Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Քանդակագործ Արմեն Վարդանյանի ստեղծագործությունների ցուցահանդեսն է: Բացվել է երևանյան մի փոքրածավալ ցուցասրահում՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հանդիսավայրում, որտեղ չարենցյան ոգու անտես ներկայությամբ հաճախ են մշակութային բնույթի միջոցառումներ անցկացվում՝ գրքերի շնորհանդեսներ, գեղարվեստական ցուցադրություններ: Վաղուց պատկերացում ունենալով Արմեն Վարդանյանի ստեղծագործության մասին (արարում է մեծածավալ գործերից մինչև հաստոցային քանդակներ), մի պահ տարակուսում եմ՝ հնարավո՞ր է ամբողջականորեն ներկայացնել արվեստագետին բավական փոքրածավալ վայրում: Արմենի մասին գրել եմ 1989 թվականին, երբ տակավին երիտասարդ քանդակագործն արդեն հայտնի էր հայ արվեստասեր հանրության շրջանում, իր քանդակը Իտալիայում կայացած միջազգային ցուցադրությանը շահել էր բարձրագույն մրցանակ, և ի՛նքն էր նախագահում Հայաստանի նկարիչների միության երիտասարդական մասնաճյուղի աշխատանքները: Պետք էր ապրել նախորդ դարի 90-ականների մշակութային կյանքով՝ պատկերացնելու համար այն որոնումը, աշխուժությունը, նորարար միտքը, հայտնությունների առատությունը, համարձակությունն ու պատնեշներ հաղթահարելու կորովը, որով ապրում էին մշակույթի համարյա բոլոր ոլորտների բազում գործիչներ, և նրանց մեջ՝ հատկապե՛ս երիտասարդները: Նոր ձևերի փնտրտուք, բովանդակային թարմություն, ցուցասրահների ներսում և ցուցասրահներից դուրս՝ մշակութային-հեղափոխական քայլեր, որ մարմնավորվում էին հետաքրքիր լուծումներ ունեցող գեղարվեստական երկերով, երաժշտական և գեղանկարչական կտավներով, կատարումներով, նաև՝ քանդակով... Նոր սերնդի կողմից ձևավորվում էին մշակութային խմբավորումներ, որոնք հաճախակի ցուցադրություններով, կոնցեպտուալ մոտեցումներով, չնայած հասարակական կյանքի վայրիվերումներին և նյութական համարյա անհնարինությանը, ուժ ու կարողություն էին գտնում ձեռնոց նետելու ժամանակներին, թարմ շնչառությամբ լցնելու մշակութային միջավայրը... Երիտասարդ և հուսառատ այդ միջավայրից եմ քաղել իմ բազում ակնարկների նյութը՝ չկռահելով այն ժամանակ, որ թղթին եմ հանձնում մի ողջ սերնդի պատմություն, հույզ, փնտրում, վերջապես՝ հայացք՝ առ ապագա... Այդ սերունդը գնում էր թե՛ մերժումների, թե՛ հաստատման ճանապարհով: Բայց երբե՛ք՝ ավերման: Թերևս մի այդպիսի միավորման գլուխ էր կանգնած Արմեն վարդանյանը սրանից երեսուն տարի առաջ: Հիշում եմ՝ մեր զրույցն իր ղեկավարած կառույցի խնդիրների ու իր ստեղծագործության մասին ավարտեցինք՝ հույս հայտնելով, որ շատ շուտով կիրականանա իր՝ այն շրջանի իղձը՝ հուշարձանի կվերածի աֆղանական պատերազմի հայ հերոսներին ձոնված քանդակի մանրակերտը: Քարն ընտրված էր, համապատասխան որոշումը՝ կայացված, բայց.... այս երեսուն տարիներին, ոնց պարզում եմ Արմենի հետ զրույցից, գաղափարն այդպես էլ իրականություն չի դարձել պատկան մարմինների մեղքով:
Արմեն Վարդանյանը հեղինակն է «Սումգայիթ» հարթաքանդակի, որ դեռ 1988-ին բարձր մրցանակի է արժանացել: Հեղինակել է նաև Դանթեին նվիրված մրցույթին ոսկե մեդալի արժանացած «Քավարանի դուռը» և «Դրախտի դուռը» հարթաքանդակները: Նա է կերտել «Դոն Կիխոտն ու Սանչո Պանսան», «Գողգոթան», «Ադամն ու Եվան», «Միմինո» ֆիլմի հերոսների կերպարները, «Շորն ու Շորշորը»... Վարդանյան արվեստագետի անհատականությունը մեծապես դրսևորվել է դեկորատիվ – մոնումենտալ քանդակի և հատկապես մանրաքանդակի ժանրերում: Հավելենք նաև ռազմական և պետական ականավոր գործիչների՝ Նժդեհի և Արամ Մանուկյանի կերպարների՝ նրա մեկնաբանությունները, որոնք ստեղծվել են հուշարձան դառնալու համար:
Չարենցի տուն-թանգարանում ցուցադրվում են քանդակագործի՝ հազիվ երկու տասնյակի հասնող՝ փոքրածավալ հաստոցային քանդակներ, մի քանի գրաֆիկական թերթեր: Այն, ինչ ցուցադրված է, ընդամենը «նախաբանն» է՝ իր արվեստի: Նկատում եմ՝ սա երախայրիքն է իր մեծ ցուցահանդեսի: Շատ գործեր գտնվում են աշխարհի տարբեր վայրերում, անհատների մասնավոր հավաքածուներում, մի ինչ-որ մաս էլ պահեստավորված է: Մեծ ցուցադրության համար դարձյալ նոր գործեր պիտի ստեղծի՝ ասում է նա: Այստեղ ցուցադրված քանդակները խումբ-խումբ միավորված են որոշակի թեմաներով: Թե Հայոց դիցաբանության հյուրընկալության, «նոր պտուղների ամենաբեր», գինու աստվածությունը՝ Վանատուրն է մարմնավորված, իր քով գինովցածի խարհրդանշական պատկերն է տեղադրել: Քիչ այն կողմ Շորն ու Շորշորի հայտնի կերպարներն են, Ադամ և Եվայի մանրակերտը, երջանիկ պապիկի՝ իր պատկերացումը և այլն: Նուրբ-պլաստիկ են գեյշայի և արևելյան կնոջ կերպարների մարմնացումները, և դրանք, ի զարմանս ինձ, ոչ թե հակադրվում, այլ լրացնում են, ասես, մեկմեկու՝ լինելով առանձին-առանձին ամբողջական և խոսուն, պլաստիկ: Արմեն Վարդանյանը քամիներ է քանդակել, և որոշ գործեր հենց այդ անվանումն ունեն՝ «Քամուն ընդառաջ», «Դիվահար քամի»...
Բայց հիմա առանձնակի ուզում եմ ներկայացնել Արմեն Վարդանյանի գրաֆիկական աշխատանքները: Աբստրահարված որոշ պատկերները պայմանականորեն վերնագրված են «Տեսիլքներ», իսկ ահա «Մութ ու տխուր ժամանակներ», «Ցուրտ ձմեռ» գրաֆիկական շարքը, որ ստեղծվել է 1990-ականների սկզբներին, անհատի տանջալից ու դառը ապրումների մասին է, հավանաբար՝ նաև դիմակայության ուժի... Հիշողությունը չե՛ս ջնջի... Դա մի ողջ ազգի ապրած ծանրագույն շրջանի պատմության արտացոլումն է խորհրդապաշտորեն, գրաֆիկական թերթերի վրա... Ծանր, շատ ծանր զգացողություն եմ ապրում՝ դիտելով դրանք: Որքա՜ն ուժ ունի արվեստի լեզուն, որ մեկեն ինձ վերադարձնում է դեպի վաղեմի ապրումը, դեպի մեր կյանքի ծանրագույն շրջանը, որից մեր մեջ մնացել են անպատասխան հարցեր... Այս գրաֆիկական թերթերն անխոս պատասխաններն են նրանց, որոնք ուզում են ջնջել այդ հարցումը մեր հիշողությունից, որոնք զբաղված են զուր հռետորաբանությամբ. ցրտին ու մթանը դիմակայող ժողովուրդն առաջին գծում կռվողների թիկու՛նքն էր, և ամու՛ր թիկունքը:
Փոքրածավալ այս ցուցահանդեսը բազմաբովանդակ է, ու նրանում դրված ամեն «փակագիծ» դեռ կբացվի առավել մեծ ցուցադրությամբ, ամեն նախաբան նորաստեղծ գործերով կունենա իր շարունակությունը:
Հասմիկ Սարգսյան