կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-05 14:23
Քաղաքական

Ադրբեջանն օգտագործելու է Մամեդյարովի օդանավային պատասխանները` ցույց տալու համար, թե ով է ասել, որ միայն Փաշինյանն է պատրաստ աշխատել հասարակության հետ. Պողոսյան

Ադրբեջանն օգտագործելու է Մամեդյարովի օդանավային պատասխանները` ցույց տալու համար, թե ով է ասել, որ միայն Փաշինյանն է պատրաստ աշխատել հասարակության հետ. Պողոսյան

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Բրյուսել-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավում զրույցի է բռնվել ազգության հայերի հետ: Առաջին զրույցը կայացել է անգլերեն լեզվով: Մամեդյարովին հարց են ուղղել ԼՂ հակամարտության մասին: Զրույցը շարունակվել է ռուսերեն` կնոջ հետ, որը ներկայացել է որպես  լրագրող: «Դուք Իջևանի՞ց եք»,- հարցրել է Մամեդյարովը նրան` նշելով, որ բոլոր նրանք, ում հանդիպել է, սովորաբար Իջևանից են եղել:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը նշեց, թե որքանով է այս ամենը մտածված եղել,  այլ հարց է, բայց մի բան պարզ է՝ մի քանի ամիս հետո Ադրբեջանն այս փաստն իր օգտին շատ լավ օգտագործելու է:

«Մի քանի ամիս հետո կտեսնեք, թե ոնց է Ադրբեջանն օգտագործում բոլոր այդ խնդիրները: Պետք եղած ժամանակ տարբեր տեղերում կօգտագործեն այդ պատասխանները, որ հայերին բացատրել են` «պուպուշիկ» դեմքով, «բարի ժպիտով»: Պետք է եղել` անգլերենով, պետք է եղել` ռուսերենով հանգիստ խոսել և բացատրել է, թե ո՞վ է ասել, որ միայն պարոն Փաշինյանն է պատրաստ Ադրբեջանի հասարակության հետ աշխատել: Ցույց են տալու, թե` տեսեք, Մամեդյարովն ինքնաթիռում ուղղակի շփվում, շատ հանգիստ խոսում, պատասխանում է հարցերին: Այստեղ է տեղեկատվական պատերազմի խնդիրը. ցանկացած երկիր պետք է կարողանա ձևավորել իր դիմադրողականությունը կամ ունակությունը չենթարկվել ուրիշի օրակարգին, չխաղալ նրա դաշտում, այլ սեփական օրակարգ առաջադրել: Մենք պետք է այդ ուղղությամբ աշխատենք՝ և՛ պետական ինստիտուտները, և՛ մամուլը, և՛ հասարակությունը»,- նշեց նա:

Թևան Պողոսյանը հիշեցրեց, որ Ադրբեջանը 2016 թվականի մայիսից և հունիսից հետո մատը մատին  չխփեց, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կյանքի կոչվեն, և հիմա շարունակելու է դա անել:

«Եվ Ադրբեջանի հանգիստ վարքագիծը հենց նրանով է պայմանավորված, որ երբ ասեն՝ բա այդ պայմանավորվածությունները, պատասխանի՝ չեմ կրակում, ինչ եք ուզում ինձնից: Ժամանակին Էդվարդ Նալբանդյանը մեկ անգամ չէ, որ ասել է, որ ԵԱՀԿ-ում, երբ պետք է այդ պայմանավորվածությունների հարցը քննարկեին, կար երկիր, որը պատրաստ էր ֆինանսավորել դա, առնվազն՝ դիտորդների ավելացումը: Բյուջետային գրասենյակում պետք է քննարկեին, և Ալիևի դեսպանը միշտ վետո է դրել: Այն ժամանակից Ադրբեջանը միշտ դրան դեմ է եղել, և հիմա այնպես է ստացվել, որ ասում է՝ եկեք, նոր բան պայմանավորվենք, ազնիվ խոսք եմ տվել, որ չեմ կրակելու: Եվ ինքն իր նպատակին հասնում է, թեպետ շարունակում է կրակել, իհարկե, երբեմն օդ է կրակում, որ հետո ասի, թե միամիտ կրակոցներ էին: Ադրբեջանն այս ուղղությամբ հետևողական աշխատում է: Մյուս կողմից՝ ինձ արդյունքն է հետաքրքրում, անունը կլինի` Սանկտ Պետերբուրգ, թե` Վիեննա, այդքան էլ կարևոր չէ»,-շարունակեց նա՝ հիշեցնելով  ՀՀ ԱԳ նախարարի պնդումը, որ օրակարգից Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունները չեն հանվել, այլ հարց է, որ այլ տերմինա բանություն է օգտագործվում: