կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-12 20:39
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈւԹ. Սփյուռքի նախարարությունը վերակազմավորելու փոխարեն նշանակեցին սփյուռքի գործերով անհասկանալի հանձնակատար. Արմեն Այվազյան

Մենք այստեղ՝ Հայաստանում ու Արցախում մարդկանց, մարդուժի կարիք ունենք. մենք այս պահին ունենք կիսապատերազմական վիճակ Հայաստանի արևելյան սահմանների երկայնքով. մեկնաբանելով հայկական «էքսպեդիցիոն զորախմբի» կազմավորման և Սիրիա մեկնելու պատրաստակամության մասին լուրերը՝ Yerkir.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը:

«Այդպիսի էքսպեդիցիոն զորախումբն այնտեղ մեծ կորուստներ է տալու և հաղթանակ էլ չի կարող արձանագրել: Գուցե թե մեզ օժանդակեին Ռուսաստանը, Իրանը և Սիրիայի կառավարությունը, բայց դա էլ նշանակություն չունի»,- ասաց նա:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ ոչ թե Հայաստանից պիտի երիտասարդներ մեկնեն Սիրիայում կռիվներին մասնակցելու, այլ՝ սիրիահայ երիտասարդները պիտի գան՝ հայենիքը պաշտպանելու: «Այնտեղի երիտասարդները պիտի ծառայեն Հայաստանի՛ բանակում, մենք պետք է պահենք ա՛յս Հայաստանը, որտեղ կա հայկական բանակ, որտեղ ունենք քաղաքական իշխանություն: Մենք այստեղ փորձում ենք ամրանալ, կենսունակ պետություն դառնալ, և Թուրքիան ու Ադրբեջանը չեն հաշտվում այդ մտքի հետ: Առաջին հերթին, մենք պիտի ամրանանք այստե՛ղ. սա ամբողջ հայության նպատակը պիտի դառնա»,- ասաց Այվազյանը:

Անդրադառնալով սիրիահայերից կազմված զորախմբին՝ Այվազյանն ասաց. «Այս տարվա ապրիլին է այնտեղ հիմնվել հայկական ջոկատ՝ քրդական այդ ընդհանուր հրամանատարության ներքո, ամերիկյան աջակցությամբ: Ջոկատն անվանվել է Նուբար Օզանյանի անվամբ: Իմ կարծիքով, այդ տղաները, եթե պատրաստ են իրենց կյանքը զոհաբերել, այդ զոհաբերումը պետք է ճիշտ ուղղությամբ կատարեն: Իսկ դա այսօր Հայաստանի Հանրապետությունն է: Այնտեղ՝ Սիրիայում, առավել ևս՝ Ղամիշլիում, հայությունն ապագա չունի: Նրանք դուրս են գալու այնտեղից: Մի խնդիր է մնում. ո՞ւր են գնալու՝  մերձավորարևելյան այլ քաղաքներ ու գյուղե՞ր, Ամերիկա՞, թե՞ Հայաստան: Մեր խնդիրն է նրանց բերել Հայաստան»:

Այն հարցին, թե արդյոք Հայաստանն իր երեսուն տոկոսանոց աղքատությամբ, կարող է այդքան մարդու արժանապատիվ կեցությունն ապահովել՝ Այվազյանն ասաց. «Այսօր Հայաստանում ապրում են տասնյակ հազարավոր ներգաղթյալներ, որ վերադարձել են և՛ Սիրիայից, և՛ Ռուսաստանից, և՛ ԱՄՆ-ից, Կանադայից, Ֆրանսիայից: Ներգաղթը փաստ է: Էլ չասած՝ հնդիկների, պարսիկների մասին, որ այստեղ իրենց փոքր բիզնեսներն են բացում: Մի՞թե հայությունը չունի այնպիսի հնարավորություն, որ օգնի իր մի հատվածին Հայաստան վերադառնալ, մեր պետությունը, սփյուռքյան մեծ կազմակերպությունները չե՞ն կարող օգնել նրանց, ովքեր ցանկանում են, կարող են վերադառնալ Հայաստան»:

Այվազյանի դիտարկմամբ՝ սոցիալ-տնտեսական խնդիրներն առավել դյուրին կլուծվեին, եթե այս ամենը կազմակերպվեր նախօրոք. շատ ծրագրեր կարող էին լինել, բայց կառավարություններն ուշացել են: «Կարող էին հայերը Սիրիայում վաճառել իրենց ծերանոցները, գույքը, հիմա արդեն չեն կարող: Ծրագրերի առումով ամեն բան բարդացել է հենց ուշացնելու պատճառով, քանի որ նախկին իշխանություններն այդ նպատակը չէին դրել իրենց առաջ: Նիկոլ Փաշինյանը, երբ գալիս էր իշխանության, հայտարարում էր, որ մեծ հայրենադարձություն պիտի իրականացվի: Մի քանի ամիս անց հայտարարեցին՝ ոչ, մենք պատրաստ չենք հայրանադարձության: Սփյուռքի նախարարությունը վերակազմավորելու փոխարեն, փակեցին, նշանակեցին սփյուռքի գործերով անհասկանալի հանձնակատար. թե ի՛նչ ծրագրեր է մշակել այդ հանձնակատարը, բացարձակ հասկանալի չէ: Այսինքն՝ նոր իշխանությունները ևս բացարձակ տաբու դրեցին հայրենադարձության խնդրի վրա»,- նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում.