Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը հայտարարել է, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններին իրենք լուրջ մրցակից են համարում Հանրապետական կուսակցությանը: «Ինչ վերաբերում է ընդդիմադիր ուժերին, ես նրանց բոլորին հարգում եմ, սակայն ԲՀԿ-ին մրցակից չեմ համարում»,- ավելացրել է նա:
Դրանից ուղիղ երեք օր առաջ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նույն Վարդան Բոստանջյանը նաև ընդգծել էր, թե բոլոր հիմնական քաղաքական ուժերն արդեն հայտարարել են ընտրություններին առանձին գնալու մասին, և այդ առումով ԲՀԿ-ն ևս առանձին է գնալու: Բոստանջյանի` իրարահաջորդ այս հայտարարությունները ոչ միայն հստակ ուղերձ են պարունակում խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ մեծամասնություն կազմելու հավակնությունների մասին, այլև թույլ են տալիս եզրակացնելու, որ կոալիցիոն ուժերն ամեն դեպքում ընտրություններին առանձին ցուցակներով գնալու որոշում են կայացրել:
Եթե նկատի առնենք նախընտրական ցուցակի ձևավորման և դրանում առանձին անհատների չներառելու մասին ՀՀԿ-ից պարբերաբար բաց թողնվող տեղեկատվական «բադիկ»-արտահոսքերը, ապա ընտրություններին առանձին ցուցակներով մասնակցելու քաղաքական որոշման առկայությունը դառնում է ավելի առարկայական:
Երեկ էլ ՀՀԿ քաղխորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը, կարծես իբրև այս պնդման հավաստում, հայտարարել է, թե կոալիցիոն հուշագրում չկա մի այնպիսի կետ, որ քաղաքական ուժերին պարտադրում է ընտրություններին գնալ միասնական ցուցակով: Հետևաբար պետք է սպասել, որ առաջիկայում թե՛ Հանրապետական, թե՛ ԲՀԿ-ական ցուցակների շուրջ ինտրիգներն ավելի են շատանալու: Սակայն խնդիրը դրանում չէ: Այս տարվա փետրվարին թարմացված կոալիցիոն հուշագրում իսկապես ընտրություններին միասնական ցուցակով գնալու պարտավորվածություն սահմանող կետ գոյություն չունի: Այնտեղ, այս առումով ընդամենը խոսվում է միասնական լինելու մասին, մի եզրույթ, որը կարելի է մեկնաբանել ցանկացած կերպ:
Բայց դրա փոխարեն կա հստակ մոտեցում, ըստ որի` կոալիցիոն կուսակցությունները… նպատակ չունեն գալիք խորհրդարանական ընտրություններում իրենց քաղաքական կշիռն ավելացնել միմյանց դեմ պայքար ծավալելու և կոալիցիայի ներսում ուժերի հարաբերակցությունը փոխելու հաշվին: Ի սկզբանե կոալիցիոն կուսակցությունները պայմանավորվել են, որ ընտրությունների արդյունքում՝ ԱԺ-ում ունեցած իրենց ներկայացվածության հարաբերակցությունը չեն փոխելու: Այսինքն՝ ԲՀԿ-ն համակերպվելու է այն իրողության հետ, որ ՀՀԿ-ն պետք է խորհրդարանում ունենա բացարձակ մեծամասնություն, ինքը լինելու է երկրորդը, իսկ ՕԵԿ-ին մնալու է երրորդի կարգավիճակը: Եվ հենց այս պայմանավորվածության ֆոնին է, ահա, որ Բոստանջյանի արած հայտարարությունը ՀՀԿ-ին որպես հիմնական մրցակից դիտարկելու վերաբերյալ դառնում է ինտրիգային:
Կարելի՞ է, արդյոք, ասել, որ ԲՀԿ-ն անուղղակորեն հայտարարում է կոալիցիոն պայմանավորվածությունների դաշտից դուրս գալու մտադրության մասին: Նախկինում ևս ԲՀԿ-ից նման կարգի հայտարարություններ արվել են: Սակայն նախ դրանք եղել են միայն առանձին մասնակցելու հավակնությունների, այլ ոչ թե ՀՀԿ-ի հետ մրցակցելու շրջանակում, և երկրորդ` հնչել են ՀՀԿ-ի և ՀԱԿ-ի միջև այս տարվա գարնանը սկսված փոխադարձ ջերմացումների, երկխոսության բացված հեռանկարների և այդ համատեքստում ԲՀԿ-ին վերապահված դերի անորոշացման ֆոնին:
Մինչդեռ հիմա նման խնդիր չկա: Ավելին` ԲՀԿ-ն ներգրավված է եղել ՀԱԿ-ի հետ սկսված բանակցությունների` կոալիցիոն պատվիրակության կազմում: Բացի դրանից, ՀԱԿ-ի ընկած վարկանիշը բավականաչափ ուժեղացրել է իշխանությանը, նպաստել նրա ամբողջականության պահպանմանը: Եվ գոնե արտաքուստ ԲՀԿ-ն նեղսրտելու, մտավախություններ ունենալու շարժառիթ չուներ: Բայց ուշագրավ է հատկապես այն փաստը, որ ԲՀԿ-ն ոչ միայն առանձին գնալու, այլև ՀՀԿ-ին մրցակից համարելու առիթ գտավ հենց այն պահը, երբ քաղաքական-հասարակական շրջանակներն ակտիվորեն քննարկում են Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հնարավորությունները:
Չի կարելի, իհարկե, բացառել, որ այս հայտարարությամբ ԲՀԿ-ն պարզապես իր պոտենցիալ ընտրազանգվածի մոտ դիվիդենդներ է շահում` փորձելով դուրս գալ երկրորդի, հարմարվողի պարտադրված կարգավիճակից: ԲՀԿ-ն, ըստ ամենայնի, նախընտրական արշավում փորձելու է խաղարկել այսպես կոչված՝ ներքին ընդդիմության կերպարը, որին ապավինել էր 2007-ի ընտրություններին, և որն ընդամենը 3 տարվա պատմություն ունեցող կուսակցությանը հաջողություն բերեց: ՀՀԿ-ից առայժմ չեն մեկնաբանել Բոստանջյանի այս հայտարարությունները: Գնդակը հիմա նրանց դաշտում է, և կախված նրանից, թե ինչպես այն կխաղարկեն, պարզ կդառնա, թե կոալիցիան դեռ ինչքան է շարունակելու իր ձևական գոյությունը:
Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ