Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2011 թ. ապրիլի 8-ին ԱՄՆ պետքարտուղարությունը հրատարակեց աշխարհում մարդու իրավունքների վիճակին վերաբերող տարեկան զեկույցը:
Ինչպես անցյալ տարի, այս տարի նույնպես զեկույցի`Վրաստանին վերաբերող մասում ջավախահայության իրավունքների ոտնահարման փաստերը ներկայացված են խիստ թերի և խեղաթյուրված: Մասնավորապես` զեկույցում արտացոլված չեն ջավախահայության իրավունքների ոտնահարման ստորեւ շարադրված փաստերը:
Ջավախահայության հասարակական-քաղաքական կյանքը գտնվում է վրաց ուժային կառույցների շարունակական, ուղղակի և տոտալ վերահսկողության տակ: Ոստիկանության կողմից իրականացվող անօրինական գործողությունների միջոցով (ճնշումներ, սպառնալիքներ, անօրինական կալանք, շինծու քրեական գործերի հարուցում և այլն) արմատախիլ են արվում ջավախահայության հասարակական բողոքի անգամ չնչին դրսևորումները:
Հայաբնակ շրջաններում հօգուտ Սահակաշվիլու «Ազգային շարժում» իշխող կուսակցության կեղծվեցին 2010 թ. մայիսին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները:
Վրաստանի օրենսդրությամբ արգելվում է ստեղծել քաղաքական կազմակերպություններ` տարածաշրջանային հիմքի վրա: Դրա հետևանքով Ջավախքի քաղաքական կառույցներն ընտրություններին մասնակցելու համար ստիպված են լինում համավրաստանյան որևէ քաղաքական կուսակցության ընտրական ցուցակներում ընդգրկվելու ուղիներ փնտրել: Սա էապես խոչընդոտում է հանրային կյանքին հայ բնակչության շահերը ներկայացնող հասարակական-քաղաքական ուժերի մասնակցությանը:
Վրացական իշխանությունները արագացված տեմպերով շարունակում են համախումբ հայ բնակչություն ունեցող շրջաններում վրացերեն լեզվի բռնի պարտադրման քաղաքականության իրականացումը` արհամարհելով հայերենին մարզային լեզվի կարգավիճակ տալու` ջավախահայության պահանջները: Դրանով կոպտորեն ոտնահարվում են Վրաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները, այդ թվում` Ազգային փոքրամասնությունների պաշտպանության եվրոպական շրջանակային կոնվենցիայի դրույթները:
Սամցխե-Ջավախք նահանգում հայերը, ըստ պաշտոնական տվյալների, կազմում են բնակչության 55%-ը, սակայն նրանք գրեթե ներկայացված չեն նահանգի կառավարման մարմիններում:
Վրացական իշխանությունները շարունակում են սահմանի վրա անօրինական խոչընդոտներ ստեղծել հայալեզու գրականությունը և մամուլը Ջավախք փոխադրելու հարցում:
Զեկույցում արդարացիորեն նշվում է, որ ջավախահայերը բողոքում են հայերենին մարզային լեզվի կարգավիճակ տալու` վրաց իշխանությունների դժկամությունից, սակայն դրանից անմիջապես հետո ավելացվում է, որ «ըստ որոշ ՀԿ-ների` վրաց լեզվի ուսուցման վիճակը բարելավվել է»: Դրանով ԱՄՆ պետքարտուղարությունը կարծես անուղղակիորեն քաջալերում է իշխանություններին` շարունակել Ջավախքում վրաց լեզվի արագացված և բռնի ներդրման իրենց քաղաքականությունը, որը ջավախահայության դժգոհության հիմնական աղբյուրներից է:
2010 թ. զեկույցում չեն շտկվել շինծու մեղադրանքների հիման վրա 10 տարվա ազատազրկման դատապարտված ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի գործին վերաբերող անճշտությունները: Միևնույն ժամանակ, որպես դրական երևույթ, պետք է արձանագրել, որ նոր զեկույցում ԱՄՆ պետքարտուղարությունը զետեղել է հայկական կողմի ծանրակշիռ փաստարկներն առ այն, որ Վահագն Չախալյանը բանտարկվել է ջավախահայության իրավունքների պաշտպանությանն ուղղված իր հասարակական-քաղաքական գործունեության համար:
Համեմատելով զեկույցի` Վրաստանին վերաբերող հատվածը տարածաշրջանի այլ երկրներին վերաբերող մասերի հետ` կարելի է արձանագրել, որ, նշելով Վրաստանում արդար դատավարության բացակայության, իշխանությունների կողմից դատական համակարգի վերահսկողության և քաղաքական դրդապատճառներով հետապնդման երևույթները, երևույթներ, որոնցից տուժում են նաև ջավախահայերը, ԱՄՆ պետքարտուղարությունն, այնուամենայնիվ, խուսափում է դրանց համարժեք գնահատականներ տալ` Վրաստանի նկատմամբ կիրառելով երկակի չափորոշիչներ:
ԱՄՆ-ը` որպես Վրաստանի հիմնական գործընկերներից մեկը, զեկույցում չլուսաբանելով Վրաստանում մարդու և ազգային փոքրամասնությունների տարրական իրավունքների ոտնահարման հիմնական փաստերը, ըստ էության արտոնում է Սահակաշվիլու վարչակարգին` շարունակել իր խտրական քաղաքականությունը: Դրանով ԱՄՆ իշխանությունները «արջի ծառայություն» են մատուցում Վրաստանին, քանի որ վրաց իշխանությունների ներկա գործելաոճը օրեցօր ավելացնում է Վրաստանի քաղաքացիների, այդ թվում` ջավախահայերի դժգոհությունը:
Ելնելով վերը նշվածից` ջավախահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը կոչ է անում ԱՄՆ իշխանություններին` իրենց զեկույցներում առավել անաչառ կերպով ներկայացնել Վրաստանի հայ բնակչության խնդիրները, ինչպես նաև ակտիվացնել ջանքերը մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ոլորտում Վրաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների լիարժեք կատարումն ապահովելու ուղղությամբ:
Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդ