կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-15 16:09
Քաղաքական

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցը ծրագրում չներառելը ցույց է տալիս՝ մեզ համար դա կարևոր չէ. Մանոյան

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցը ծրագրում չներառելը ցույց է տալիս՝ մեզ համար դա կարևոր չէ. Մանոյան

Կառավարության ծրագրում չկա «Արցախի Հանրապետություն» եզրույթը, ինչպեսև չի եղել նախափաշինյանական կառավարության ծրագրում, մինչդեռ այս ձևակերպման առկայությունն անհրաժեշտ է, այլ կերպ՝ անհրաժեշտ է, որ ՀՀ արտաքին քաղաքականության մի մասը միտված լինի Արցախի անկախության միջազգային ճանաչմանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ հիշեցնելով, որ ժամանակին Սերժ Սարգսյանն ասում էր, որ Հայաստանի կողմից Արցախի ճանաչումը կհանգեցնի պատերազմի վերսկսման:

ՀՅԴ Բյուրոյի անդամն ուշադրություն հրավիրեց նաև այն  փաստին, որ ինչպես Սերժ Սարգսյանի կառավարության, այնպես էլ Փաշինյանի կառավարության ծրագրում չի խոսվում Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման մասին, թեև նախկինների բառամթերք էր մտել «Ցեղասպանության ճանաչում, դատապարտում և հետևանքների վերացում» ձևակերպումը:

«Ո'չ Փաշինյանի նախորդ կառավարության, ո'չ էլ դրանից առաջվա կառավարության ծրագրերում այդ եզրույթը չի եղել, բայց անհրաժեշտ է, որ մտնի: Այլ բան է, որ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, այլ բան է կառավարության ծրագրում լինելը»,- ընդգծեց նա՝ նշելով, որ եթե Սերժ Սարգսյանի կառավարության ծրագրում ամրագրված էր Թուրքիայի հետ, առանց նախապայմանների, հարաբերությունների հաստատումը, ապա Փաշինյանի կառավարության ծրագրում Թուրքիայի մասին ոչ մի խոսք չկա, թեև «Իմ քայլի» նախընտրական ծրագրում, որը կառավարության ծրագրի գաղափարական հենքն է, այդ մասին խոսվում է:

«Այնպես չէ, որ այս կառավարության կեցվածքը տարբեր է մյուսներից, բայց թե ինչո՞ւ չկա ծրագրում, պարզ չէ: Մենք համարում ենք, որ դա պետք է ամրագրվի, այսինքն՝ ասվի, որ պատրաստ են, առանց նախապայմանների, Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը: Սա կարևոր է՝ ցույց տալու համար, որ Թուրքիայի հետ հարաբերությունները Հայաստանի համար կարևոր են, որովհետև Թուրքիայի համար կարևոր չեն դրանք, ուստի օրակարգում չունի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարց, և եթե մենք էլ չունենանք, ապա կնշանակի՝ այդպես էլ կմնա: Կառավարության ծրագրում այս հարցը չներառելը ցույց է տալիս, որ մեզ համար էլ կարևոր չէ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը: Կարծում եմ` Թուրքիայի վրա կարելի է դանդաղորեն և շարունակական ճնշում բանեցնել այլ պետությունների միջոցով, որ պետք է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել և վերացնել շրջափակումը»,- շեշտեց Կիրո Մանոյանը:

Անդրադառնալով Իրանի հետ հարաբերություններին՝ ՀՅԴ Բյուրոյի անդամը նշեց՝ այն, որ Փաշինյանը մինչ օրս չի այցելել Իրան, արտաքին ճնշումների հետևանք է, ոչ թե չկամության:  «Որոշ հապաղումից հետո այս ամսվա վերջում Փաշինյանը կայցելի Իրան»,- ասաց նա՝ հավելելով, որ կարևոր է նաև Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի հետ հարաբերությունների սերտացումը:

«Կարևոր է Լատինական Ամերիկայի երկրների հետ հարաբերություններին զարկ տալը, քանի որ դրանք այսօր շատ թույլ են, շատ քիչ թվով դեսպանատներ ունենք, մինչդեռ Ադրբեջանն ու Թուրքիան, ազատ դաշտ գտնելով, շատ ակտիվ աշխատանք են տանում մի տեղում, որտեղ բարեկամական վերաբերմունք ենք ունեցել մեր հանդեպ»,- խոսքն ամփոփեց դաշնակցական գործիչը: