Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր Եվրախորհրդարանում տեղի ունեցավ «Արմենոֆոբիա. պատմական և ժամանակակից վերածնունդ» թեմայով գիտաժողովը, որի ընթացքում տարբեր դիտանկյուններից քննարկվեց տվյալ երևույթը: Գիտաժողովը կազմակերպվել է Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի և «Թուֆենկյան» հիմնադրամի ջանքերով, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսի աջակցությամբ:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից տեղեկացնում են` Արցախի Հանրապետության խորհրդարանի ղեկավարը ողջույնի խոսքով դիմել է համաժողովի մասնակիցներին՝ հատուկ ընդգծելով նման կարևոր միջոցառման կազմակերպումը Եվրոպական խորհրդարանի շենքում՝ որպես մի կառույց, որը ոչ միայն եվրոպական ընտանիքում ապրող ժողովուրդների, այլև ամբողջ աշխարհի համար ժողովրդավարության օրինականության և համերաշխության առաջամարտիկներից է:
Իր խոսքում Աշոտ Ղուլյանն անդրադարձել է այլատյացության՝ որպես ժամանակակից աշխարհում մարդկությանը սպառնացող ամենամեծ մարտահրավերներից մեկի դեմ համատեղ պայքարելու անհրաժեշտությանը և շեշտել, որ այս ուղղությամբ հաջողության կարելի է հասնել, եթե բոլորի կողմից ընկալելի լինի այն գիտակցումը, որ այլատյացությամբ թունավորված հանրությունը երբեք և ոչ մի պարագայում չի կարող հասարակական և համամարդկային արժեք ստեղծել:
Այնուհետև, խոսելով Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող հայատյացության քաղաքականության մասին՝ ԱԺ նախագահը նշել է, որ այդ երևույթը հարևան երկրում նոր չէ, ավելին՝ տարիների ընթացքում այն դարձել է ադրբեջանական ինքնության անբաժանելի մասը, իսկ չկարգավորված հակամարտության պայմաններում, Ադրբեջանի իշխանությունների կողմից օգտագործվում է որպես սեփական ժողովրդին մոլորեցնելու և Արցախի մասին թյուր տեղեկություններ տարածելու գործիք: Խորհրդարանի ղեկավարը խորհուրդ է տվել արտասահմանյան գործընկերներին այցելել Արցախ և տեղում ծանոթանալ իրավիճակին:
Ամփոփելով խոսքը՝ Աշոտ Ղուլյանը համոզմունք է հայտնել, որ նման ձևաչափով կազմակերպված ցանկացած միջոցառում օգնում է բացահայտելու համամարդկային զարգացմանը խոչընդոտող երևույթների էությունը և համատեղ ջանքերով փնտրելու ու գտնելու ելքեր՝ բարդ իրավիճակներից:
Տեղեկացնենք, գիտաժողովին Արցախից մասնակցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը, ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, փորձագիտական և այլ ոլորտների մի շարք ներկայացուցիչներ: