կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-21 13:55
Հասարակություն

Եթե զորակոչիկը չի համապատասխանում չափանիշներին, չի կարող ծառայել արդեն ծառայության մեջ գտնվող եղբոր հետ

Եթե զորակոչիկը չի համապատասխանում չափանիշներին, չի կարող ծառայել արդեն ծառայության մեջ գտնվող եղբոր հետ

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված էր նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի և պայմանագրային ծառայության կազմակերպման, զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց սոցիալական երաշխիքների ապահովման հետ կապված մի շարք հարցեր:

«Նախագծի երկրորդ հոդվածով նախատեսվում է՝ քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու դիմումը կառավարությունը կարող է մերժվել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի կողմից՝ սույն մասի համաձայն Հայաստանի Հանրապետության: Խոսքը վերաբերում է 26 տարին լրացած զինծառայողներին, որոնք մի քանի տարկետումների արդյունքում հասնում են 26 տարեկանի, այսինքն՝ խոսքը սպորտի, մշակույթի, գիտության ոլորտներում իրար հետևից տարկետումներ ստացածների մասին է, որ մեկ տարի է մնում զինծառայությունից ազատմանը: Իսկ երրորդ հոդվածով տարկետման  իրավունք է սահմանված միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողների  համար: Չորրորդ հոդվածով սահմանվում է, որ միաժամանակ զորակոչվող եղբայրների կողմից նույն զորամասում ծառայության նշանակվելու ցանկության դեպքում վիճակահանությանը մասնակցում է եղբայրներից մեկը, իսկ ծառայության մեջ գտնվող եղբայր ունեցող զորակոչիկը եղբոր ծառայության վայր կարող է նշանակվել, եթե բավարարում է տվյալ զորամասում ծառայության նշանակվելու պայմաններին՝ առողջական վիճակ, պատվո պահակային վաշտ, նվագախումբ և այլն: Այսինքն՝ եթե զորակոչվողը չի համապատասխանում չափանիշներին, պարզ է՝ պատվո պահակայինում չի կարող ծառայել»,-մանրամասնեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ հավելելով, որ օրենքի նախագծով հստակեցվում են նաև պայմանագրային ծառայության ժամկետները:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը միջամտեց, որ պետք է հաշվի առնել նաև զինծառայողի ընտանիքի սոցիալական վիճակը: «Եթե տղաներից մեկը ծառայում է պատվո պահակախմբում, ո՞րն է խոչընդոտը, որ մյուս եղբայրն էլ այդտեղ ծառայի»,- հարցրեց նա:

«Հասակը»,- պատասխանեց Տոնոյանը:

«Բայց երկու տղայի է ուղարկում բանակ՝ մեկն ընկնում է Վանաձոր, մյուսը՝ Մեղրի»,- հակադարձեց Արշակյանը:

Դավիթ Տոնոյանը մանրամասնեց, որ ասվածը նաև հատուկ ստորաբաժանումներին է վերաբերում: «Զորամասից է կախված, դրա համար նրանց ֆիզիկական տվյալները և առողջական վիճակը կարևոր են»,- շեշտեց նա:

Ներկայացված օրինագիծը գործադիրն ընդունեց: