Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում 71 օր հետո կմեկնարկեն 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերը: Փետրվարի 9-25-ը հազարավոր մարզիկներ կպայքարեն յոթ մարզաձեւի 15 մրցաձեւում: Արդեն մի քանի շաբաթ է՝ օլիմպիական կրակը շրջում է Հարավային Կորեայում: Օլիմպիական խաղերի մեկնարկին այն կհասնի Փհենչհան՝ «Օլիմպիական ստադիոն»:
Ներկայացնում ենք Փհենչհան-2018-ի խորհրդանիշերը: 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի տարբերանշանը (լոգոտիպ) ստեղծելիս օգտվել են կորեական այբուբենից: Օգտագործվել է Փհենչհան (평창) բառի յուրաքանչյուր վանկի առաջին ձայնավորը: Տարբերանշանն առաջին հերթին խորհրդանշում է երկնքի, երկրի եւ մարդկության ներդաշնակությունը, ապա` ձյունն ու սառույցը, ինչպես նաեւ մարզիկների աստղային ելույթները:
Փհենչհան-2018-ի թալիսմանը ստեղծելիս ոգեշնչվել են սպիտակ վագրով, որն այդ երկրի խորհրդանիշն է: Թալիսմանի անունը Սուհորան է (Soohorang): «Sooho» կորեերեն նշանակում է պաշտպանություն, «Rang»՝ վագր: Սուհորանն ունի մարտական ոգի եւ վստահելի ընկեր է, որը կպաշտպանի մարզիկներին, երկրպագուներին ու բոլոր մասնակիցներին: Սպիտակ վագրը եղել է նաեւ Սեուլի օլիմպիական խաղերի թալիսմանը:
2018 թ. ձմեռային օլիմպիական խաղերի մեդալները կշռում են 493-586 գրամ եւ արտացոլում հարավկորեական ավանդույթներն ու մշակույթը: Մեդալների դիզայնը ծառի կոճղերի հյուսվածքների տեսքով է, որի առջեւում պատկերված են օլիմպիական օղակները, իսկ հետեւում՝ Փհենչհան-2018-ի լոգոն: Ընդհանուր առմամբ, ստեղծվել է 259 մեդալ: