կարևոր
62566 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-26 14:33
Մշակույթ

«Այլևս երբեք». ցուցահանդես՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը

«Այլևս երբեք». ցուցահանդես՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը

Երևանում՝ Փյունիկ զարգացման կենտրոնում հունիսի 18-28-ը տեղի է ունենում գյումրեցի նկարիչ Վաչագան Պողոսյանի «Այլևս երբեք» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսը։

Արդեն մի քանի օր ընթացող ցուցահանդեսը հյուրընկալել է բազմաթիվ այցելուների` սկսած արվեստագետներից, մշակույթի գործիչներից, շարքային քաղաքացիներ, այլազգի ներկայացուցիչներ, որոնք տպավորված էին ինքնատիպ արվեստով։

Yerkir.am-ը զրուցել է նկարիչ Վաչագան Պողոսյանի հետ. 

«Այո՛, բոլոր կարծիքները` դրական, խրատական, բարեկամական, ինձ համար մեծ նշանակություն ունեն, քանի որ մարդ-անհատականությունը, առավել ևս արվեստագետը հղկվում է, զուլալվում և հայտնագործում գույների այն անտեսանելի նոր աշխարհը, որով ապրում է և ապրեցնում սերունդներին։ 

Օգտվելով առիթից իմ երախտիքի խոսքն եմ ուղղում հայ ժողովրդի մեծ բարերար պարոն Գաբրիել Չեմբերջյանին և գործերի պատասխանատու Սոֆյային Փյունիկ Զարգացման Կենտրոնում ցուցահանդեսը կազմակերպելու համար։ 

Վառ գույներիս միջոցով ուզեցի անտարբեր մարդու ուշադրությունը սևեռել Ցեղասպանություն չարիքի վրա և սթափության կոչ հղել։ Այս աշխատանքները երկար տարիների ծննդյան վկայական ունեն։ Ամեն գույնը կտավին դնելուց աչքերիս առաջ վերապրածի կյանքով ապրեցի։ Անհատական ցուցահանդեսներ եմ ունեցել մի շարք դպրոցներում։ Ուզում եմ հայ աշակերտի մեջ ամրացնել Հայրենիքի հանդեպ սերն ու հայրենաճանաչումը։ Ցուցահանդեսներս միշտ սկսվում են հայ մեծերի գաղափարաբանական մտքերով ու զարգացում ապրում մինչեւ՝ վրեժը»։