Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2023 թ. նոյեմբերի 30-ին ՀՀ կառավարությունը երկու որոշում ընդունեց, որոնցից մեկի ուսումնասիրությունը ծնում է նաև Ջավախքում ապրող մեր հայրենակիցների՝ սեփական մեքենաներով ՀՀ տարածք մտնելու իրավական գործընթացին սերտորեն առնչվող որոշ առանցքային հարցեր։
«Ժամանակավորապես Հայաստանի Հանրապետություն ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների համար մաքսատուրքերի և հարկերի վճարման պարտավորությունների ապահովման որոշակի միջոց սահմանելու մասին»
ՀՀ կառավարության որոշման ընդունման հիմնավորման մեջ նշված է, որ Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններում (հիմնականում Վրաստանում) թեթև մարդատար տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպման համար օրենքով սահմանված մաքսային վճարների չափերի՝ ԵԱՏՄ օրենսդրությամբ նախատեսված վճարների չափերի համեմատ ցածր լինելու պատճառով ՀՀ-ում այդ տրանսպորտային միջոցներն օրենքով սահմանված կարգով ազատ շրջանառության նպատակով ձևակերպելու և գրանցելու փոխարեն այդ տրանսպորտային միջոցները ձևակերպվում և գրանցվում են այդ երկրներում (հիմնականում Վրաստանում) և ներմուծվում ու տնօրինվում են ՀՀ-ում «ձևական» ժամանակավոր ներմուծում ձևակերպելու ճանապարհով:
Ըստ հմնավորման՝ ներկա պահին ՀՀ-ում վերոհիշյալ կարգավիճակով շահագործվում են շուրջ 9000 միավոր ավտոմեքենա, որոնք վճարումներ չեն կատարում պետական բյուջե մաքսատուրքերի, ավելացված արժեքի հարկի, բնապահպանական հարկի և գույքահարկի գծով (բնականաբար, վճարում են այն երկրում (իմա՝ Վրաստանում), որտեղ գրանցված են դրանք)։
Որոշմամբ առաջարկվում է ԵԱՏՄ ֆիզիկական անձանց կողմից օտարերկրյա պետություններում հաշվառված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման դեպքում կիրառել դրամական միջոցներով վճարման պարտավորության կատարման ապահովումը։ Այս պարագայում ԵԱՏՄ ֆիզիկական անձինք (ՀՀ քաղաքացիները, այդ թվում՝ երկքաղաքացիները) երրորդ երկրում գրանցված տրանսպորտային միջոցը ՀՀ ժամանակավորապես ներմուծելու համար պարտավորված կլինեն մաքսային մարմիններին ներկայացնել ապահովում՝ տրանսպորտային միջոցի ազատ շրջանառության համար բաց թողնելու համար վճարման ենթակա մաքսատուրքի և հարկերի չափով գումարի տեսքով՝ վճարելով այդ գումարը մաքսային մարմնի կողմից տնօրինվող դեպոզիտային հաշվին, որը նրանց կվերադարձվի տվյալ ավտոմեքենան վերաարտահանելիս։ Այս միջոցը կոչված է տրանսպորտային միջոցի «ձևական» ժամանակավոր ներմուծումը ոչ շահավետ դարձնելու։
Չնայած որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս սահմանափակումը չի ազդի իրենց անձնական ավտոմեքենայով ՀՀ տուրիստական կամ գործնական այցելություններ իրականացնող օտարերկրացիների նկատմամբ, այդուհանդերձ, նախորդիվ նշված «երկքաղաքացիները» եզրույթը ծնում է հետևյալ հարցը. արդյո՞ք խոսքը այն օտարերկրյա քաղաքացիների մասին է, որոնք ունեն նաև ՀՀ քաղաքացիության անձնագիր (վերջիններս հիմնականում մեր հայրենակիցներն են՝ ազգությամբ հայերը)։ Եթե այո, ապա պետք է ՊԵԿ-ը հստակեցնի գործադրման մեխանիզմը, այն է՝ եթե տվյալ օտարերկրացին, ով ունի նաև ՀՀ անձնագիր, բայց ՀՀ սեփական մեքենայով տարածք է մուտք գործում իր ոչ թե ՀՀ այլ, օտարերկրացու անձնագրով, արդյո՞ք ազատվում է նշված սահմանափակումներից (այսինքն՝ մուտք է գործում իբրև օտարերկրացի), թե՞ նրա պարագայում հաշվի են առնելու, որ նա նաև ՀՀ քաղաքացի է, և պահանջելու են մաքսային մարմնի դեպոզիտային հաշվին վճարել վճարման ենթակա մաքսատուրքի և հարկերի չափով գումարը։ Եթե որոշման գործադրման այս վերջին մեխանիզմը գործեց տվյալ կարգավիճակում գտնվող օտարերկրացիների (ովքեր նաև ՀՀ քաղաքացի են) պարագայում, ապա սա ուղղակի աղետ կլինի հարյուր հազարավոր ջավախահայերի համար։
Արդեն իսկ ՊԵԿ-ն իր հիմնավորումերում նշել է, որ խնդիրն առաջացել է հենց Վրաստանում հաշվառված և ՀՀ ժամանակավոր ներմուծված տրանսպորտային միջոցների պատճառով։ Հետևաբար, եթե ՀՀ-ն Վրաստանում (գերակշիռ մասով՝ Ջավախքում) ապրող Վրաստանի քաղաքացիներից ևս պահանջի մաքսային մարմնի դեպոզիտային հաշվին վճարել վճարման ենթակա մաքսատուրքի և հարկերի չափով գումարը (ինչը շատ դեպքերում կարող է Վրաստանում գնահատված ավտոմեքենայի արժեքից ավելի բարձր լինել)` ելնելով այն հանգամանքից, որ վերջիններիս տվյալների բազայում առկա է նաև ՀՀ քաղաքացի լինելու փաստը, ապա դա ուղղակի կարող է խզել կապը Վրաստանում (հիմնականում՝ Ջավախքում) ապրող հայության և ՀՀ-ի միջև։ Սույն եզրակացությունը հիմնավոր է, քանի որ Ջավախքում ապրող բազմահազար հայերի մեջ, իրերի բերմամբ, շատ քիչ թիվ են կազմում անձինք, ովքեր չունեն ՀՀ քաղաքացիություն, կարող են սեփական մեքենայով մուտք գործել ՀՀ իբրև զուտ օտարերկրացի և ազատվել ՀՀ մաքսային մարմնի դեպոզիտային հաշվին կատարվելիք վճարումներից։ Բնականաբար, ելնելով մեքենաների մաքսազերծման չափազանց բարձր գներից, հազվադեպ մարդիկ պատրաստ կլինեն նման ահռելի գումարներթողնել սահմանին ամեն անգամ և մուտք գործել ՀՀ։
ՀՀ ՊԵԿ-ի և կառավարության կողմից պետք է հաշվի առնվեն Վրաստանի և ՀՀ քաղաքացի հանդիսացող ջավախահայության ամենօրյա այցերը ՀՀ, որոնք հաճախ ունեն անհետաձգելի բնույթ (շտապ բուժօգնություն, թռիչք օդակայաններից ևն)։ Արդյունքում՝ որոշման կիրառումը պետք է մեկնաբանվի համապատասխան կերպով, ըստ որի՝ օտարերկրյա (տվյալ դեպքում՝ Վրաստանի) քաղաքացին ազատվում է նշված սահմանափակումներից։ Այսինքն՝ Վրաստան – ՀՀ սահմանին անձնական մեքենայով մուտք գործող ջավախահայության պարագայում պետք է դիտարկվի այն անձնագիրը, որը նա ներկայացրել է տվյալ դեպքում։
Հուսով ենք՝ ՊԵԿ-ն իր պարզաբանումներում կառաջնորդվի վերոնշյալ տրամաբանությամբ և ազգային – քաղաքական իմաստով ծանրագույն խնդիրների առաջ չի կանգնեցնի Վրաստանում (ծանրակշիռ մասով՝ Ջավախքում) ապրող մեր հայրենակիցներին ։
Վահե Սարգսյան