Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտի 17-ին լրացավ ԽՍՀՄ պատմության մեջ տեղի ունեցած միակ հանրաքվեի՝ ԽՍՀՄ պահպանման վերաբերյալ հանրաքվեի 28-րդ տարին (1991 թ.)։
ԽՍՀՄ-ը 20-րդ դարի վերջին տասնամյակի սկիզբ թևակոխեց լրջորեն խորացած ճգնաժամի վիճակ: Երկրի ներսում եղած բազմապիսի լուրջ հակասությունները ստիպեցին ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Մ.Ս.Գորբաչովին 1990 թ. նոյեմբերի վերջին միութենական հանրապետությունների գերագույն խորհուրդներին, ինքնավար հանրապետությունների գերագույն խորհուրդներին, ինքնավար մարզերի և ինքնավար օկրուգների ժողովրդական պատգամավորների խորհուրդներին ուղարկել միութենական նոր պայմանագրի նախագիծը: Վերոհիշյալ նախագծով նախկին ԽՍՀՄ-ը դառնալու էր նոր տիպի պետություն՝ Սուվերեն Խորհրդային Հանրապետությունների Միություն1:
Նախագծին ԽՍՀՄ 15 հանրապետություններից յուրաքանչյուրն արձագանքեց յուրովի: Երկու օր անց՝ նոյեմբերի 27-ին, ստացվեց Վրաստանի գերագույն խորհրդի՝ ԽՍՀՄ պրեզիդենտին ուղղված հայտարարությունը, ըստ որի` անկախության ուղին բռնած Վրաստանը նույնիսկ հրաժարվում էր քննության առնել միութենական նոր դաշնագրի հայեցակարգը, քանի որ, ինչպես ասված էր հայտարարության մեջ. «…դրա ցանկացած ձևը անընդունելի է Վրաստանի Հանրապետության համար, որը պետական լիակատար անկախության հասնելու ճանապարհին սոսկ անցումային ժամանակաշրջանի սկզբում է գտնվում2: Դրա հետ մեկտեղ,- ասված է փաստաթղթում,- նման մոտեցումը չի նշանակում, թե Վրաստանը հրաժարվում է տնտեսական, գիտատեխնիկական, մշակութային համագործակցության ոլորտներում պարտավորություններ ստանձնելու որևէ ձևից, մյուս երկրների հետ, (խոսքը մնացած միութենական հանրապետությունների մասին է` Վ.Ս.) որոնց հետ այսօր էլ արդյունավետորեն համագործակցում է: Ելնելով դրանից` Հանրապետության գերագույն խորհուրդը պատրաստ է գործընկերային կապերի մեջ մտնել լիակատար իրավահավասարություն ու փոխշահավետություն նախատեսող նոր քաղաքական պայմաններում, որակապես նոր իրավական հիմքի վրա»3:
Այսպիսով՝ ամբողջ խորհրդային տարածքում ԽՍՀՄ պահպանման վերաբերյալ հանրաքվեն (որով, ինչպես վերը նշեցինք, ԽՍՀՄ-ը դառնում էր նոր տիպի ֆեդերացիա) նշանակվեց մարտի 17-ին: Վրաստանը, ինչպես տեսանք, ի սկզբանե որևիցե ձևով հրաժարվել էր մնալու ԽՍՀՄ կազմում: Իր տարածքում ԽՍՀՄ պահպանման վերաբերյալ 1991 թ. մարտի 17-ի ԽՍՀՄ հանրաքվեն չանցկացնելու մասին որոշում ընդունեց նաև Հայաստանի Հանրապետության գերագույն խորհուրդը4:
Ինչևէ, մարտի 17-ի ընտրությունների արդյունքում ԽՍՀՄ-ում հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող 185.647.355 մարդուց քվեարկությանը մասնակցեց 148.574.606 մարդ, կամ 80 տոկոսը, որոնցից «Այո» պատասխանեցին 76,4%-ը, «Ոչ»` 21,7%-ը5: Հանրաքվեի կենտրոնական հանրապետական հանձնաժողովներ չստեղծվեցին Վրաստանում, Լիտվայում, Լատվիայում, Էստոնիայում, Մոլդովայում, Հայաստանում (այս երկրները փաստացի դուրս եկան ԽՍՀՄ կազմից):
ԽՍՀՄ-ը պահպանելու մասին 1991թ. մարտի 17-ի ԽՍՀՄ համաժողովրդական հանրաքվեին տարբեր կերպ արձագանքեցին նաև առանձին հանրապետությունների ինչպես մի շարք ինքնավար հանրապետություններ ու մարզեր, այնպես էլ ազգային փոքրամասնություններով բնակեցված և հիմնախնդիրներով հարուստ տարածաշրջաններ: Կարևոր է նշել, որ Վրաստանի ինքնավար շրջաններից Աբխազիան (Ինքնավար Հանրապետություն) և Հարավային Օսեթիան (Ինքնավար Մարզ) այս հարցում չմիացան Վրաստանին։ Նույն սցենարը տեղի ունեցավ նաև Մոլդովական Հանրապետության պարագայում։ Վերջինիս լարված օջախներից մեկը՝ Մերձդնեստրյան շրջանի աջափնյա անկլավը՝ Բենդեռյան շրջանը, ևս ձայների 98,9%-ով հանդես եկավ ԽՍՀՄ-ի պահպանման օգտին։ Սա այն դեպքում, երբ ինքը՝ Մոլդովան, բոյկոտեց վերոնշյալ հանրաքվեն։ Ըստ որոշ հեղինակների՝ վերջիններս քվեարկեցին ոչ թե ԽՍՀՄ պահպանման, այլ՝ Ռուսաստանի կազմում մնալու օգտին6։
Այս թոհուբոհի մեջ վերոնշյալ հարցադրման վերաբերյալ իրենց դիրքորոշումներով հանդես եկան նաև Վրաստանի հարավային տարածաշրջաններից երկուսը` հայաբնակ Ջավախքը7 և ադրբեջանաբնակ Քվեմո Քարթլին8: Այս երկու տարածաշրջանների դիրքորոշումները այս հարցում նույնն էին` Վրաստանի հետ հանդես գալ նույն դիրքորոշմամբ և չմասնակցել ԽՍՀՄ-ը պահպանելու մասին 1991թ. մարտի 17-ի ԽՍՀՄ համաժողովրդական հանրաքվեին: Հետաքրքրական է, որ այս կապակցությամբ հասարակական տարբեր շրջանակներ և քաղաքական գործիչներ հետագայում արտահայտել են տարբեր կարծիքներ, տվել տարբեր գնահատականներ: Այսպես, 2008 թ. սեպտեմբերին, վրաց-օսական հնգօրյա պատերազմից անմիջապես հետո, «Правда.Ру» տեղեկատվական պորտալին տված իր մեկնաբանությունում Հարավայն Օսիայի Հանրապետության հատուկ հարցերով նախարարության տեղեկատվական բաժնի ղեկավար Ինալ Պլիևը նշել էր. «Ի տարբերություն Հարավային Օսիայի, որը ԽՍՀՄ կազմալուծումից առաջ հայտարարեց, որ չի ընդունում անջատողականությունը (խոսքը Վրաստանի՝ ԽՍՀՄ-ից անջատվելու մասին է՝ Վ.Ս.)` հրաժարվելով դուրս գալ նրա (ԽՍՀՄ-ի՝ Վ.Ս.) կազմից, Վրաստանի ադրբեջանցիները և հայերը թույլ տվեցին ճակատագրական սխալ: Նրանք, հույսը դնելով Վրաստանի ղեկավարության քաղաքակիրթ լինելու վրա, ցանկացան նրա հետ կառուցել մեկ պետություն: Եվ երբեք ընդդեմ նրա (Վրաստանի ղեկավարության՝ Վ.Ս.) հանդես չեն եկել: Սակայն «Վրաստանը վրացիների համար» նշանաբանով առաջնորդվող Թբիլիսին երկրի «ազգային փոքրամասնությունների», այդ թվում նաև Ջավախքի և Մառնեուլիի շրջաններում բնակվող ադրբեջանցիների և հայերի համար ստեղծեց կյանքի անտանելի պայմաններ»9:
Մինչ այս տարածաշրջանների ազգաբնակչության կողմից վերոնշյալ որոշումներին անդրադառնալը` մանրամասնենք, որ Ինալ Պլիևի մեկնաբանությունները մատնանշում են 1990-ական թթ. Ջավախքում գործող կազմակերպությունների` «Ջավախք»10 և «Փարվանա»11 ժողովրդական շարժումների կողմից Ջավախքի ազգաբնակչությանն ուղղված կոչը, որով վերջիններս պահանջում էին ժողովրդից` չմասնակցել ԽՍՀՄ-ը պահպանելու մասին 1991թ. մարտի 17-ի ԽՍՀՄ համաժողովրդական հանրաքվեին՝ այն համարելով սխալ. «…քանզի ԽՍՀՄ-ը այն կայսրությունն է, որի գոյությունը ինքնըստինքյան հակաժողովրդավարական է, վարում է ամբողջատիրական քաղաքականություն, խեղդում ամեն մի ազգային-ժողովրդավարական շարժում»12:
Վրաստանի կազմից դուրս եկած հարավօսական հանրապետության պաշտոնյայի կողմից ջավախքահայերի և ադրբեջանցիների մասին հնչեցրած քննադատական մտքերը միանգամայն հասկանալի են, եթե հարցին նայենք այդ պետության կամ օս հասարակության տեսանկյունից: Հասկանալի է նաև, որ 1991 թվականի Ռուսաստանը դեռևս ինչ-որ տեղ նույնացվում էր Խորհրդային Միության հետ, և այս հողի վրա ցանկացած հակախորհրդային քայլ առաջին հայացքից ուղղակի կամ անուղղակի կարող էր դիտվել նաև հակառուսական քայլ (այս հիմքի վրա արցախյան խնդրում հայկական կողմի համար մեծ վնաս բերեցին ժամանակի քաղաքական որոշ դրսևորումներ, որոնք միտում ունեին հակախորհրդային քայլերը վերածելու հակառուսական քայլերի): Իրականում ջավախահայերը, կատարելով այս քայլը, դեմ են դուրս եկել ոչ թե Ռուսաստանին, այլ ԽՍՀՄ-ին: Իսկ ԽՍՀՄ-ին դեմ հանդես գալու հիմնավոր պատճառներն իրականում շատ էին. խորհրդային կուսակցական մարմինների 1921 թ. հուլիսյան որոշումներից սկսած մինչև Ախալքալաքի և Ախալցխայի գավառների արհեստական մասնատում և վերաբնակեցման միջոցով ժողովրդագրական պատկերի կտրուկ փոփոխում, սահմանային անցագրային ռեժիմի ստեղծում և տասնամյակներ շարունակ Ջավախք այցելողների առջև բազմապիսի խոչնդոտների ստեղծում և այլն: Հետևաբար, ջավախահայերի այդ քայլը կարելի է որակել որպես պատմական արդարությունը վերականգնելու մի փորձ:
Դեմ դուրս գալով 1991 թ. մարտի 17-ին տեղի ունեցած հանրաքվեին և հանդես գալով ժողովրդին ուղղված հատուկ կոչով՝ Ջավախքի հասարակական-քաղաքական վերնախավն իր այդ քայլով հերթական անգամ հավատարիմ մնաց Վրաստանի որդեգրած քաղաքական ուղուն՝ չգնաց իրավիճակի սրման կամ առճակատման ճանապարհով: Ռուսական խոշոր ռազմաբազայի առկայությունն Ախալքալաքում և ջավախահայության տնտեսական մեծ կախվածությունն այդ ռազմաբազայից հետ չպահեցին ջավախահայությանը՝ գնալու այդ քայլին անգամ այն պարագայում, երբ, ինչպես վերևում նշեցինք, պատմական տվյալ շրջանում ցանկացած հակախորհրդային քայլ կարող էր ընկալվել որպես հակառուսականություն: Կատարելով իր քաղաքացիական պարտքը և դեմ դուրս գալով 1991 թ. մարտի 17-ի հանրաքվեին՝ ջավախահայությունը ցանկացավ տեսնել նոր արժեհամակարգով առաջնորդվող Վրաստան, նոր որակի պետական համակարգ, որտեղ կգերիշխեր արդարությունը, որտեղ կստեղծվեին երկրի բոլոր ազգությունների համար զարգացման հավասար պայմաններ: Թե որքանով արդարացան ջավախահայության ակնկալիքները՝ ցույց տվեց հետագան:
ՀԱՎԵԼՎԱԾ
«Ջավախք» և «Փարվանա» ժողովրդական շարժումների կոչն ուղղված ջավախահայությանը
ԽՍՀՄ-ը պահպանելու մասին 1991 թ. մարտի 17-ի ԽՍՀՄ համաժողովրդական հանրաքվեին (ռեֆերենդում) Ջավախքի ազգաբնակչության մասնակցությունը համարում ենք սխալ, քանզի ԽՍՀՄ-ը այն կայսրությունն է, որի գոյությունը ինքստինքյան հակադեմոկրատական է, վարում է ամբողջատիրական քաղաքականություն, խեղդում ամեն մի ազգային-առաջադիմական ու դեմոկրատական [շարժում]:
Կոչ ենք անում չմասնակցել այդ հանրաքվեին:
«Ջավախք» ժողովրդական շարժում
«Փարվանա» ժողովրդական շարժում
1. «Հայաստանի Հանրապետություն», 25.11.1990:
2. Նույն տեղում, 27.11.1990:
3. Նույն տեղում:
4. «Հայաստանի Հանրապետություն», 5 մարտի, 1991:
5. «Հայաստանի Հանրապետություն», 30 մարտ, 1991թ.:
6. Տես՝ Мяло К.Г., Россия и последние войны XX века (1989-2000), К истории падения сверхдержавы, М., 2002, с.110, 189:
7. 1994 թ. Ջավախքի՝ խորհրդային տարիներին ձևավորված շրջանների հենքի վրա (բացի հարևան և կրկին նորաստեղծ Քվեմո Քարթլի նահանգի մեջ արհեստականորեն ներառված Ծալկայի հայաբնակ-հունաբնակ շրջանից) ձևավորվել է Սամցխե-Ջավախք նահանգը:
8. Կարևոր է նշել, որ այս տարածաշրջանները դեռ չունեին այսօրվա ձևակերպումները, որոնցով վերջիններս ներառում են տարբեր վարչական շրջաններ, ուստի այս տարածաշրջանների մասին մեր հիշատակումները պայմանական են և մատնանշում են ոչ թե այսօրվա նահանգները, այլ հայերի և ադրբեջանցիների զբաղեցրած բուն տարածքները:
9. На месте Грузии может появиться несколько государств, https://www.pravda.ru/world/formerussr/georgia/02-09-2008/281575-gogia-0/.
10. Ջավախքում «Ջավախք» ժողովրդական շարժման սկզբնավորման, գործունեության ընթացքի և կազմակերպությանն առնչվող այլ մանրամասների մասին տես` Սարգսյան Վ., Սամցխե-Ջավախք-Թռեղքը հայ-վրացական հարաբերությունների հոլովույթում (1980-ական թթ. վերջ – 1990-ական թթ.), Երևան, 2006:
11. «Փարվանա» հասարակական կազմակերպությունը ծնունդ է առել Բոգդանովկայում՝ 1989թ., ժողովրդի շրջանում ազգային ինքնագիտակցության վերածննդի շրջանում, միտինգային թոհուբոհի մեջ։ Կազմակերպությունը ակտիվորեն հակադրվեց նախ` կոմունիստական, ապա` զվիադական իշխանությունների նկրտումներին։ Համագործակցելով «Ջավախք» ժողովրդական շարժման հետ և ստանալով վերջինիս օժանդակությունը` «Փարվանա»-ն Բոգդանովկայի շրջանում (Գորելովկայում շուրջ 7 տասնյակ, Եֆրեմովկայում՝ երեք տասնյակ, Օռլովկա, Սպասովկա, Կալինինո գյուղերում՝ մեկական տասնյակ) տներ գնեց կարիքավոր հայ ընտանիքների, Գյումրիի երկրաշարժից տուժածների և այլոց համար։ Դա այն ժամանակ էր, երբ «Մ. Կոստավա» հիմնադրամը նույնպես սկսել էր վերոնշյալ գործընթացը (տներն ազատվում էին ռուս դուխոբորների՝ այս շրջանից արտագաղթելու պատճառով)։ Ինչպես արտաքին (իշխանական) ճնշումների, այնպես էլ ավելի շատ իր անդամների միջև առաջացած հակասությունների պատճառով կազմակերպությունը 1990-ական թթ. կեսերին փաստացի դադարեց գոյություն ունենալուց։ Վերջինիս անդամներից մեկի կողմից այս ընթացքում հիմնադրվեց Ջավախքի քաղաքական կյանքում քիչ թե շատ դերակատարություն ունեցող մեկ այլ կազմակերպություն՝ «Օդան»։ «Փարվանա» կազմակերպության կողմից 1991թ. հիմնադրվեց և հրատարակվեց «Փարվանա» անունով չորս համար թերթ։ Տես՝ «Ջավախք», ապրիլ, 1995, N 3 (9), հմմտ.՝ Բոգդանովկայի շրջան, Տեղեկագիրք, էջ 99։
12. Տե՛ս Կոչի բովանդակությունը (տողերիս հեղինակի անձնական արխիվ):