Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Փաշինյան-Ալիեւ հանդիպման մասին տեղեկությունը որոշակիորեն ստվերեց հայ-վրացական բարձր մակարդակի հանդիպումը, որ մարտի 24-ին ոչ ֆորմալ շփման միջավայրում տեղի էր ունեցել Հայաստանում՝ Տավուշի մարզի Ենոքավան համայնքում:
Նիկոլ Փաշինյանն ու Մամուկա Բախտաձեն ոչ ֆորմալ միջավայրում շփվել էին երկրորդ անգամ: Առաջին անգամ նրանք հանդիպել էին ընթացիկ տարվա հունվարի 15-ին, դարձյալ ոչ ֆորմալ, այս անգամ վրացական Բոլնիսիում, ընդ որում՝ վարչապետի պաշտոնում Փաշինյանի խորհրդարանական ընտրությունից անմիջապես հետո: Սրանով իհարկե դրսեւորվել էր Հայաստանի համար վրացական ուղղության կարեւորությունը: Հայաստանում պատասխան հանդիպումը հավաստում է հարաբերության կարեւորության երկկողմ գիտակցումը:
Մանրամասներ, թե ինչ են քննարկել Փաշինյանն ու Բախտաձեն, չկան, սակայն հատկանշական է այն, որ հանդիպման մասին տեղեկություն Հայաստանի վարչապետը փոխանցել է նաեւ զինված ուժերի հրամկազմի հետ փակ հանդիպմանը, ինչը վկայում է, որ Հայաստանի եւ Վրաստանի վարչապետների հանդիպման թեմաների շարքում եղել են լրջագույն հարցեր:
Իր հերթին հատկանշական է, որ Հայաստանից հեռանալուց հետո, Վրաստանի վարչապետը Թբիլիսիում հանդիպել է այնտեղ ժամանած ՆԱՏՕ գլխավոր քարտուղարին, որը մասնակցում է Վրաստանում տեղի ունեցող ՆԱՏՕ զորավարժությանը: Հնարավոր է իհարկե դիտարկել մի շարք այլ նուրբ շերտեր, կապված Փաշինյան-Բախտաձե հանդիպման հետ, սակայն, թերեւս, առիթներ կլինեն առաջիկայում անդրադառնալ հայ-վրացական հարաբերության առանձին ասպեկտների՝ հաշվի առնելով այն, որ աշխարհաքաղաքական միտումները այդ երկկողմ հարաբերությունը փոխադարձաբար դարձնելու են առավել կարեւոր, միաժամանակ առավել նշանակալի են դարձնելու ռեգիոնալ եւ միջազգային հարաբերությունների համատեքստում:
Այդ իմաստով հատկանշական է, որ Փաշինյան-Բախտաձե հանդիպումը մնաց Փաշինյան-Ալիեւ հանդիպման տեղեկության ստվերում, ինչը զուտ առերեւույթ, այսպես ասած, տրենդի իմաստով հասկանալի է, սակայն բովանդակային, քաղաքական նշանակության իմաստով, պարունակում է որոշակի «անարդարություն»:
Տրենդի իմաստով հասկանալի է, որ ուշադրությունը կլանում է Փաշինյան-Ալիեւ հանդիպման մասին տեղեկություն, ու հայաստանյան հանրության մոտ կա համոզում, որ այդ հանդիպումը գործնականում առավել կարեւոր ու նշանակալի է, քան, օրինակ, հայ-վրացական բարձր մակարդակի հանդիպումը:
Իրականում, սակայն, այստեղ գուցե հնչի տարօրինակ, սակայն այդ թվում եւ Արցախի հարցի առումով հայ-վրացական բարձր մակարդակի հանդիպումները թերեւս միտված են առավել կարեւոր լինելուն, քան Փաշինյան-Ալիեւը, կամ ոչ պակաս կարեւոր լինելուն: Իհարկե, պարզունակություն է անցկացնել կարեւոր-անկարեւորի այդպիսի համեմատություն, սակայն խորքային իմաստով խնդիրը իրավիճակի եւ իրողությունների ռազմավարական գնահատման մեջ է: Եվ այդ համատեքստում ակնառու է, որ արցախյան հարցը մտել է հենց այդպիսի տրանսֆորմացիայի փուլ՝ թե՛ միջազգային հարաբերությունների, թե՛ հայկական քաղաքականության համատեքստում:
Ըստ այդմ, այստեղ ավելի ու ավելի մեծ դեր է ստանձնում միջավայրային երկարաժամկետ վեկտորների ձեւավորման հարցը: Փետրվարի վերջին դրանցից մեկին մենք ականատես եղանք Իրան կատարած այցի տեսքով, որտեղ հնչեցին կարեւոր հայտարարություններ, նաեւ զուգահեռ՝ արցախ-իրանյան սահմանին: Մյուսը հայ-վրացական ոչ ֆորմալ հանդիպումն է, ընդ որում՝ երկրորդը անցնող եռամսյակում, ինչը ընդգծում է ձեւավորվող առանձնահատուկ միջավայրը, հատկապես հենց Վրաստանում ՆԱՏՕ զորավարժության համատեքստում:
Ահա այդ առումով, նույն Արցախի հարցի տեսանկյունից, Հայաստանն ավելի ու ավելի շատ խոսելիք ունի աշխարհի եւ, բնականաբար, առաջին հերթին իր անմիջական հարեւանների հետ, քան Ադրբեջանի: Դա չի նշանակում, որ Ադրբեջանի հետ չկա խոսելու բան կամ չպետք է խոսել: Պարզապես չպետք է դրա ստվերում թողնել որեւէ այլ խոսակցություն, հատկապես հարեւանների հետ: Այդ թվում՝ հանրային ուշադրության ստվերում, որովհետեւ, ի վերջո, քաղաքականության բազան հանրությունն է, հատկապես Հայաստանի դեպքում, եւ ռազմավարական տրանսֆորմացիան չի կարող հիմնված չլինել հանրային ընկալումների խորքային փոփոխության վրա»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: