կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-18 13:08
Հասարակություն

Սեռավարակների մեծ մասը միգրացիոն գործոններով են պայմանավորված

Սեռավարակների մեծ մասը միգրացիոն գործոններով են պայմանավորված

Անիրազեկվածության բավական մեծ տոկոս կա Հայաստանում, մարդիկ շատ հաճախ մեկնում են Հայաստանից` չիմանալով, թե ուր են գնում, չիմանալով` ինչ է իրենց սպասվում. լրագրողներին այսօր ասաց  «Մարդը կարիքի մեջ» ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Տաթեւիկ  Բեժանյանը` ներկայացնելով աշխատանքային միգրացիայի պատկերը Հայաստանում:

 

Սա բավական լուրջ խնդիր է, նշեց բանախոսը, քանի որ անգամ, երբ հայ միգրանտները մեկնում են Ռուսաստան, հստակորեն պատրաստված չեն` սկսած օդանավակայանից` չգիտեն, թե  ինչ միգրացիոն թերթիկ են լրացնելու, վերջացրած հարցով, թե ինչ է իրենց անհրաժեշտ` աշխատանքի թույլտվություն ստանալու համար:

 

«Շատ հաճախ նրանք ապավինում են իրենց տանողներին կամ աշխատանքային խմբեր հավաքողներին, որոնք ավելի իրազեկ են: Այս պարագայում չի բացառվում, որ վերջիններս ավելի մեծ գումարներ վերցնեն, քան նախատեսված է Ռուսաստանի պետտուրքերի չափերով, քանի որ մարդիկ անիրազեկ են»,- նշեց Տաթեւիկ Բեժանյանը' հավելելով, որ Ռուսաստան մեկնողները հաճախ անգամ չգիտեն, թե քանի օր  կարող են օրինական մնալ Ռուսաստանում, քանի որ երբ 90 օրից հետո 1 օր ավելի մնում են այդ երկրում եւ չեն ունենում աշխատանքի թույլտվություն, ավտոմատ կերպով դառնում են ապօրինի միգրանտ:

 

Բանախոսը  նշեց, որ Ռուսաստան մեկնող միգրանտները հաճախ տեղյակ չեն, որ այդ երկիրըը բավականին խստացրել է իր վարչական օրենսդրությունն ու տույժերը, եւ, օրինակ, 5 անգամ ՃՈ խախտումներ անելուց հետո մարդն ավտոմատ հայտնվում է սեւ ցուցակում, 1 տարի արգելվում է նրա մուտքը ՌԴ, անգամ եթե մուծել է խախտման համար նշանակված տուգանքները: Եվ երբ վերադարձած միգրանտը փորձում է հաջորդ տարի դարձյալ մեկնել Ռուսաստան, պարզվում է, որ նրա մուտքն այդ երկիր արգելված է, ինչի մասին ինքը չգիտեր:

 

Աշխատանքային միգրացիայի խնդիրներից են նաեւ, երբ միգրանտներն աշխատում են առանց աշխատանքային պայմանագրերի, լինում են դեպքեր, երբ մարդիկ չեն կարողանում իրենց գումարները ստանալ, քանի որ չունեն աշխատանքային պայմանագրեր ու չեն կարողանում որեւէ կերպ ապացուցել, որ իրենք աշխատել են տվյալ գործատուի մոտ:

 

«Մի քանի դեպք կա, որ մեր գրասենյակներ դիմել են նման հարցերով: Մեր աշխատանքային միգրանտների 77 տոկոսը տղամարդիկ են, եւ հիմնական մասը մեկնում են ՌԴ' աշխատելու: Այս մարդիկ վերադառնալուց հետո եթե անգամ շահագործվել են, նրանցից շատ քչերն են համարձակվում դիմել ու ասել դրա մասին: Որովհետեւ կա մենթալիտետի խնդիր' շատ ամոթ է, որ հայ տղամարդը դրսում շահագործվել է»,- ներկայացրեց Տաթեւիկ  Բեժանյանը:

 

Մեկ այլ խնդիր է ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակների հարցը, քանի որ, ինչպես ներկայացրեց բանախոսը, միայն 2012 թվականին բացահայտված` ՄԻԱՎ վարակակիրների շուրջ 80 տոկոսի մոտ վարակը պայմանավորված է միգրացիոն գործոններով' նրանք կա'մ միգրանտներ են, կա'մ միգրանտների ընտանիքների անդամներ: