Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև։
Սիրելի՛ հայրենակիցներ
Հայ ժողովուրդը եւ Հայաստանը կանգնած են աննախադեպ մարտահրավերների առջև՝ կորցրել ենք Արցախի զգալի հատվածը, վտանգված են հայկական պետականությունը եւ ինքնիշխանությունը: Այս իրավիճակում Ջավախքը, ջավախահայերը չեն կարող անտարբեր մնալ։ Մենք գիտակցում ենք, որ թույլ հայկական պետականության պայմաններում վտանգվում է նաեւ ջավախահայության ապագան։
Հաշվի առնելով անցյալի փորձը՝ մենք համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետությունն այս իրավիճակից կարող ենք դուրս բերել միասնական ջանքերով՝ «Հայաստան» դաշինքի առաջնորդությամբ եւ ղեկավարությամբ։
Մենք՝ ջավախահայերս, լավ ենք հիշում, թե հայ-վրացական միջպետական հարաբերություններն ինչ բարձր մակարդակի վրա էին Ռոբերտ Քոչարյան-Հայ Յեղափոխական Դաշնակցություն համագործակցության տարիներին, ինչը մեզ համար շատ կարեւոր է։
Մենք հիշում ենք, թե ինչպիսի կրթական, մշակութային, առողջապահական, սոցիալական ծրագրեր էին իրականացվում Ջավախքում Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում։
Պատահական չէ նաեւ, որ այս արտահերթ խորհրդարանական ընտրություններում միայն «Հայաստան» դաշինքն է, որ նախընտրական ծրագրում առաջարկում է խորացնել եւ ընդլայնել ռազմավարական գործընկերությունը Վրաստանի հետ՝ որպես բարեկամ երկրի, եւ պահպանել ջավախահայության ազգային ինքնությունը:
Հաշվի առնելով վերոնշյալ հսկայական ավանդը Ջավախքում իրականացված ծրագրերում, հաշվի առնելով նշված ժամանակահատվածում հայ-վրացական հարաբերությունների բարձր մակարդակը՝ կոչ ենք անում Հայաստանի քաղաքացիներին, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետությունում ապրող ջավախքցիներին՝ հունիսի 20-ին ակտիվ մասնակցել մեր ազգի համար գերկարեւոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին եւ քվեարկել «Հայաստան» դաշինքի (ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն, «Վերածնվող Հայաստան» կուսակցություններ) օգտին։
Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդ
ք․ Ախալքալաք
09․06․2021թ.