կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-06 18:20
Առանց Կատեգորիա

Ինչու են դարձյալ «փորփրում» կառավարության կառուցվածքը

Ինչու են դարձյալ «փորփրում» կառավարության կառուցվածքը

Այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ կառավարությունում տեղի են ունենալու կառուցվածքային փոփոխություններ: Ըստ այդմ` միավորվելու են արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարարությունները, ինչպես նաև ստեղծվելու է նոր` տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն:

 

Վարչապետի այս հայտարարությունը հասկանալի է դարձնում, թե ինչու արդեն մոտ 20 օր է` նշանակում չէր կատարվում մասնավորապես տարածքային կառավարման նախարարի և փոխվարչապետի պաշտոններում:

 

Փաստորեն, դա դիտարկվում էր ընդհանուր կառուցվածքային փոփոխությունների համատեքստում, որի մասին խոսակցություններն իրականում սկսվել էին հոկտեմբերի կեսին փոխվարչապետի և տարածքային կառավարման նախարարի պաշտոններից Արմեն Գևորգյանի հրաժարականից անմիջապես հետո: Այդ ընթացքում խոսվում էր կառուցվածքային փոփոխությունների տարատեսակ սխեմաների մասին` ընդհուպ նաև որոշ գերատեսչությունների հնարավոր միավորման: Սակայն այն լուծումը, որի մասին հայտարարել է Հովիկ Աբրահամյանը, ոչ միայն անսպասելի էր, այլև, գոնե այս պահին, անհասկանալի:

 

Պարզ է, որ սա կառավարման համակարգի օպտիմալացման հետ որևէ կապ չունի, եթե չասենք` ուղղակի հակասում է այդ գաղափարախոսությանը, քանի որ փոփոխությունները հանգեցնելու են համակարգի կադրային ուռճացվածությանը, առնվազն թվաքանակի ավելացմանը:

 

Մյուս կողմից` գոնե առաջին հայացքից որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում վերոնշյալ երկու նախարարությունների միավորումը: Արտակարգ իրավիճակների համակարգը ժամանակին` 2005-2008թթ., եղել է տարածքային կառավարման նախարարության ենթակայության ներքո: Եթե, ի վերջո, պետք է այն կրկինց մտցվեր նույն նախարարության շրջանակ, ապա ո՞րն էր 2008թ. այն նախարարություն դարձնելու իմաստը: Արդեն կարելի է եզրակացնել, որ ժամանակին դա արվել էր ոչ թե այդ համակարգի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու համար, այլ միայն կոալիցիային մաս կազմող ՕԵԿ-ի համար լրացուցիչ պորտֆել ստեղծելու:

 

Իսկ որ որևէ քաղաքական շրջանակի կամ անձի պորտֆելներով, պաշտոններով «պարգևատրելու», փոխհատուցելու արատավոր պրակտիկայից ներկայիս իշխանությունը հեռու չէ, փաստ է: Դեռևս թարմ է օրինակը, երբ միմիայն Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի ամբիցիաները բավարարելու համար որոշվել էր ստեղծել քաղաքաշինական առանձին գործակալություն` իր առանձին աշխատակազմով, որի ձևավորման պրոցեսը 2014թ. սկզբներին արդեն ավարտվում էր, երբ կոալիցիայից ՕԵԿ-ի դուրս գալուց հետո որոշվեց Նարեկ Սարգսյանին նշանակել քաղաքաշինության նախարար և այդ գործակալությունը մի կերպ տարրալուծել նախարարության կազմի մեջ:

 

Սակայն 2008թ. հետո տեղի ունեցած պրոցեսները ցույց տվեցին, որ իրականում արտակարգ իրավիճակների համակարգին նախարարության կարգավիճակ տալն արդարացված էր, որովհետև դա հանգեցրեց բավականին ուժեղ, ազդեցիկ, իր ենթակառուցվածքներն ու ինստիտուտները դինամիկ, բազմաբևեռ զարգացնող, տեխնիկապես շարունակաբար հագեցող մի համակարգի ստեղծման, որն իր կառավարման մեխանիզմներով նույնիսկ շատ ավելի առաջ է, քանի տասնամյակների պատմություն ունեցող շատ գերատեսչություններ:

 

Տարածքային կառավարման նախարարությանը միացնելու արդյունքում այդ ձեռքբերումները մեկ օրում չեն չեզոքացվելու: Սակայն արդյո՞ք վարչապետը կամ նա, ով նման քաղաքական որոշում է կայացրել, կարող է երաշխավորել, որ կարգավիճակի այս նոր փոփոխությունը չի հանգեցնելու ոլորտի կառավարման անարդյունավետության: Ի վերջո, ո՞րն է խնդիրը` ստեղծել կայուն գործող ինստիտուտներ ու համակարգե՞ր, թե՞ անընդհատ փորձարարություններով խոչընդոտել նման ենթակառուցվածքային համակարգերի կայացմանը:

 

Պետք է ենթադրել, որ «վերադարձ ի շրջանս յուր» այս որոշումն ուղղված է առաջին հերթին տարածքային կառավարման նախարարության ուժեղացմանը, այն նոր, յուրօրինակ սուպերնախարարության վերածելուն: Նման լուծման դեպքում մեծ է հավանականությունը, որ փոխվարչապետի պաշտոնը կվերապահվի նրան, ով կզբաղեցնի այս նախարարության ղեկավարի պաշտոնը: Եթե սա Հովիկ Աբրահամյանի մտահղացումն է, ապա չի բացառվում, որ դրանով փորձում է հակակշռել կառավարությունում ֆինանսների նախարարի` իր վերահսկողությունից դուրս մեծացող ազդեցությունը, գուցե նաև կանխել փոխվարչապետի պաշտոնը նրան հանձնելու` հնարավոր կայացվելիք քաղաքական որոշումը: Բայց նույնքան հնարավոր է, որ սա ևս ուղղված լինի վարչապետի դեմ: Ժամանակը ցույց կտա, թե ո՞րն է գործադիրում նման փորձարարական վերադասավորումների իմաստը:

 

Առավել հետաքրքրական է նոր նախարարություն ստեղծելու գաղափարը: Այն ամբողջությամբ արտացոլում է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի ստորագրումից հետո առաջացած նոր իրողությունները: Գոնե անվանումից (տնտեսական ինտեգրման և բարեփոխումների) պետք է ենթադրել, որ այն զբաղվելու է ԵՏՄ-ին Հայաստանի ինտեգրման հարցերով, քանի որ տնտեսական ինտեգրման խնդիր Հայաստանն ունի արդեն բացառապես այս նոր ստեղծվող եվրասիական միության շրջանակում: Առանձին վերցրած` սա ոչ միայն թվում է բացատրելի, այլև ինչ-որ իմաստով օրինաչափ: Բայց ողջ հարցն այն է, որ նախարարությունը զբաղվելու է նաև կատարվելիք բարեփոխումներով և, ըստ ամենայնի, ստանձնելու է բոլոր ոլորտներում իրականացվող կամ պլանավորվող բարեփոխումները համակարգող կառույցի դերը:

 

Արդյունքում ստացվում է մի շատ հետաքրքրական պատկեր` մի կողմից` նախարարության խնդիրը լինելու է եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացի, մյուս կողմից, դրան զուգահեռ, բարեփոխումների համակարգումը, ինչը հստակ ցույց է տալիս հետագա «բարեփոխումները» եվրասիական ինտեգրման տրամաբանությամբ զարգացնելու նպատակադրումը: Եթե իսկապես դա է ընկած նոր նախարարության ստեղծման տրամաբանության հիմքում, ապա սա գործնականում նշանակելու է ոչ միայն իրական բարեփոխումների կուրսից, այլև ԵՄ-ի հետ բովանդակային հարաբերություններից, ռազմավարական հետագա ծրագրերից հրաժարում:

 

Գևորգ Աղաբաբյան