Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանական իշխանությունների համար հայատյացությունը ներքին ու արտաքին քաղաքական գործիք է, սնուցման աղբյուր: Դա սեփական ժողովրդին հայատյացության կամ արմենաֆոբիայի մեջ պահելու նպատակային քաղաքականություն է՝ շեղելու համար սեփական խնդիրներից: Այս մասին ասվում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի հայտարարության մեջ:
«Ադրբեջանական իշխանությունների համար հայատյացությունը ներքին ու արտաքին քաղաքական գործիք է, սնուցման աղբյուր: Դա սեփական ժողովրդին հայատյացության կամ արմենաֆոբիայի մեջ պահելու նպատակային քաղաքականություն է՝ շեղելու համար սեփական խնդիրներից:
Սա երկու ժողովուրդների միջև թշնամանքը մշտապես ակտիվ պահելու խորքային վտանգներով լի քաղաքականություն է, որ բացարձակ է հակադրվում խաղաղությանը, մարդու իրավունքների ու ժողովրդավարության հիմքերին:
Աշխարհում միևնույն երկրներում ապրում են հայեր ու ադրբեջանցիներ. ակնհայտ է, որ այս քաղաքականությունը նրանց նույնպես մշտապես պահելու է թշնամացած վիճակում:
Վիճակը այնպիսի ծայրահեղ է, որ ադրբեջանցու կողմից հային սպանելը կամ խոշտանգելը ոչ միայն նորմալ երևույթ է, այլ պատժի փոխարեն Ադրբեջանի ղեկավարները սպանողին շնորհում են բարձր պարգեևներ, արժանացնում գովեստի (օրինակ՝ Գուրգեն Մարգարյանի կամ «Մակուչյանը և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործով 26.05.2020թ. ՄԻԵԴ վճիռ):
Պարզ է նաև, որ այն ամենն, ինչի մեջ հայ ժողովրդին մեղադրում է Ադրբեջանի նախագահը, իրականում հայելային էֆեկտով իր պետական քաղաքականության անբաժան մասն է՝
1) հայտարարում է, թե Հայաստանում ադրբեջանցիների նկատմամբ ատելությունը հաստատված է՝ որպես պաշտոնական գաղափարախոսություն (27.09.2021թ. ուղերձ), բայց իրականում ադրբեջանական քաղաքականությունն է լցված խորը արմենոֆոբիայով, և ատելությունն անընդհատ բորբոքվում է: Ադրբեջանի նախագահն ինքն է պատերազմից հետո հայտարարել, որ իր երկրում դաստիարակվել է թշնամու [հայերի] նկատմամբ ատելությամբ լցված սերունդ: Հենց սա էլ սադրում է հակադրություն երկու ժողովուրդների միջև:
2) անընդհատ խոսում է «հայկական ֆաշիզմի» մասին, բայց Ադրբեջանի նախագահի խոսքերն են մշտապես ողողված ֆաշիստական գաղափարներով (օրինակ՝ հայերը բորենի են, շներ են, չունեն ուղեղ, չունեն բարոյականություն, Հայաստանն արհեստական ու արժեքներ չունեցող երկիր է և այլն): Դա այն աստիճան խորն է, որ ադրբեջանական զինված ուժերը պատերազմից հետո ցուցադրաբար են ոչնչացրել Արցախում հայ մարշալների ու գեներալների արձանները, ովքեր Հայրենական Մեծ Պատերազմում հերոսաբար պայքարել են ֆաշիզմի ու նացիզմի դեմ.
3) խոսում է Հայաստանում ու Արցախում իսլամաֆոբիայի մասին ու իսլամական աշխարհին հայ ժողովրդից վրեժխնդիր լինելու կոչեր անում՝ կեղծելով փաստեր (27.09.2020թ. ուղերձ), բայց իրականում ինքն է կրոնական բաղադրիչի օգտագործմամբ վարում թշնամանքի քաղաքականություն. ոչնչացված ու պղծված հայկական եկեղեցիները, խաչքարերը հենց դրա արդյունքն են:
Այսինքն՝ հոգեբանական երույթ է, երբ մարդը հայելային էֆեկտով դիմացինին մեղադրում է այն ամենի մեջ, ինչի կրողն իրականում ինքն է:
Ուստի, խորհուրդ եմ տալիս հետևել ոչ թե մարդկանց խոսքերին, այլ նրանց գործերին:
Բազմաթիվ են օբյեկտիվ ապացույցները, որոնք հաստատում են, որ հայկական կողմի զինծառայողների ու քաղաքացիական բնակիչների խոշտանգումների, գլխատումների, բնակավայրերն ավերելու, սահմանային բնակիչների իրավունքները խախտելու, եկեղեցիներն ավերելու ու պղծելու և այլ ոտնահարումների խորքային պատճառների հիմքում ադրբեջանական թշնամանքի պետական քաղաքականությունն է հայ ժողովրդի նկատմամբ:
Ուստի, աշխարհին պետք է ցույց տալ ողջ ճշմարտությունը. ՀՀ որևէ իշխանություն կամ Կառավարություն Ադրբեջանի ժողովրդի դեմ երբևէ ատելության կամ թշնամանքի հովանավորչության քաղաքականություն չի տարել: Պետք է ցույց տալ, որ այլ կրոնների, այդ թվում՝ իսլամի նկատմամբ մշտապես տարվել է հանդուրժողականության ու հարգանքի քաղաքականություն՝ դպրոցական ծրագրերից սկսած:
Եվ այս ամենը չպետք է սահմանափակվի 1-2 հայտարարությամբ, այլ անհրաժեշտ է ՀՀ պետական քաղաքականություն, լայնածաված միջոցառումներ:
Սա սկզբունքային այնպիսի հարց է, որ չկանխելու դեպքում բերելու է նոր արհավիրքների, մարդու իրավունքների նոր աղետների, պատերազմական ու մարդկության դեմ ուղղված նոր հանցանքների»: