կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-11 13:52
Քաղաքական

Քննադատությունը սպանում է, եթե դու չունես քո սկզբունքները, արժեքներն ու մոտեցումները. Աղվան Վարդանյան

Քննադատությունը սպանում է, եթե դու չունես քո սկզբունքները, արժեքներն ու մոտեցումները. Աղվան Վարդանյան

Այսօր` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, խոսելով հանրաքվեի և հանրության վստահության քվե մասին, նշեց, որ միայն այն փաստը, որ չստացվեց մեծացնել վստահությունը հանրաքվեի նկատմամբ, մեծ ափսոսանք է առաջացնում:

Նա միաժամանակ շեշտեց, որ Դաշնակցությունը ոչ թե հետ է նայում, այլ միայն առաջ՝ այսօրվա խնդիրները ձևակերպելով ու լուծումներ փնտրելով:

Ինչ վերաբերում է ՀՅԴ հասցեին հնչող մեղադրանքներին, Աղվան Վարդանյանը նշեց. «Որևէ մեկը չի որոշելու մեր իրավունքը: Վստահ եմ` միշտ լինելու են ուժեր, տարբեր սոցիալական շերտեր ներկայացնողներ, որոնք անընդհատ մեղադրելու են: Եթե մենք առաջնորդվեինք նրանով, որ ինչ-որ մեկը հանկարծ մեզ չմեղադրի, ապա մենք կդառնայինք ամբոխավար, կնմանվեինք մի քանի այլ կուսակցությունների, որոնց համար բացարձակ նշանակություն չունի` այսօր մի բան կասեն, վաղը՝ լրիվ այլ բան: Մենք մասնակից ենք եղել հանրաքվեին, ինչպես բոլորը, և թող նրանք նախ իրենց նայեն, թող նայեն, թե քանի տեղում են կարողացել ապահովել իրենց ներկայությունը: Սրանք փաստեր են: Այդ մեղադրողներն ինչո՞ւ են միայն 78 տեղամասի բողոքարկման համար ներկայացրել, այլ ոչ 1900 տեղամասի: Դաշնակցության ներկայացուցիչները բազմաթիվ տեղերում եղել են օրինականություն ապահովողները: Եվ իսկապես, մենք առանձնահատուկ գործառույթ այստեղ չունենք, չի կարելի մեղադրանքներով հարց լուծել: Թող մեղադրեն, դա ոչինչ չի փոխելու, դա անպտուղ զբաղմունք է»,- ասաց նա:

Աղվան Վարդանյանը շեշտեց, որ հանրաքվեն աչքի է ընկել ակտիվ մասնակցությամբ, և 400 հազար քաղաքացի լուռ, առանց ցցուն բաների, գնացել «ոչ» է ասել, որի մեծ մասն ուղղված էր ոչ թե Սահմանադրության, այլ իշխանությունների դեմ: Եվ այդ ամենը պետք է դաս լինի, որ հետո կարողանան նոր հիմքեր դնել: «Թշնամությամբ և միմյանց ոչնչացնելու բուռն ցանկությամբ մենք ոչ մի տեղ չենք հասնի»,- ասաց նա:

Հարցին, թե արդյո՞ք ունեն տվյալներ, որ «Ոչ»-ը նույնպես դիմել է ընտրակեղծիքների, Աղվան Վարդանյանը պատասխանեց, որ նման տեղեկություններ չունի, ապա հավելեց, որ բոլոր ապացուցվելիք խախումներն ու կեղծիքները պետք է իսկապես բացահայտվեն ու օրենքի խստությամբ պատժվեն, որ դաս լինի:

Հարցին` արդյո՞ք այս հանրաքվեից հետո Դաշնակցության վարկանիշին վնաս չհասցվեց, որովհետև սոցիալական ցանցերում մեղադրանքներ հնչեցին նրա հասցեին, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Եկեք` տարբերենք օբյեկտիվ իրականությունն ու վիրտուալ աշխարհը: Այսօր հաղորդակցության միջոցներն ու համացանցն իսկապես բացառիկ դերակատարություն ունեն, բայց նույն սոցիալական ցանցերի օգտատերերի ո՞ր մասն է, որ պատրաստ է իր անձնական իրավունքները պաշտպանել: Մի բան է արտահայտվել սոցիալական ցանցերում, մեկ այլ բան` կյանքում այդ ամենը պաշտպանել: Վստահ եմ, որ Դաշնակցության վարկանիշը չի տուժել, որովհետև չի եղել մի ամիս, մի տասնամյակ, որ Դաշնակցության հասցեին ինչ ասես չասեն: Բայց եթե մենք առաջնորդվենք ուրիշների վերաբերմունքով, ապա կդադարենք պատասխանատու քաղաքական ուժ լինելուց: Էս մի բանը չանենք, որ էս մի բանը չասեն, որ հասարակության այսինչ մասին դուր գանք... Մենք երբեք ամբոխվար չենք եղել, մենք երբեք չենք ասել մի բան և երկու օր հետո այլ բան: Քննադատությունը սպանում է, եթե դու չունես քո սկզբունքները, արժեքներն ու մոտեցումները»: