կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-21 13:05
Հասարակություն

ՊՆ-ում քննարկվում է մարտական հերթապահության մեջ ընդգրկված զինծառայողների պարտադիր ծառայության 24-ամսյա ժամկետը կրճատելու հարցը. Տոնոյան

ՊՆ-ում քննարկվում է մարտական հերթապահության մեջ ընդգրկված զինծառայողների պարտադիր ծառայության 24-ամսյա ժամկետը կրճատելու հարցը. Տոնոյան

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված էր նաև Ազգային ժողովի պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի, Նաիրա Զոհրաբյանի, Միքայել Մելքումյանի, Էդուարդ Բաբայանի և Գևորգ Պետրոսյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում  կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Պատգամավորներն առաջարկում են, որ զինվորական  ծառայության մեկ տարին չլրացած պարտադիր ժամկետային զինծառայողները  չիրականացնեն  մարտական հերթապահություն:

Օրենքի նախագծին անդրադառնալով`  ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրեց դրա ընդունման դեպքում հնարավոր ռիսկերը և խնդիրները: «Հայաստանի Հանրապետության զինված ուժերում զինծառայողների պատրաստու­թյան գործընթացն իրականացվում է ուսումնական փուլերով, որոնց շրջանակներում Հա­յաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով հաստատված մար­տա­կան պատրաստության ծրագրով նախատեսված է պարտադիր զինվորական ծառայության առաջին հինգ ամիսների ընթացքում պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողի համապատասխան պատրաստության և զինվորական մասնագիտության ուսուցման, ստորաբաժանման կազմում ներդաշնակման և գործելու ամբողջական ցիկլը: Դրա արդյունքում զինծառայողը ստանում է անհրաժեշտ պատրաստություն՝ մարտական հերթա­պահությունում ընդգրկվելու համար: Այսինքն` որևէ պարտադիր ժամկետային զինծառայող, առանց հնգամսյա պատրաստության ծրագիրն անցնելու, չի ներգրավվում մարտական հերթապա­հու­թյան մեջ:

Նույն սկզբունքը գործում է նաև օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 26-րդ հոդվածի 5-րդ մասի ու դրա հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի որոշման համաձայն, «Ես եմ» ծրագրով պարտադիր զինվորական ծառայության կազմակերպման և իրականացման գործընթացում: Ներկայացված նախագծի համաձայն` վերը նշված ուսուցման փուլը (մարտական պատրաստության ծրագիրը) ևս յոթ ամսով երկարաձգելը կհանդիսանա ուսուցման ծրագրի չհիմնավորված ընդլայնում (ծրագրի կրկնողություն), ինչը ոչ բարենպաստ ազդեցություն կունենա թե' զինվորական ծառայության կազմակերպման նպատակային գործընթացի,   թե' մարտական հերթապահություն իրականացնող զորամասի մարտական խնդրի կատարման վրա:

Բացի դրանից` նախագծում հաշվի չի առնված այն հանգամանքը, որ օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասում նախատեսված է բացառություն, համաձայն որի` համապատասխան զինծառայողը կարող է ընդգրկվել մարտական հերթապահության մեջ, եթե նման ցանկություն է հայտնել: Արդյունքում` կարող է ստացվել իրավիճակ, երբ, մինչև սահմանված ժամկետի լրա­նա­լը, զինծառայողն իրավունք կունենա իր ցանկությամբ ներգրավվելու մարտական հերթա­պա­հության մեջ, ինչը բացառված է վերը նշված ուսուցման փուլը (մարտական պատրաստության ծրագիրը) չանցած լինելու դեպքում:

Հայտնում ենք նաև, որ նախագծի ընդունման արդյունքում պետք է  համապատաս­խան փոփոխությունների ենթարկվեն Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ուսումնական փուլերը և մարտական պատրաստության ծրագրերը կանոնակարգող Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանները: Ըստ այդմ՝ կառավարությունն առաջարկում է օրենքի հիշյալ հոդվածը թողնել անփոփոխ: Խնդրում եմ հավանության տալ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկին»,- տեղեկացրեց Դավիթ Տոնոյանը: Գործադիրի նիստում կառավարության առաջարկը հավանության արժանացավ: 

Իսկ նախարարը հարկ համարեց նշել, որ ներկայումս ՊՆ-ում քննարկվում է մարտական հերթապահության մեջ ընդգրկված ժամկետային զինծառայողների պարտադիր ծառայության 24-ամսյա ժամկետը կրճատելու, իսկ մարտական հերթապահությանը չընդգրկված զինծառայողների պարտադիր ծառայության ժամկետն  ավելացնելու հնարավորության հարցը:

«Պարո'ն Տոնոյան, ճի՞շտ հասկացանք, որ ժամկետային զինծառայողների ծառայության ժամկետի կրճատման հարց է քննարկվում»,-արձագանքեց Նիկոլ Փաշինյանը:

«Մարտական հերթապահության մեջ ընդգրկվածների»,- արձագանքեց Տոնոյանը: