կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-29 18:20
Առանց Կատեգորիա

Օդային դիվանագիտություն. անգործությո՞ւն, թե՞ մանևր

Օդային դիվանագիտություն. անգործությո՞ւն, թե՞ մանևր

Փետրվարի 28-ին Փարիզում կայացած` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպման վերաբերյալ հայտարարությունից պարզ է դառնում, որ բանակցությունների հիմնական թեման եղել է Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման հարցը: Հայտարարության մեջ խոսվում է ընդամենը հարցը քննարկելու մասին, ինչը վկայում է, որ օդանավակայան և դրանից քաղաքացիական թռիչքների անվտանգ ապահովման շուրջ կողմերը որևէ համաձայնության չեն եկել:

 

Ի սկզբանե համաձայնության կայացման որևէ հիմք չկար: Դեռևս հունվարի 18-ին Ադրբեջանի կառավարությունը որոշում ընդունեց երկրի օդային տարածքն օգտագործելու կանոնների մասին, ըստ որի` իր օդային տարածքից օգտվելու կարգի խախտումներ են համարվում առանց հարցման, առանց օպերատիվ մարմնի թույլտվության թռիչքների իրականացումը, ինչպես նաև հետապնդող կործանիչի հրահանգներին չհետեւելը: Ընդ որում` այդ որոշման մեջ, կարծես, քաղաքացիական օդանավերի թռիչքների համար որևէ բացառություն չէր արվում: Այսպիսով` Ադրբեջանն իր համար իրավական հիմք ապահովեց Ստեփանակերտի օդանավակայան և այնտեղից բոլոր տեսակի օդանավերի թռիչքները անօրինական համարելու համար` դրանից բխող բոլոր հետևանքներով:

 

Մյուս կողմից` Ադրբեջանը դեռ փարիզյան բանակցությունների նախօրեին միջազգային հանրությանը պարզ հասկացնել տվեց, որ չի պատրաստվում այդ հարցում զիջումների գնալ: Ըստ էության` հենց այդ որոշմամբ Բաքուն կանխորոշեց փարիզյան հանդիպման անպտուղ ելքը, թեև տվյալ իրավիճակում ամենակարևորը Ադրբեջանի համար այն է, որ օդանավակայանի շահագործման հարցը շարունակում է մնալ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունների օրակարգում: Մի կողմից` Բաքուն վերջակետ է դնում Ստեփանակերտի օդանավակայանի թռիչքների անվտանգությունը երաշխավորելու հարցում, բայց մյուս կողմից, մասնակցելով հարցի շուրջ, ըստ էության, անիմաստ քննարկումներին, ամեն ինչ անում է, որ այն մնա օրակարգում:

 

Պատճառը շատ հստակ է` Բաքվին անհրաժեշտ է, որ օդանավակայանի հարցը ոչ միայն ընկալվի իբրև բացառապես քաղաքական խնդիր, այլև ԼՂ հակամարտության կարգավորման անքակտելի բաղադրիչ: Բանն այն է, որ ԼՂ կարգավորման գործընթացը գտնվում է փակուղում: Դրա մասին է խոսում նաև փարիզյան այս հանդիպման ժամանակ կարգավորման սկզբունքների, մեխանիզմների փոխարեն բացառապես բանակցությունների շարունակման համար նպաստավոր պայմանների ստեղծման, փոխադարձ վստահության մթնոլորտի ձևավորման շուրջ քննարկումների ծավալումը, ինչպես նաև արդեն տևական ժամանակ երկու երկրների նախագահների մակարդակով հանդիպումներ չկազմակերպելու հանգամանքը:

 

Այս իրավիճակում օդանավակայանի հարցի քաղաքականացումը և հատկապես տեղում դոփող կարգավորման պրոցեսի մաս դարձնելն ուղղակի հարցի լուծումը ձգձգելու և այդպիսով Ստեփանակերտի օդանավակայանի շահագործումը անվերջանալիորեն հետաձգելու հնարավորություն է ընձեռում: Եթե Ադրբեջանին հաջողվի առանց խոչընդոտի շարունակել այս տակտիկան, ապա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարող է երկար ժամանակ չդառնալ Երևան-Ստեփանակերտ առաջին չվերթի պատվավոր ուղևորը:

 

Երևանը հասկանում է Ադրբեջանի այս քաղաքականության նպատակը: Սակայն դրան գործնականում ոչինչ չի հակադրում: Ավելին` կարելի է ասել` իր գործողություններով նույնիսկ նպաստում է հարցի քաղաքականացմանը: Իր վերջին ասուլիսում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր, որ Ստեփանակերտի օդանավականայի շահագործման խնդիրը բացառապես հումանիտար նշանակություն ունի: «Ադրբեջանն աղմկում է եւ այդ աղմուկով փորձում է քաղաքականացնել Ստեփանակերտի օդանավակայանի հարցը: Մինչդեռ այն քաղաքական չէ եւ որեւէ կերպ չի առնչվում Ղարաբաղյան հակամարտությանը»,- ասել էր ՀՀ արտգործնախարարը:

 

Սակայն եթե Երևանն իսկապես սա քաղաքական խնդիր չի համարում, առավել ևս չի դիտարկում Ղարաբաղյան հակամարտության կոնտեքստում, ապա հարց է առաջանում` ինչո՞ւ է ՀՀ արտգործնախարարը շարունակում հենց Մինսկի խմբի շրջանակում Ադրբեջանի իր գործընկերոջ հետ քննարկել օդանավակայանի շահագործման հարցը: Ինչո՞ւ է Երևանն անտեսում դեպի Ստեփանակերտ և անտեղից չվերթեր իրականացնելիք օդանավերին հարվածելու իրավական հիմք տվող` Ադրբեջանի կառավարության որոշումն այն դեպքում, երբ, ինչպես ՀՀ արտգործնախարարն էր պնդում իր վերջին ասուլիսում, Ադրբեջանը բազմիցս է ՄԽ-ին վստահեցրել քաղաքացիական օդանավերի նկատմամբ ուժ չգործադրելու մասին:

 

Այս իրողությունը թույլ է տալիս անել երկու հնարավոր եզրակացություն: Առաջին`Հայաստանի արտաքին գործերի գերատեսչությունը նաև այս հարցում է անգործություն հանդես բերում և, կամա թե ակամա, ՄԽ շրջանակում ընթացող այս օրակարգով բանակցություններին մասնակցելով, ջուր է լցնում Բաքվի ջրաղացին: Երկրորդ` հայկական կողմին ևս ձեռնտու է հարցի ձգձգումը, ինչ-որ իմաստով նաև` քաղաքականացումը: Տարօրինակ է` եթե իսկապես Ադրբեջանը նման պատրաստակամություն հայտնել է, ապա ինչո՞ւ այսքան ժամանակ հրապարակային, քարոզչական մակարդակով Հայաստանը որևէ փորձ չի արել օդանավերի անվտանգ չվերթերն ապահովելու` Բաքվի ստանձնած պարտավորությունը թեկուզ սիմվոլիկ հայտարարությամբ ամրագրելուն հասնելու, առհասարակ այդ ուղղությամբ Ադրբեջանի նկատմամբ միջազգային հանրության ճնշումներն ուժեղացնելու, հարցը ՄԽ շրջանակից հանելու և բացառապես հումանիտար, իրավական տիրույթ տեղափոխելու ուղղությամբ:

 

Պաշտոնական Երևանը, թերևս, կարծում է, որ քաղաքական մակարդակով հարցի հետագա քննարկումը միշտ ակտուալ է պահում օդանավակայանի շահագործման թեման, ինչն, անշուշտ, ավելի լավ է, քան հարցի վերջնական փակումը, որն այլ կերպ կնշանակեր այս ուղղությամբ հայկական դիվանագիտության ու նախաձեռնության վերջնական ու ամոթալի պարտություն: Մյուս կողմից` հարցի քաղաքականացումը նաև լրացուցիչ լծակ, ճնշման գործիք կարող է դառնալ Հայաստանի ձեռքին ԼՂ բանակցային պրոցեսում: Սակայն եթե անգամ այդպես է, և հարցի քաղաքականացումը տակտիկապես այս պահին նաև Երևանին է ձեռնտու, դրանից պետք է փորձել դիվիդենդներ հավաքել`պասիվ կեցվածք ընդունելու և այդպիսով Բաքվի դիրքերն ամրապնդելու փոխարեն:

 

Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ