Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի ծննդյան 140-ամյակի առթիվ ՀՅԴ պատմության և Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանների համատեղ ջանքերով տեղի ունեցավ միջոցառում: ՀՅ Դաշնակցության ներկայացուցիչները, նրա անմահ գործը արժևողորղները պատկառանքով ծաղիկներ խոնարհեցին քաղաքամայր Երևանում նրա հուշարձանին: ՀՅԴ Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանի կարծիքով՝ Արամ Մանուկյանն իր տեսակով ու նկարագրով անկրկնելի է մեր նորագույն պատմության մեջ: «Արամը գործի մարդ էր: Այնտեղ, որտեղ գործ ու պատասխանատվություն կար, Արամն այնտեղ մշտապես ներկա է եղել, ընդ որում՝ առանց տիտղոս, առանց կոչում ու առանց ազգանվան, այսինքն՝ որպես Արամ, որովհետև մարդիկ նրան անունով էին ճանաչում: Արամը, դաշնակցական լինելով հանդերձ, հեղինակություն էր բոլորի համար, քանի որ գիտեր կուսակցական շահերից վեր կանգնել, մտածել՝ համազգային նպատակներից ելնելով: Այս առումով նրա ներդրումը Հայաստանի Առաջին Հանրապետության կերտման պատմության մեջ անգնահատելի է»,- փաստեց Արսեն Համբարձումյանը: Նա նաև հավելեց, որ սերունդներն այսօր Արամին ճանաչելու հնարավորություն ունեն՝ ի տարբերություն խորհրդային տարիների, երբ Արամի դերի ու նշանակության մասին նույնիսկ չի գրվել դասագրքերում, ու այդ պետական մեծ գործիչը մնացել էր ստվերում, թեև Արամ Մանուկյանն անգամ տասնամյակների հեռավորությունից նորից վեր էր հառնելու: Դրա առհավատչյան Հանրապետության հրապարակում վեր խոյացած նրա արձանն է»:
Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի մոտ ոգեկոչելով նվիրյալ հայորդու և նրա զինակից ու գաղափարակից ընկերների անմահ հիշատակը՝ ՀՀ Պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը ներկայացրեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի շնորհավորական ուղերձը, որում ըստ արժանվույն գնահատվեց պետական և ռազմական գործիչ Արամ Մանուկյանը: «Արամի ամենամեծ ծառայությունն իր ժողովրդին, թերևս, Սարդարապատի հերոսամարտն էր: Առաջին անգամ հայկական բանակը միայնակ դիմակայեց թուրքական կանոնավոր զորքին: Արամին է պատկանում Սարդարապատի առաջին դափնին: Նրանն է նաև Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման ամենամեծ պատիվը: Արամն, առաջնորդվելով ազգային և պետական մտածողությամբ, դրսևորելով կազմակերպչական տաղանդ, ժողովրդին հավաքական գործունեության մղելու ձիրք, նպատակային ու արդյունավետ գործունեություն ծավալեց: Երկրում ամենուր իշխանության և իրավակարգի հաստատման, պետական իշխանության մարմինների ամրապնդման, թաթարական հակապետական խռովությունների ճնշման, երկրի հայացման, գաղթականության և որբերի խնամքի համար՝ նպաստելով նորաստեղծ պետականության ամրապնդմանը: Արամը դարձավ հայոց պայքարի և ստեղծարար մտքի մարմնացումն ու ոգին»,- նշված է Պաշտպանության նախարարի ուղերձում:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արթուր Ղազարյանն իր ելույթում, կարևորելով հայության պայքարն ինքնիշխան կյանքի համար, նշեց, որ հայոց ազատագրական պայքարն իր բարձրակետին է հասել Սարդարապատում: Նրա խոսքերով. «Մայիսյան հերոսամարտերը պարտադրեցին թշնամուն ընդունել Հայաստանի անկախ ապրելու իրավունքը, որի մասին հայ ժողովուրդը փափագել էր դարեր շարունակ: Հաղթական պատերազմ, որի կերտման գլխավոր գործող անձը եղավ հայ նորագույն պատմության մեծերից մեկը՝ Վ. Տերոյանի բնորոշմամբ` «Վանի հասարակական հսկա» Արամ Մանուկյանը»:
1918 թ. օրհասական օրերին, երբ դրված էր հայ ժողովրդի լինելիության հարցը, Արամը հավատ և հույս ներշնչեց հուսահատության գիրկն ընկածներին: Նա կարողացավ համախմբել ժողովրդին՝ պայքարի ոգի ներարկելով նրա մեջ: Արթուր Ղազարյանի կարծիքով՝ հենց Արամ Մանուկյանը հնարավոր դարձրեց Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնումը, որն, իր էությամբ, ազգային էր: Բանախոսը հիշատակեց հատկանշական մի դրվագ մեծ հայրենասերի կյանքից: «Երբ Երևանը վտանգի մեջ էր, և սպասվում էր, որ այն կգրավվի, շատերը խոսում էին Արամին քաղաքից հեռացնելու մասին, որ փրկեն նրա կյանքը, բայց Արամը նրանց պատասխանեց, թե իր համար գերադասելի է թուրքերի ձեռքով կախաղան բարձրանալ Ազգային խորհրդի շենքի առջև, քան հեռանալ, բացի այդ, քաղաքից հեռանալու մասին չէ, որ պետք է մտածել, այլ քաղաքը փրկելու մասին: Իր ապրած կյանքով և երկրին ու ժողովրդին անմնացորդ նվիրման շնորհիվ է Արամ Մանուկյանն արժանացել Հայաստանի Առաջին Հանրապետության Հիմնադիր-հայր կոչմանը: Լինելով ներքին գործերի նախարար՝ Արամը կարողացավ դառնալ գործադիր իշխանության առանցքային դեմքը: Ձևավորելով պետական ինստիտուտներ՝ նա պարտադրեց հայ հասարակությանը հարգել նորաստեղծ պետության արժեքներն ու խորհրդանիշերը: Նրա փառքը չեղավ անցողիկ, այլ այն թեև ոտնահարվեց, դատապարտվեց մոռացության, բայց նրա կերտած պետության մեջ վերածնեց կրկին, որովհետեւ շինծու չէր, պսակված էր մեր լինելիության դափնեպսակով: Հազար փառք քեզ, Մեծ հայ: Հպարտ ենք, որ կաս դու, որպես Ազգային առաջնորդի չափանիշ:
Շնորհավոր 140-ամյակդ, Արա´մ»,- իր խոսքն այս շեշտադրումներով եզրափակեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արթուր Ղազարյանը:
Արամ Մանուկյանի ծննդյան 140-ամյակին նվիրված միջոցառումը շարունակվեց Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանի դահլիճում, որտեղ հնչեցին հիշատակի խոսքեր, նաև հայրենասիրական երգի կատարումներ, որոնց սիրով մասնակցեց գրեթե ողջ դահլիճը:
Դահլիճում հնչած ելույթներում մեկ անգամ ևս արժևորվեցին պետական ու ռազմական անկրկնելի անհատի կյանքն ու գործունեությունը: Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանն Արամ Մանուկյանին համարեց մեր նորագույն պատմության Փոքր Մհերը. «Մեզ համար Արամ Մանուկյանը ծնվեց՝ իրականություն դարձնելու համար ավելի քան 600 տարի պետականություն չունեցող ժողովրդի երազը՝ ազատ և անկախ Հայաստանի Հանրապետությունը: Ինչպես ժամանակակիցներն են վկայել դեռևս իր կենդանության օրոք, Արամը դուրս եկավ իր կուսակցության սահմաններից ու դարձավ ազգային դեմք»,- նշեց նա:
Պատմաբան Արմեն Ասրյանի պատկերմամբ ՝ Արամ Մանուկյանն այն գործիչն էր, որը խոսում և քարոզում էր այն, ինչ ի վիճակի էր կատարել: «Նրա խոսքը երբեք չի տարբերվել գործից: Նա անգամ կարող էր օրենքը շրջանցել, բայց միայն իր երկրին ու ժողովրդին օգտակար լինելու համար: Նա իր ամբողջ կյանքը նվիրեց հայ ժողովրդի ազատագրության, ապա նաև անկախ պետականության վերականգնման գործին»,- նշեց Արմեն Ասրյանը:
Առավել քան այժմեական են Արամ Մանուկյանի հետևյալ մտքերը. «Թող համոզվին ու ըմբռնեն ազգերու դեմոկրատիաները, ինքնորոշման սկզբունք հայտարարողներն ու ընկերվարական տեսականեն ճառողները՝ թե տակավին սուրն է միմիայն այս երկրի վրա իրավունք որոշողը։ Թող յուրաքանչյուր հայ դուրս գա զենքն ի ձեռքին, դիմե ռազմաբեմը, իսկ վախկոտներն ու դասալիքները թող չի կնճռոտին հայրենիքը պաշտպանողներու անբիծ ճակատը։ Շարժվի՛ր, հայ ժողովուրդ, դու որոշած ես չի չքանալ այս աշխարհեն, դիմի´ր դեպի քու փառքդ ու անկումդ որոշող մարտադաշտը, բայց այս անգամ՝ «ՎԱՀԱՆՈՎԴ՝ ԿԱՄ ՎԱՀԱՆԻԴ ՎՐԱ»: Մեր ժողովուրդը դաստիարակվել է Արամի ու նրա հայրենանվեր հետնորդների ապրած կյանքով ու պատգամներով: Հայրենասիրությունը գեներով փոխանցվել է սերնդեսերունդ: Արամի ցանած սերմերը բեղմնավոր են առ այսօր: Վկան Արցախյան ազատամարտում մեր փառահեղ հաղթանակն է: Վկան Ապրիլյան քառօրյայի հերոս հայորդիների անմոռաց սխրանքներն են:
Մարիամ Հովսեփյան