Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2018-ի օգոստոսից Ադրբեջանում սկսեցին նախապատրաստել Տավուշի մարզի սահմանահատվածի դիմացն ընկած Ղազախի և Աղստևի (Աղստափայի) դիրքերում սահմանային պաշտպանությունը բանակից պետական սահմանապահ ծառայության ստորաբաժանումներին փոխանցելու գործընթացը: Իսկ արդեն հոկտեմբերից Տավուշի մարզի վտանգավոր հատվածներում՝ Ոսկեպար, Ոսկեվան, Բաղանիս գյուղերի դիմաց, սկսեցին տեղակայվել ադրբեջանական սահմանապահ ծառայության ստորաբաժանումները և իրականացնել մարտական հերթապահություն: Ադրբեջանական սահմանապահ ծառայությունը սկսեց իր զորքերի համար ենթակառուցվածքներ թարմացնել՝ վերանորոգեցին հին շենքերը և ստեղծեցին նոր զորամաս, սրան զուգահեռ` իրականացրեցին ինժեներա-ամրաշինական աշխատանքներ՝ սահմանը հարմարեցնելով իրենց: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը:
«Որոշակի տեղերում փորձեցին նաև բարելավել իրենց դիրքերը, նման փորձեր նկատվում են: Երեկվա միջադեպը հենց դրա պատճառով էր եղել: Իհարկե, մինչ այդ էլ նման նախադեպեր եղել էին: Հունվարին ադրբեջանական կողմից բողոքում էին, որ «իրենց աշխատանքներն իրականացնող էքսկավատորի ուղղությամբ հայկական ուժերը կրակել են», իրականում հենց այդ էքսկավատորի միջոցով նրանք իրենց դիրքերն էին փորձում բարելավել: Այսինքն՝ նմանատիպ փորձեր են իրականացնում, և հայկական կողմը զգուշացնում է, իսկ եթե հատում են սահմանը և փորձում միջդիրքային հատվածում ինչ-որ գործողություններ իրականացնել, բնականաբար, նախազգուշական միջոցառումներից հետո արդեն հայկական կողմն ավելի ակտիվ գործողությունների է անցնում՝ թույլ չտալու նման զարգացումներ: Երեկվա միջադեպը հենց սրա հետ էր կապված, երբ ադրբեջանական կողմը փորձել էր Բերդավան գյուղի դիմաց իր դիրքերը բարելավել, ինժեներական աշխատանքներ իրականացնել ու առաջ բերել դիրքերը, ինչը հայկական կողմը կանխել էր: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ևս ընդունեց, որ միջադեպ եղել է: Իհարկե, փորձում էին մեղքը բարդել հայկական կողմի վրա, մինչդեռ` նախորդ դեպքերից օբյեկտիվորեն պարզ է դառնում, որ նման միջադեպերի մեղավորն Ադրբեջանն է, սահմանապահ ուժերը, որոնք միջդիրքային տարածքի հաշվին փորձում են առաջ բերել իրենց դիրքերը»,- մանրամասնեց ադրբեջանագետը:
Տարոն Հովհաննիսյանը չի կարծում, որ ամեն ինչ վերը նշվածով կսահմանափակվի, քանի որ կան մի շարք գործոններ. առաջին՝ ադրբեջանական պետական սահմանապահ ծառայությունն առանձին ծառայություն է և անմիջապես ենթարկվում է նախագահին, երկրորդ՝ բանակի և սահմանապահ ծառայության միջև կա ներքին մրցակցություն` կարիք կա ցույց տալու, որ իրենք ավելի լավ են իրականացնում մարտական հերթապահությունը, ավելի լավ են զինվում, բարելավում դիրքերը:
«Մյուս կողմից՝ Ադրբեջանը, առհասարակ իր քաղաքականությունից ելնելով, խնդիր ունի լարվածության տարբեր օջախներ ստեղծելու, ինչպես դա արվեց Նախիջևանում, իսկ Տավուշը միշտ եղել է լարված, վերջին շրջանում պասիվ էր, բայց հիմա կրկին փորձում են ակտիվացնել այդ լարվածության օջախները, իհարկե՝ Արցախում նույնպես»,- շեշտեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հասկանալի էր՝ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպման արդյունքում սահմանային հանգիստ վիճակը երկար չէր շարունակվելու:
«Ալիևն իր հայտարարություններով ցույց էր տալիս, որ ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականությունից հետ չեն կանգնելու: Ադրբեջանը փորձում է ճնշում գործադրել հայկական կողմի վրա՝ սահմանային լարվածության միջոցով թիրախավորելով բնակչությանը, ինչից փորձում է իր համար օգուտներ քաղել: Դա սպառնալիքի քաղաքականություն է՝ եթե մեզ ձեռնտու ձևով հարցը չլուծվի, կդիմենք սահմանին լարվածության ստեղծմանը, կկրակենք, կլինեն զոհեր, ինչը հավելյալ խնդիրներ կառաջացնի ձեզ համար: Հայկական կողմի դիրքորոշումը շատ կարծր է, և միակողմանի զիջումների մասին խոսք լինել չի կարող: Ավելին` հստակ բարձրացվում է բանակցային գործընթացին Արցախի ներգրավվածության հարցը, ինչից ելնելով` Ադրբեջանը ևս լարվածության է դիմում: Բայց մենք չպետք է տրվենք Ադրբեջանի ճնշումներին և դիմենք միակողմանի զիջումների: Դա լուծում չի կարող լինել, լուծումը կանխարգելիչ գործողություններն են, եթե ադրբեջանական կողմից սպառնալիք զգանք, ինչի մասին խոսեց ՀՀ պաշտպանության նախարարը, ինչպես նաև՝ ոչ համաչափ պատասխանը Ադրբեջանի գործողություններին»,- ընդգծեց Ադրբեջանի հարցերով փորձագետը՝ լրացնելով, որ երբ Ադրբեջանը հարմար իրավիճակ է գտնում, փորձում է մեծացնել էսկալացիան սահմանին՝ հաշվարկելով, որ դա ինչ-որ կերպ կարող է մարսել: