Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ն քննարկում է Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Մխիթար Հայարպետյանի ընտրության հարցը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ Մխիթար Հայրապետյանը Սփյուռքի նախարար եղած ժամանակ միշտ շեշտադրել է նախարարության կարևորությունը, իսկ հիմա, երբ խորհրդարանում է, նախարարությունը հնարավոր է փակվի, ապա Մխիթարյանից հետաքրքրվեց` ինչպե՞ս տալ այդ ուղերձը Սփյուռքին, որ վնաս չտա Հայաստան-Սփյուռք հարաբերություններին:
Հայրապետյանը պատասխանեց, որ Սփյուռքի նախարարության քաղաքականության գործառույթները պահպանվելու են, նախարարության լուծարման արդյունքում Սփյուռքի քաղաքականությունը հնարավոր է մշակի Սփյուռքի հարցերով կոմիտեն կամ հատուկ հանձնակատարի գրասենյակը:
«Մենք բավականին ազնիվ ենք եղել մեր ընտրողների առաջ: Մինչ ընտրությունները` Փաշինյանը խոսել էր օպտիմալացման մասին և հստակ նշել նախարարությունների կրճատման մասին: Սփյուռքի նախարարության կարևորության մասին բազմիցս խոսել ենք, սակայն հետևյալ շեշտադրմամբ` եթե այն պահպանում ենք, ապա պետք է տանք «սուպեր լծակներ»: Լուծարման դեպքում Սփյուռքի հետ քաղաքականության գործառույթները, որ ունեցել է նախարարությունը, պահպանվելու են: Լինելու է առանձին ինստիտուցիոնալ կառույց, որը լինելու է Սփյուռքի հետ քաղաքականության մշակողն ու իրականացնողը: Այս պահին քննարկվում է երկու մոդել` Սփյուռքի հարցերով կոմիտեի կամ կառավարության կազմում Սփյուռքի հարցերով հատուկ հանձնակատարի շատ մեծ գրասենյակ, որտեղ ներգրավված են լինելու նախարարության լավագույն աշխատակիցները»,- ասաց նա:
Ըստ Հայրապետյանի` նախարարությունը փակելու մասին խոսելով` կառավարությունը խոսում է նաև, թե դրա դիմաց ինչ է առաջարկում:
Էդմոն Մարուքյանը ի պատասխան նշեց, որ եթե նախարարությունը կրճատում են ու ստեղծում կոմիտե, դա նշանակում է, որ խորհրդարանական վերահսկողության տարածքից դուրս են բերում այն: «Դրան համահունչ գերատեսչություն մնում է, սակայն մենք չենք կարող հարցեր տալ ու քաղաքական իմաստով հաշվետվություն պահանջել ինչ-որ մեկից»,- ասաց նա:
Հայրապետյանը պատասխանեց, որ եթե լինի կոմիտե, ապա այն գործելու է արտաքին գործերի նախարարության ենթակայության տակ, հետևաբար` քառօրյայի ամեն չորեքշաբթի օրը` խորհրդարանում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ, հնարավորություն են ունենալու հարցերով դիմել ՀՀ արտաքին գործերի նախարարին: «Շատ կարևոր է, որ մենք ապահովենք գործառույթների ժառանգականությունը: Գործառույթները շարունակելու են իրականացվել, որևէ մտահոգություն չկա` դա կիրականացվի առանձին գերատեսչության, թե` այլ ինստիտուցիոնալ մարմնի տեսքով»,- նշեց նա: