կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-04 09:09
Քաղաքական

Կառավարությունում ինտենսիվ քննարկվում է ամանորյա տոնական օրերը կրճատելու մասին նախագիծը. «Փաստ»

Կառավարությունում ինտենսիվ քննարկվում է ամանորյա տոնական օրերը կրճատելու մասին նախագիծը. «Փաստ»

««Փաստ» թերթի տեղեկություններով, կառավարությունում բավական ինտենսիվ քննարկվում է ամանորյա տոնական օրերը կրճատելու մասին նախագիծը, որով նախատեսվում է աշխատանքային օր սահմանել հունվարի 3-5-ը: 

Հիշեցնենք, որ ներկայումս գործող օրենքով ոչ աշխատանքային են համարվում դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ (Ամանոր), հունվարի 3-ից 5-ը (նախածննդյան տոներ) և հունվարի 6-ը (Սուրբ Ծնունդ և Հայտնություն): Նույն օրենքով Սուրբ ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող օրը՝ հունվարի 7-ը ևս ոչ աշխատանքային է, որպես Հիշատակի օր: 

 

Ի դեպ, սա հինգ տաղավար տոներից միակն է, որի հաջորդ օրը օրենքով սահմանված է որպես Հիշատակի օր:

Ինչպես հայտնի է, Կարեն Կարապետյանի կառավարությունն էլ նմանօրինակ մի նախագիծ էր առաջարկել, որը, սակայն, պետաիրավական հանձնաժողովում բացասական եզրակացություն էր ստացել և չէր մտել լիագումար նիստերի օրակարգ։ 

Իշխանափոխությունից հետո այս թեման նորից ակտիվացավ, սակայն նախագծին այդպես էլ ընթացք չտրվեց: 

Հիմա պատկերն այլ է, և կարծես իշխանությունները հետևողականորեն ցանկանում են առաջ տանել այս գաղափարը, որը ժամանակին հասարակության բուռն քննադատությանն արժանացավ։ 

Այնպես որ, չի բացառվում, որ առաջիկա Ամանորին ու Սուրբ ծննդյան տոներին հանգստանանք ընդամենը 4 օր։ Դեռևս պարզ չէ՝ հունվարի 7-ն էլ են դարձնելո՞ւ աշխատանքային, ինչպես մյուս տաղավար տոներին հաջորդող երկուշաբթիների դեպքում, թե՞ ոչ»,-գրում է թերթը։