կարևոր
313 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-16 20:40
Քաղաքական

Փաշինյանն օգտագործելու է անգամ ոչ սահմանադրական մեթոդները, որ վերընտրվի․ սահմանադրագետ

Փաշինյանն օգտագործելու է անգամ ոչ սահմանադրական մեթոդները, որ վերընտրվի․ սահմանադրագետ

Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնման առաջին քայլը եւ ամենակարեւոր մեխանիզմը ընտրություններն են։ Դրանք հավանաբար կլինեն հերթական, քիչ հավանականություն կա նաեւ, որ ընտրությունները լինեն արտահերթ․ «Այլընտրանքային նախագծեր» խմբի կազմակերպած՝ «Սահմանադրական կարգի վերականգնման ուղիները» թեմայով քննարկման ժամանակ ասաց միջազգային իրավունքի մասնագետ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանը՝ պատասխանելով հարցին՝ կա՞ն սահմանադրական երաշխիքներ՝ Հայաստանում սահմանադրական կարգը վերականգնելու համար։

Թե որքանո՞վ առաջիկա ընտրություններն ազատ եւ արդար կլինեն այն պարագայում, երբ ունենք իշխանության գերկենտրոնացում մեկ անձի ձեռքին, որն ամեն տարբերակ գործադրելու է, որպեսզի վերարտադրվի, բանախոսը համարում է ընդդիմադիր ուժերի խնդիրը։ Իր գնահատմամբ, ընդդիմադիր ուժերի հիմնական անելիքը պետք է լինի՝ կարողանալ մոբիլիզանալ, մոբիլիզացնել ոչ պրոնիկոլական ընտրազանգվածի ձայները, որպեսզի դրանք չկենտրոնանան իշխանական ճամբարում, որպեսզի դրանք չփոշիանան եւ հնարավորություն լինի մտնել պառլամենտ ու նոր կառավարություն ձեւավորել։ Իր տպավորությամբ, ընդդիմադիրները շատ հստակ չեն պատկերացնում, թե կառավարության ձեւավորումն ի՞նչ կերպ պետք է լինի։ Վարդան Պողոսյանը մանրամասնում է՝ ընտրություններից հետո կառավարության ձեւավորման եւ վարչապետի ընտրության հարցը ոչ թե պառլամենտին, այլ ժողովրդին է վերապահված, եթե որեւէ ուժ բացարձակ մեծամասնություն չի հավաքում։ Դա նշանակում է, որ ընդդիմադիր ճամբարը մինչեւ ընտրություններ պետք է համաձայնության գա երկրի վարչապետի թեկնածուի շուրջ։

Համաձայնության չգալու պարագայում լինում է ընտրությունների երկրորդ փուլ, որն մասնակցում են ընտրական շեմը հաղթահարած կուսակցությունները՝ 4 տոկոս կուսակցությունների համար, 8 տոկոս մինչեւ երեք կուսակցությունների դաշինքների համար, 10 տոկոս՝ չորս եւ ավելի կուսակցությունների դաշինքների համար։ Երկրորդ փուլում էլ են հնարավոր նոր դաշինքներ, քանի որ երկրորդ փուլին պետք է մասնակցեն առավելագույն ձայներ հավաքած երկու կուսակցությունները։