Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարությունն այսօր հավանություն տվեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծին և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին:
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը տեղեկացրեց, որ կկրճատվի առաջին փոխվարչապետի հաստիքը` 3 փոխվարչապետերի փոխարեն կլինի 2 փոխվարչապետ, իսկ 17 նախարարությունից կմնա 12-ը:
Ստորև ներկայացնում ենք կառավարության հաստատված կառուցվածքը և կազմը` ամբողջությամբ.
1. Կառավարությունը կազմված է վարչապետից, երկու փոխվարչապետերից և նախարարներից:
2. Կառավարության կառուցվածքում ընդգրկվում են հետևյալ նախարարությունները`
ա) աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն,
բ) առողջապահության նախարարություն,
3) արդարադատության նախարարություն,
4) արտակարգ իրավիճակների նախարարություն,
5) արտաքին գործերի նախարարություն,
6) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն,
7) շրջակա միջավայրի նախարարություն,
8) պաշտպանության նախարարություն,
9) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն,
10) բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն,
11) էկոնոմիկայի նախարարություն,
12) ֆինանսների նախարարություն:
Արդարադատության նախարարը նշեց, որ Սփյուռքի նախարարությունը կմիավորվի վարչապետի աշխատակազմին, որում կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի ինստիտուտ: Միևնույն ժամանակ վարչապետի աշխատակազմում կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի հայեցողական պաշտոնը, նա կիրականացնի «վարչապետի՝ Սփյուռքի հետ կապված քաղաքականության ապահովման և Սփյուռքի հետ տարվող աշխատանքների միասնականության ապահովման լիազորությունների իրականացման աշխատանքների կազմակերպումը»:
«Ընդ որում` սա չի ենթադրում կառավարության առաջնահերթություններից Սփյուռքի հետ տարվող աշխատանքների կարգավիճակի իջեցում, ընդհակառակը՝ նախարարության փոխարեն առաջարկվում է ստեղծել եռաստիճան օպտիմալ համակարգ, որի առաջին մակարդակում իր դերակատարությունը կունենա հենց վարչապետը, երկրորդ մակարդակում` վարչապետի կողմից նշանակված Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը, իսկ ստորին մակարդակում կլինի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը: Առաջարկվում է սահմանել նաև, որ վարչապետի թույլտվությամբ կառավարության նիստն ամբողջությամբ կարող է ընթանալ դռնբաց, իսկ կառավարության և վարչապետի որոշումների հավելվածները ստորագրելու իրավազորությամբ կօժտվի վարչապետի աշխատակազմի ղեկավարը»,- մանրամասնեց Զեյնալյանը՝ հավելելով, որ կրճատվող աշխատատեղերը հիմնականում վերաբերում են քաղաքական և հայեցողական պաշտոններին, և որ նախարարությունների վերակազմավորման գործընթացի սկզբնական փուլում թվաքանակի այլ փոփոխություն չի նախատեսվում:
Իր հերթին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց՝ կառավարության կառուցվածքային փոփոխության հիմնական խնդիրը պետական կառավարման արդյունավետությունը բարձրացնելն է, այդ թվում՝ Սփյուռքի հետ հարաբերությունների:
«Այսօր արդեն լուրջ խոցեր և խնդիրներ ենք տեսնում երկու ուղղությամբ: Բայց սրան մենք գնալու ենք հավասարակշռված և հանդարտ ճանապարհով՝ կադրային ջարդ չենք ունենալու, նախարարություններն իրենց հաստիքով կոնսոլիդացվելու են, ինչը չի նշանակում, թե շարունակելու են այդպես մնալ: Այո, կրճատումներ լինելու են, բայց էվոլյուցիոն տրամաբանությամբ են լինելու, և յուրաքանչյուր պետական ծառայող, այս նախարարությունների յուրաքանչյուր աշխատակից իր շանսն է ստանալու: Եվ մարդկանց աշխատանքի գնահատումը պիտի լինի մաքսիմալ օբյեկտիվ՝ անկախ որևէ հարակից գործոնից»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ բարձր որակավորում ունեցող մասնագետի համար պետական կառավարման համակարգը գրավիչ չէ, և որ պարգևավճարային սկանդալները հենց սրանից են ծագում, խնդիրն այստեղ է:
«Ովքե՞ր են մեր պետական համակարգի աշխատողները, մենք ի՞նչ պահանջներ ենք դնում նրանց առջև, արդյո՞ք պետական ծառայությունը պիտի ենթադրի երկրորդ, երրորդ, չորրորդ կարգի աշխատանք, թե՞ առաջին կամ երկրորդ կարգի: Այս թեմաները պետք է մաքսիմալ բաց և թափանցիկ քննարկենք»,- ասաց Փաշինյանը: