Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ներկայացնում ենք հատվածաբար՝
Այս երկրում ապրելու, ողջ մնալու համար պետք է տառապե՞լ…
Կիրակնօրյա մի առավոտ… Գորշ, մռայլ, սառը եղանակ: Անձրևում է: Ծովը մշուշապատ է: Համացանցում լուրեր եմ կարդում: Մեջս բողբոջում է անարդարության դեմ ըմբոստությունը: Այս հոդվածում երկրի մասին արտահայտություններ կան՝ մարդկանց մեծ ցավ պատճառող…
Անարդարության դեմ ըմբոստանալ:
Եվ մի հոդված գրել…
Միայն այդքա՞նը:
Այսինքն՝ սա խղճի մաքրություն է:
Այդքա՞նը:
Չգիտեմ:
Սակայն ուրիշ ի՞նչ կարող եմ անել:
Հոդվածով ըմբոստանալ:
Կիրակնօրյա մի առավոտ…
Գորշ, մռայլ, սառը եղանակ:
Անձրևում է:
Ծովը մշուշապատ է:
Համացանցում կարդում եմ Մալաթիայի «Զիրվե» («Գագաթնակետ») հրատարակչության դեմ իրականացված ահաբեկչական գործողության կասկածյալների ազատ արձակման մասին լուրերը: (2007 թվականի ապրիլի 18-ին հրատարակչության դեմ արված ահաբեկչության ժամանակ կտրել էին մեկ գերմանացու, երկու թուրքի և երեք քրիստոնյայի վզերը):
Բողոքական եկեղեցիների միությունը հրատարակել է հետեւյալը`
2007 թվականի ապրիլի 18-ը Թուրքիայում բնակվող բողոքական քրիստոնյաների համար շատ ծանր օր է եղել: Այդ օրը «Զիրվե»-ի աշխատակիցներ Նեջաթի Այդընի և Ուղուր Յուքսելի հետ սպանվել է գերմանացի Թիլման Գեսքեն. 5 երիտասարդներ նրան ծանր տանջանքների ենթարկելուց հետո վիզն են կտրել՝ միայն քրիստոնյա լինելու պատճառով:
Ազատ արձակված կասկածյալ մարդասպանները դատավարությունների ընթացքում սպանվածների ընտանիքներին, մամուլի ներկայացուցիչներին և փաստաբաններին բազմիցս սպառնացել են:
Նրանց ազատ արձակման մասին որոշումը քրիստոնյաների շրջանում տխրություն և արդարության նկատմամբ հավատի կորուստ է առաջացրել:
Կիրակնօրյա մի առավոտ…
Կարդում եմ Էրհան Թունջելի (Հրանտ Դինքի սպանությունն ուղղորդողներից)` ազատ արձակումից և բանտից դուրս գալուց հետո արած հայտարարությունները:
Սիրելի Հրանտը հեռուներից ձեռքով է անում:
Հավանաբար նա նույնպես ըմբոստանում է անարդարության դեմ:
Ռաքելի վշտալի դեմքն աչքիս առաջ է…
Այսպիսի արդարությո՞ւն է լինում…
Այն երկրում, որ անարդարությունն այսքան տարածված է, խաղաղությունն ու հանգստությունը ինչպե՞ս կարող են թակել մեր դուռը…
Այս երկրում, որտեղ ոճրագործներին հերոսացնում են, այս մութ մտածելակերպի աշխարհում ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը ինչպե՞ս կարող են հաստատվել…
Ըմբոստանում եմ:
Ներսս խավար է տիրում:
Երբևէ չե՞նք կարողանալու հանգիստ շնչել այս երկրում…
Բարի լույս, եղբա՛յրս՝ Սևան
Նիշանյանի լուրերն եմ աչքի տակով անցկացնում: Այդըն Էնգին-ի T-24-ի հոդվածն եմ կարդում:
«Քանի որ Սևանը հայ է, հ՞ա…
Թորբալը բաց բանտում պահակներից մեկը Սևան Նիշանյանի վարկային քարտը գողացավ: Գողության մասին մամուլը տեղեկացավ: Սակայն գողի փոխարեն Սևան Նիշանյանը պատասխան տվեց և նրան անմիջապես Թորբալը բաց բանտից Բուջա փակ բանտը տեղափոխեցին: Սևան Նիշանյանի հետ նոր բանտում տեղի ունեցող ընթացիկ իրադարձությունների մասին հաղորդում է նրա մտերիմ ընկերը` Շիրինջեի Մաթեմատիկայի գյուղը Սևանի հետ փրկող Ալի Նեսինը:
«Հին հավաբներ հիշեցնող, 60 հոգու համար նախատեսված բանտախցում պահում են 103 հոգու, ինչը հազվադեպ է լինում` հիմնականում 130-ն են: Գետնին փռված, անբացատրելի կեղտոտ սպիտակեղենով անկողինը կիսում են երեք հոգով: Նիշանյանին անկողին տալը դժգոհություն է առաջացրել բանտում: Սակայն նա, ուրիշների ավելի վատ դրության մեջ լինելը մատնանշելով, ասում է` «լավ եմ»: Գիշերը այնտեղ չեն ջեռուցում, օդափոխության համար պատուհանը նույնիսկ չեն բացում: Տրվող սնունդն անհնար է ուտել: Բանտախցում սեղան-աթոռ չկա: Այդ իսկ պատճառով նրանք, ովքեր Սևանի նման տեղ չունեն, ամբողջ օրը նստելու տեղ չեն գտնում: Սակայն Սևանն այդ պայմաններին հերոսի պես է դիմակայում: Երիտասարդ ժամանակ էլ էր այդպիսին»:
Կիրակնօրյա մի առավոտ, անձրևում է:
Դեպի հեռուները բղավում եմ` բարի՛ լույս, եղբա՛յրս՝ Սևան:
Ձայնս կարողանո՞ւմ է լսել…
Այս երկրում ապրելու, ողջ մնալու համար պետք է տառապե՞լ…
Հասան Ջեմալ
Թարգմանությունը՝ Արազ Գայմագամյանի