կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-21 11:54
Տնտեսական

Նիկոլ Փաշինյանը Դավոսում որպես բանախոս հանդես կգա «Ձևավորելով ժողովրդավարության ապագան» թեմատիկ քննարկմանը

Նիկոլ Փաշինյանը Դավոսում որպես բանախոս հանդես կգա «Ձևավորելով ժողովրդավարության ապագան» թեմատիկ քննարկմանը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 22-ից 25-ը կայանալիք Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի թեմատիկ քննարկումներից մեկում հանդես կգա որպես բանախոս:

Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Փաշինյանը որպես բանախոս հանդես կգա «Ձևավորելով ժողովրդավարության ապագան» խորագիրը կրող թեմատիկ քննարկմանը:

Նույն քննարկմանը որպես բանախոս են հանդես գալու Կոլումբիայի նախագահ Իվան Դուկե Մարկեսը, Նեպալի վարչապետ Շարմա Օլին, The Financial Times ամսագրի խմբագրի տեղակալ և գլխավոր տնտեսական մեկնաբան Մարտին Վոլֆը, New York Times-ի հրատարակիչ Արթուր Գրեգ Զալցբերգերը և «Ղեկավարությունն այսօր» նախագծի գլխավոր տնօրեն Դանիելա Բալոու Աարեսը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 20-ին աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիա` Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով: Համաժողովի շրջանակում նախատեսվում են ՀՀ վարչապետի մի շարք երկկողմ և բազմակողմ հանդիպումներ այլ պետությունների ղեկավարների, միջազգային կազմակերպությունների, բիզնես ընկերությունների ներկայացուցիչների հետ: Դավոսում Նիկոլ Փաշինյանը կմասնակցի նաև Համաշխարհային տնտեսական առաջնորդների ոչ պաշտոնական հավաքին (IGWEL) և Համաշխարհային քաղաքացիական ֆորումին: Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Շվեյցարիա-Հայաստան առևտրի պալատի ներկայացուցիչների և շվեյցարացի գործարարների հետ:

Հավելենք, որ համաժողովի թեման է «Գլոբալացում 4:0. գլոբալ ճարտարապետության կառուցումը չորրորդ ինդուստրիալ հեղափոխության ժամանակաշրջանում»: