կարևոր
2449 դիտում, 5 օր առաջ - 2025-02-13 20:02
Հասարակություն

Ջավախահայության մի պահանջը կատարվեց, ըստ ՊԵԿ֊ի` «օտարերկրյա անձանց» համար 1-ին տրանսպորտային միջոցի ներմուծումը կլինի ոչ թե 15 օր, այլ 1 տարի

Ջավախահայության մի  պահանջը կատարվեց, ըստ ՊԵԿ֊ի` «օտարերկրյա անձանց» համար 1-ին տրանսպորտային միջոցի ներմուծումը կլինի ոչ թե 15 օր, այլ 1 տարի

ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է հետևյալը․

«Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը՝ ֆիզիկական անձանց կողմից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման վերաբերյալ, հիշեցնում է, որ այդ տրանսպորտային միջոցները Հայաստան ներմուծվում են ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի իրավական կարգավորումների համաձայն։

Մասնավորապես, օտարերկրյա ֆիզիկական անձանց, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետությունների ֆիզիկական անձանց կողմից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետությունում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծումը Միության մաքսային տարածք, այս դեպքում՝ Հայաստանի Հանրապետություն, թույլատրվում է ոչ ավելի, քան 1 տարի ժամկետով: Այս դեպքում տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման այլ ժամկետներ սահմանող իրավական որևէ այլ կարգավորում ներկայում չկա։

Միաժամանակ, Կոմիտեն հայտնում է, որ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ ներմուծողներին օրենսդրությունը տարանջատում է ոչ թե Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա քաղաքացիություն ունենալու, այլ «միության անձ» կամ «օտարերկրյա անձ» լինեու հանգամանքով։ Եթե ֆիզիկական անձը Միության մաքսային տարածքում, այս դեպքում՝ Հայաստանում ունի մշտական բնակության վայր, ապա համարվում է «միության անձ»։ Հակառակ պարագայում, այսինքն, ԵԱՏՄ-ում, այդ թվում՝ ՀՀ-ում մշտական բնակության վայր չունենալու դեպքում, անկախ ՀՀ քաղաքացիություն ունենալու կամ չունենալու հանգամանքից, ֆիզիկական անձը համարվում է «օտարերկրյա անձ»։

ՊԵԿ-ը հայտնում է, որ «միության անձը» ժամանակավորապես ներմուծվող տրանսպորտային միջոցի համար առաջացող մաքսատուրքերի և հարկերի վճարման պարտավորությունը պետք է ապահովի միշտ։ Իսկ «օտարերկրյա անձանց» համար 1-ին տրանսպորտային միջոցի ներմուծման համար այդպիսի պահանջ չի սահմանվում։ Սակայն վերջիններիս համար այդ պարտավորությունը կառաջանա, երբ առանց այդ տրանսպորտային միջոցը վերաարտահանելու՝ ժամանակավորապես կներմուծի 2-րդ և յուրաքանչյուր հաջորդ տրանսպորտային միջոցը։ «Օտարերկրյա անձը» նաև նման պարտավորություն կունենա մշտական բնակության նպատակով ՀՀ ժամանելու դեպքում»։

Հիշեցնենք՝ ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը բարձրաձայնել էր, որ երկքաղաքացիություն ունեցող, սակայն վրացական անձնագրով ու վարորդական վկայականով երթևեկող ջավախահայերը ՀՀ տարածքում պարեկների կողմից տուգանվում են, և ընդգծել էր, որ դա անարդարացի մոտեցում է։ Ահազանգին հաջորդել էր ՆԳՆ-ի պատասխանը, որտեղ նշվում էր, որ այս պահին իրենց կողմից շրջանառության մեջ է դրված օրենսդրական նախաձեռնություն, որով երկքաղաքացիները կկարողանան այլ երկրի վարորդական վկայականով 1 ամիս երթևեկել ՀՀ-ում։ Գառնիկ Դանիելյանն արձագանքել էր ՆԳՆ հայտարարությանը՝ նշելով պատասխանը չի փարատում մտահոգությունները և հարց է առաջանում, թե ի՞նչ խնդիր է լուծելու մեկ ամսյա ժամկետի սահմանումը։ Փետրվարի 11-ին Ազգային Ժողովում Գառնիկ Դանիելյնաը վերստին բարձրաձայն էլ է նույն հարցը, ինչին ի պատասխան ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանն արձագանքել է, նշելով, որ իրենք չեն պատրաստվում  վերանայել 1 ամսյա ժամկետը։ 

 

Գառնիկ Դանիելյանը ԱԺ ամբիոնից և այլ հարթակներով բարձրացրել էր ևս մեկ կարևոր հարց, որը վերաբերում էր Վրաստանում ապրող շուրջ 170․000 մեր հայրենակիցներին։

Պատգամավորը հայտնել էր, որ վերջիններս վրացական պետհամարանիշների մեքենաներով չեն կարողանում ՀՀ տարածքում 15 օրից ավելի անցկացնել։ Եվ սա այն դեպքում, երբ նրանցից հազարավորները մշտական սերտ կապի մեջ են ՀՀ-ի հետ՝ պայմանավորված ուսմամբ, բուժմամբ կամ աշխատանքով։

Ըստ պատգամավորի` ոչ ՊԵԿ-ի կողմից, ոչ էլ սահմանային անցակետում նրանց որևէ լիարժեք հիմնավորում չի տրվում։


Գառնիկ Դանիելյանը հայտարարել էր, որ հետամուտ է լինելու, որպեսզի այս երկու հարցերը ստանան արդարացի լուծումներ։