կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-07 01:10
Առանց Կատեգորիա

ԿԱԼԻՖՈՌՆԻԱ ԿՈՒՐԻԵՐ. Ջեմալ փաշայի թոռն ասաց Ցեղասպանություն, իսկ Մnրգենթաուի ծոռը` ոչ

ԿԱԼԻՖՈՌՆԻԱ ԿՈՒՐԻԵՐ. Ջեմալ փաշայի թոռն ասաց Ցեղասպանություն, իսկ Մnրգենթաուի ծոռը` ոչ

Անցյալ հինգշաբթի երեկոյան հարյուրավոր հայեր հավաքվել էին Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանում (UCLA)` մեծ մտահոգությամբ լսելու Հասան Ջեմալին` հայ ժողովրդի երեք գլխավոր դահիճներից մեկի` Ջեմալ փաշայի թոռանը:

«Դեր Զորից մինչև Ծիծեռնակաբերդ. զրույց Հասան Ջեմալի հետ» խորագրով այս բացառիկ և վիճահարույց միջոցառումը կազմակերպել էր Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) «Ասպետներ» կազմակերպությունը:

Հասկանալի է, որ մթնոլորտը խիստ լարված էր: Ընդարձակ դահլիճը լեփ-լեցուն էր, և ազատ տեղեր չլինելու պատճառով շատերը ստիպված էին հեռանալ: Դահլիճի ներսում զինված ոստիկանների և անվտանգության աշխատակիցների առկայությունը և' հանգստացնող էր, և' մտահոգիչ:

Այդ երեկո ամենացնցողն այն չէր, թե ինչ ասաց Ջեմալը, այլ այն, թե ինչ չասաց մյուս բանախոսը` դոկտոր Պամելա Սթայները`դեսպան Հենրի Մորգենթաուի ծոռը:

ՀԲԸՄ «Ասպետներ»-ի նախագահ Գուրգեն Բերքսանլարն իր ողջույնի խոսքում բոլորին հրավիրեց «անկաշկանդ զրույցի»: Ընդունելով հանդերձ, որ որոշ հայեր մեծ կասկածանքով են վերաբերվում Ցեղասպանությունը ճանաչած թուրքերին` նա հավատում էր, որ «առաջադեմ» թուրքերը, որոնք «հրապարակավ խոսում են 1915 թվականի իրադարձությունների մասին ..., ըստ երևույթին, գտնվում են ներկայիս թուրքական կառավարության հսկողությունից և հասանելիությունից դուրս»:

Այնուհետև Բերքսանլարը ներկայացրեց գլխավոր բանախոս Հասան Ջեմալին և բանավեճի երկու մասնակիցներին` դոկտոր Պամելա Սթայներին և պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանին:

«Milliyet» օրաթերթի սյունակագիր Ջեմալն անմիջապես շահեց թերահավատ լսարանի վստահությունը, իր ողջույնի խոսքը հղելով հայերեն` «բարև, հարգելի' բարեկամներ» և ասելով. «Ես եկել եմ այստեղ իմ սիրտն ու միտքը ձեր առջև բացելու.... Ես գիտեմ ձեր ցավը, Ցեղասպանության ձեր վիշտը, Մեծ եղեռնի ձեր վիշտը»:

Անտեսելով Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը, որն արգելում է Հայոց ցեղասպանություն եզրն օգտագործել, նա իր ելույթի ընթացքում մի քանի անգամ խիզախորեն կրկնեց այդ խոսքերը: Նա միաժամանակ դատապարտեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի կառավարության ժխտողական քաղաքականությունը` այն անվանելով «մեղսակցություն ոճրագործությանը»:

Ջեմալը պատմեց 2008 թվականին Հայոց ցեղասպանության հուշահամալիր կատարած իր շատ հուզիչ այցելության մասին, որտեղ նա մեխակներ էր դրել իր մտերիմ ընկերոջ` լրագրող Հրանտ Դինքի հիշատակին, որին թուրք ծայրահեղականները սպանել էին Ստամբուլում: Երևան կատարած այցելության ժամանակ նա ցնցող մի հանդիպում էր ունեցել Արմեն Գևորգյանի հետ, այն վրիժառուի թոռան, որը 1922 թվականին սպանել էր նրա պապին` Ջեմալ փաշային:

Ջեմալը ներկայացրեց Թուրքիայում վերջին երեք տասնամյակների ընթացքում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը` սկսած համատարած ժխտողականությունից մինչև ներողության քարոզարշավ, հայկական եկեղեցիների վերանորոգում և այդ թեմայով գիտական համաժողովների կազմակերպում: Նա հայերին խնդրեց այցելել Թուրքիա` մասնակցելու «հիշողության վերականգնմանը»: Ջեմալը նրանց հորդորեց երբեք չմոռանալ անցյալը` առանց դրա գերին դառնալու:

Մինչ Ջեմալն իր անկեղծ ելույթով լավ տպավորություն թողեց լսարանի վրա, դոկտոր Սթայները հիասթափեցրեց ներկաներին` անդրդվելիորեն և միտումնավոր հրաժարվելով օգտագործել «ցեղասպանություն» բառը: Դրա փոխարեն նա կիրառեց թուրքական ժխտողական տերմինաբանությանը բնորոշ այնպիսի բառեր, ինչպիսիք են` «ողբերգություն», «տառապանք» և «1915 թվականի իրադարձություններ»:

Որպես Միջհամայնքային վստահության կերտման ծրագրի տնօրեն նա խոսեց «հայերի և թուրքերի միջև վստահության կերտման հնարավոր քայլերի» մասին: Նա ապշեցրեց լսարանին, խնդրելով որ հայերն ընդունեն, թե «թուրք ժողովուրդը [որը] սարսափելիորեն տուժել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ... կարիք ունի և արժանի է դրա ճանաչմանը»:

Չբավարարվելով այս վրդովեցուցիչ խնդրանքով` նա շարունակեց հորդորել հայերին «մտածել թուրքական տառապանքների ճանաչման մասին, նախքան իրենց տառապանքների համար ճանաչում ստանալը»:

Հարց ու պատասխանի ժամանակ, երբ ես մատնանշեցի այն զավեշտալի հակասությունը, երբ Ջեմալ փաշայի թոռը ազատորեն օգտագործում է Հայոց ցեղասպանություն եզրը, մինչդեռ դեսպան Մորգենթաուի ծոռը` ոչ, դրան հետևեց դոկտոր Սթայների ոչ համարժեք պատասխանը: Նա արդարացավ, ասելով, որ «միջնորդի» դեր է կատարում` «հաշտեցման» ձգտելով հայերի և թուրքերի միջև:

Բանավեճի վերջին մասնակիցը` պրոֆ. Հովհաննիսյանը, խիստ ձայնով, քաղաքավարի, սակայն, միևնույն ժամանակ, ծանրակշիռ պատասխան տվեց նախորդ բանախոսներին: Նա Հասան Ջեմալին ասաց, որ հայկական մեծ լսարանը հավաքվել է նրան լսելու ոչ թե որպես թուրք լրագրողի, այլ որպես Ջեմալ փաշայի թոռան: Նա բացատրեց, որ թուրք ոճրագործների մտայնության ըմբռնումը չի կարող որևէ կերպ արդարացնել նրանց գործողությունները: Նա բոլորին նախազգուշացրեց կանխամտածված ոչնչացման հետևանքով հայերի կրած տառապանքները չհավասարեցնել թուրքերի` պատերազմից կրած տառապանքների հետ: Նա շեշտեց, որ հայերը ոչ միայն ճանաչում են պահանջում, այլ, որն ավելի կարևոր է` իրենց բռնագրավված ունեցվածքի վերականգնումը:

Ռ. Հովհաննիսյանը կոչ արեց Թուրքիայի կառավարությանը` Պոլսո Հայոց պատրիարքարանին վերադարձնել Թուրքիայում գտնվող հարյուրավոր հայկական եկեղեցիները: Վերջում, որպես դոկտ. Սթայներին ուղղված ակնարկ, նա շեշտեց, որ «հաշտեցումը» պահանջում է «զղջում արարքի համար»: Նրա ելույթն ընդունվեց հոտնկայս ծափահարություններով:

Ես համարում եմ, որ Ջեմալն անկեղծ էր և խիզախ: Նա հեշտությամբ կարող էր խուսափել Հայոց ցեղասպանություն եզրն օգտագործելուց` պնդելով, որ այդ դեպքում նա կհայտնվի բանտում: Սակայն նա որևէ պատրվակով չհրաժարվեց դրանից և մի քանի անգամ օգտագործեց ցեղասպանություն եզրը: «Մեծ աղետի» համար իր պապին պատասխանատու անվանելով` նա ներկայիս Թուրքիան բնութագրեց որպես «մոլագար մի երկիր»:

Թեև դժվար է մոռանալ, որ Հասան Ջեմալը` Հայոց ցեղասպանության երեք կազմակերպիչներից մեկի թոռն է, սակայն ճիշտ չի լինի երեխաներին պատասխանատու ճանաչել իրենց ծնողների մեղքերի համար: Ջեմալի դիրքորոշումը կտրուկ փոխվել էր երկու տարի առաջ Բոստոնում նրա հայտնվելուց հետո, երբ նա խուսափում էր օգտագործել Հայոց ցեղասպանություն եզրը:

Կալիֆոռնիայի համալսարանում ունեցած ելույթից հետո, մասնավոր զրույցում ես նրան հարցրի, թե արդյո՞ք չի մտահոգվում, որ իրեն կարող են դատի տալ ցեղասպանություն բառն օգտագործելու համար: Թեև նա ասաց, որ այդպես չի կարծում, սակայն կարևորելով իմ մտահոգությունը, Ստամբուլ վերադառնալուց հետո այդ մասին գրեց Milliyet-ի իր հոդվածում:

Այդ երեկո Ջեմալի միակ տհաճ խոսքը` Թուրքիայից հայկական հողերը վերադարձնելու պահանջատիրության մերժումն էր: Չնայած, զարմանալի չէ լսել մի թուրքի, անկախ այն բանից, թե որքան հանդուրժող է նա, որը պաշտպանում է իր երկրի ամբողջականությունը: Այնուամենայնիվ, նա հաստատեց, որ Թուրքիայի կառավարությունը պետք է ներողություն խնդրի հայերից և փոխհատուցում վճարի նրանց:

Մյուս կողմից` դոկտ. Սթայներին` որպես ամերիկացի հրեայի և դեսպան Մորգենթաուի անմիջական ժառանգի, չի կարելի արդարացնել ցեղասպանության եզրը օգտագործելուց համառորեն հրաժարվելու համար` չնայած նրա բարի մտադրությունների ինքնախոստովանությանը:

Յուրաքանչյուր ոք, ով չի ընդունում Հայոց ցեղասպանության ճշմարտացիությունը, կորցնում է հայ-թուրքական հարաբերություններում կառուցողական դեր խաղալու բարոյական իրավունքը: Չի կարելի չեզոք դիրք գրավել զոհի և դահիճի միջև: Նա պետք է ուշադրություն դարձնի Հոլոքոստը վերապրած և Նոբելյան մրցանակի դափնեկիր Էլի Վիսելի հետևյալ իմաստուն խոսքերին. «Չեզոքությունը օգնում է կեղեքիչներին, բայց ոչ երբեք զոհին»:

Որպես միջնորդ երկու համայնքների միջև` դոկտ. Սթայները հավանաբար հավատում է, որ չպետք է կողմնակալ լինել: Սակայն ճշմարտությունն ասելը բնավ չի նշանակում հայերի և թուրքերի մեջ որևէ մեկի կողմը լինել, ինչպես որ հրեական ողջակիզումը ճանաչելը չի նշանակում կողմնակից լինել հրեաներին: Բացի այդ, պարզ չէ, թե որպես միջնորդ ո՞րն է կոնկրետ նրա դերը:

Ցեղասպանությունն այնպիսի վեճ չէ, որը միջնորդի կարիք ունենա: Եվ ինչպես կարող է նա հաշտեցնել երկու ժողովուրդների, առանց դահիճից հատուցում պահանջելու այն բանի համար, որ նրա նախապապն անվանել էր «Մի ազգի սպանդ»:

Կալիֆոռնիայի համալսարանում իր ելույթից հետո, դոկտ. Սթայները էլեկտրոնային փոստով ինձ մի երկար նամակ էր ուղարկել, որում լրացուցիչ բացատրություններ էր տվել միջնորդի իր դերի մասին` պնդելով, որ դեսպան Մորգենթաուն կպաշտպաներ իր գործը: Ես չեմ կարող հավակնել, որ դոկտ. Սթայներից ավելի լավ եմ ճանաչում նրա նախապապին, սակայն ծանոթ լինելով Ցեղասպանության ժամանակ և դրանից հետո դեսպան Մորգենթաուի մարդասիրական ջանքերին` կարող եմ առանց վարանելու ասել, որ նա հնարավոր ամեն ինչ կաներ հայերին արդարություն բերելու համար, քան թե չեզոք դիրք գրավեր դահիճների և նրանց զոհերի միջև:

Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ