունքների դատարանի և Թուրքիա-ԵՄ հարաբերությունների իսկությունը …
Եվ երբ այսքանից հետո կարողանում է Բերքինի մահվան մասին «Թուրքիայի ներքին գործն է» ասել…
Երբ վարչապետ Թայիփ Էրդողանը սրտի դռները ամուր փակում է Բերքինի ծնողների վշտի առաջ…
Երբ, Բերքինի հոր ու մոր կոչերին ի պատասխան, կարողանում է ականջները փակել…
Երբ Օքմեյդանում կրակոցի արդյունքում զոհված 22-ամյա Բուրաք Ջան Քարամանօղլուի ընտանիքին զանգելով` ցավակցում է, իսկ Բերքին Էլվանի մահը դեռ շարունակում է անտեսել… Երբ վշտերը մեկուսացնում է…
Երբ, վշտերը մեկուսացնելով, ոմանց ցավերը այսքան օտարացնում է…
Երբ հազարավոր մարդկանց համախմբող թաղման մասին ասում է` «ի՞նչ թաղում, մեր շենքերն ավերեցին»…
Երբ կյանքի փոխարեն շենքի համար է ափսոսում…
Երբ վարչապետը` Թայիփ Էրդողանը, այս ամենը անում է, նշանակում է` այս երկրին մի մեծ վատություն է անում, նշանակում է` Թուրքիան բևեռացնում է, նշանակում է` սուր բևեռների է բաժանում:
Սա շատ վտանգավոր մի խաղ է:
Վարչապետը` Թայիփ Էրդողանը, այս ծայրաստիճան վտանգավոր խաղով Թուրքիան դեպի կրակն է մղում:
Որովհետև իր կարծիքները չկիսողներին դավաճան է համարում…
Որովհետև իր ապրելակերպը, հավատքը չընդունողներին թշնամու աչքով է նայում…
Ռուշեն Չաքըրը երեկ «Վաթան» թերթի իր սյունակում գրել էր.
«Հրանտ Դինքի հուղարկավորության ժամանակ ԱՄՆ-ում էի: Երկու հուղարկավորություններին ներկա գտնվողները ասում են` Բերքին Էլվանի թաղման հետ շատ նմանություններ կան:
Իրականում միայն նրանց թաղումը չէ, որ նման է. երկուսն էլ այս երկրի «նեղվող» հատվածին են պատկանում:
Հրանտը հայ էր, Բերքինը` ալևի:
Երկուսի մահվան համար էլ առաջին հերթին պետությունն է պատասխանատու և երկուսին սպանողներն էլ պետության կողմից պաշտպանվում են: Այս երկրի ոչ ալևի ժողովուրդը պետության կողմից խլված կյանքերով երիտասարդներին դժբախտաբար ճանաչում է նրանց թաղումներով:
Եթե հեռուստատեսությունները երեկ ցուցադրեին պապիկի` կրոնի մասին ճառը, կարծում եմ` սուննիների և ալևիների նկատմամբ իրենց նախապաշարման համար ոմանք զղջային»: Եթե այսպես շարունակվի, Էրդողանը Թուրքիան կրակը կգցի:
Դեռ չե՞ք հասկացել:
Ցանկանո՞ւմ եք Էրդողանի` «միակ մարդը» լինելու և ավտորիտարիզմի երազանքներին մաս կազմել:
Մեղք !
Հասան Ջեմալ
Թարգմանությունը` Արազ Գայմագամյանի